Ինչո՞ւ Փաշինյանը վերադարձավ ակադեմիական քաղաք հիմնելու ծրագրին

Ինչո՞ւ Փաշինյանը վերադարձավ ակադեմիական քաղաք հիմնելու ծրագրին

Օրեր առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բուհական համակարգի զարգացմանն ու ակադեմիական միջավայրի ձեւավորմանը վերաբերող հարցեր: Ինչպես տեղեկանում ենք հաղորդագրությունից, խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրների լուծմանը, բուհերի արդիականացմանը, ակադեմիական քաղաքի հիմնման հնարավորություններին, ինչպես նաեւ բուհական համակարգի զարգացմանը վերաբերող մի շարք այլ հարցերի։ «Վարչապետ Փաշինյանը նշել է, որ պետք է ունենալ բուհական համակարգի զարգացման հստակ տեսլական: Հանձնարարվել է մշակել հայեցակարգ ու միջոցառումների իրականացման ճանապարհային քարտեզ, որում ներառված կլինի նաեւ ակադեմիական քաղաք հիմնելու ծրագիրը»,- գրված է հաղորդագրության մեջ:

Դեռ անցած տարվա գարնանը Արագած համայնքում տեղացիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել էր բուհերում առկա խնդիրների մասին ու առաջարկել նաեւ իր լուծումները։ «Մենք ունենք էսպիսի գաղափար, որ Երեւանի բուհերի մեծամասնության շենքերը հանենք վաճառքի, ձեւավորված գումարներից Երեւանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացված կլինի մեր գիտական, դասախոսական պոտենցիալը, եւ, այ, էս երեխեքը բարեփոխված դպրոցներից հնարավորություն ունենան գնալ էդ բարեփոխված բուհական համակարգ։ Այսօր մեր բուհերում շենքային պայմաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին»,- ասել էր նա: Դրանից հետո, իհարկե, բուհական եւ ակադեմիական համայնքն ընդդիմացավ վարչապետի այս գաղափարին, իսկ ԿԳՄՍ նախարարն էլ հերքեց, թե կա որոշում՝ ինչ-որ շենք վաճառելու։ Արդյունքում ակադեմիական քաղաք հիմնելու թեման փակվեց։  

Թե ինչու են մեկ տարի անց նորից վերադառնում ակադեմիական քաղաք հիմնելու ծրագրին, որն է դրա նպատակը, ԿԱԻ-ի նախկին տնօրեն, կրթության փորձագետ Վիկտոր Մարտիրոսյանը նկատում է․ «Իրենք այսօր Համաշխարհային բանկի տրամադրած վարկով են կարողանում ընդամենը 1-2 բուհում լաբորատորիաներ ստեղծել ու որ ասում են՝ ակադեմիական քաղաք, ընդհանրապես հասկանո՞ւմ են դրա ծավալները, հասկանո՞ւմ են, որ այդ ակադեմիական քաղաքը միայն նոր ուսումնական շենքը չի լինելու, այդ շենքը լցնելու, այդ շենքի կողքը գիտահետազոտական ինստիտուտներ կառուցելու, միջազգային կառույցների հետ համագործակցության խնդիրը կա։ Իրենք ընդհանրապես դա պատկերացնո՞ւմ են որպես ծրագիր, թե՞ ոչ»։

Փորձագետը նկատում է՝ եթե ակադեմիական քաղաք ասելով պատկերացնում են մի ցանկապատի մեջ մի քանի ուսումնական հաստատություն ունենալը, դա թյուր կարծիք է եւ մեծ սխալմունք, քանի որ ակադեմիական քաղաքը լրիվ ուրիշ կառուցվածք ունի։ Հիշում է՝ աշխատանքի բերումով եղել է ամերիկյան 13-14 նահանգում, ամեն նահանգում՝ 3-4 համալսարանում եւ ամեն տեղ զարմացել է այդ մասշտաբներից․ «Առաջին անգամ, երբ Մասաչուսեթսի համալսարանում էի, այդ ժամանակ համալսարանն իր սպուտնիկն էր իջեցրել Մարսի վրա, եւ ուղիղ կադրեր էին փոխանցվում համալսարանի մասնաշենքերից մեկում տեղադրված մեծ էկրանի վրա։ Եթե մերոնք ակադեմիական քաղաքի մեջ գոնե այս կարգի բան են տեսնում, պետք է նկատի ունենան, որ սա արդեն անցյալ է։ Եթե այս կարգի բաներ չունեն իրենց աչքի առաջ, այլ բավարարվում են միայն նրանով, որ պատերը պետք է մաքուր լինեն, ընդհանուր միջանցքներով միացած բուհեր լինեն, ուսանողների փոխանակման ծրագիր․․․ դրանք անցյալ դարի իրողություններ են, որոնք արդեն արժեք չունեն։ Թող այդ համալսարաններից մեկի ծավալը կարողանան ապահովել, գոնե՝ միջին համալսարանի, խոշորի մասին չեմ ասում, նոր սկսեն խոսել այդ բարդ բաների մասին։ Ինչքա՞ն կարելի է խոսել ինչ-որ ծրագրերից, հետո չանել։ Հետո՝ ո՞վ է դա անելու, այսօրվա նախարարն ու նախարարությո՞ւնը, մտավորականության այդ ո՞ր շերտն է այդ գաղափարի կրողը․․․»։

Թե ինչ մեխանիզմով ու միջոցներով է կառուցվելու ակադեմիական քաղաքը, դրա պատասխանը մեկ տարի առաջ տվել էր Փաշինյանը․ «Երեւանի բուհերի մեծամասնության շենքերը հանենք վաճառքի, ձեւավորված գումարներից Երեւանից դուրս կառուցենք ակադեմիական քաղաք»։ Այս մասով Վ․ Մարտիրոսյանը նկատում է․ «Եթե ինքն այսօր որոշի՝ բոլոր բուհերի շենքերը վաճառել, այսօրվա կարիքներին համապատասխան մի համալսարան չի կարող ստեղծել։ Դա ուղղակի գաղափար է, որի մասին կարելի է երկար խոսել, ոչինչ չանել ու անընդհատ թարմացնել այդ գաղափարը։ Ես ամենեւին նախորդ իշխանությունների երկրպագուն չեմ այս հարցերում, բայց իրենք գոնե մի բան ճիշտ արեցին՝ չթողեցին մոտենալ ակադեմիական ինստիտուտներին՝ սեփականաշնորհման առումով, որովհետեւ հասկանում էին, որ եթե դա կորցնեն, այլեւս պետությունն ի վիճակի չի լինի քանի տասնամյակներ նման հնարավորություններ ստեղծել»։
Հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում այս գաղափարը նորից շրջանառության մեջ դնելը, Մարտիրոսյանն ասում է՝ իր ձեւակերպումը մի քիչ կոպիտ է հնչում․ «Սա ընդամենը այդ գետնաքարշ «պետականաշինության» մեջ մի գունավոր շտրիխ դնելու ցանկություն է։ Հիշեք նրանց ներկայացրած «Հայաստանի վերափոխման՝ մինչեւ 2050թ. ռազմավարությունը», քանի՞ սանտիմետրով, քանի՞ քայլով ենք դրան մոտեցել, այս երկրում բացի ասֆալտ փռելուց ի՞նչ է կատարվում։ Նորից եմ ասում՝ սա իր համար զուտ իմիջային խնդիր է»։

Ի դեպ, ակադեմիական քաղաք հիմնելու ծրագրի մասին խոսք չկա նաեւ «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրում», որը եւս մեկ անգամ փաստում է, որ իրատեսական չէ մոտ ապագայում ակադեմիական քաղաք ունենալու գաղափարը։ «Ռազմավարության մեջ չկա, ֆինանսական պլանավորման մեջ չկա, բայց մեկ էլ տեսնում ես՝ հայտարարություն է արվում․․․ դե, ասում ենք, էլի, կլինի՝ կլինի, չի լինի՝ չի լինի, այսօր ո՞վ է հիշում ու հարցնում՝ բա ո՞ւր են քո 2050թ․ ծրագրերին միտված գործողությունները։ Սա քարոզչություն է, հերթական քաղցր սուտը ժողովրդի ականջը լցնելու, իրենք, ամենայն հավանականությամբ, մտահոգ են ուսանողության հարցում, որ քաղաքական առումով կարող են ակտիվանալ, կամ էլ իրենց կրթության կառավարիչներին նյութ են տալիս՝ մի որոշ ժամանակաշրջան դատարկ տարածությունները լցնելու համար»,-ասում է Մարտիրոսյանն ու նկատում, որ մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրում չլինելու հանգամանքը հենց վկայում է այն մասին, որ սկսվել է հերթական պոպուլիստական փուլը․ «Ծամոն է, էլի, տանք հասարակությանը, թող ծամի, տեսնենք՝ ինչ դուրս կգա։ Ո՞ր մի ծրագիրն ասես, հիշո՞ւմ եք կաթիլային ոռուգումը, ջրամբարների կառուցումը, ավտոմեքենաների արտադրությունը, գործարանների բացումը։ Մենք նախորդ կառավարությանը մեղադրում էինք «արմենիկումի» հետ կապված, որը՝ լավ էր, թե վատ, այնուամենայնիվ, շատերն օգտագործում էին, մասսայական արտադրություն եղավ, մինչդեռ այն ժամանակ մենք այդ ծրագիրը համարում էինք բլեֆ։ Հիմա սրանց ծրագրերի համեմատ դա բլեֆ չէր, այլ՝ իրական ծրագիր»։

Փորձագետը հռետորական հարց է հնչեցնում․ «Հայաստանի Հանրապետությունում կա՞ մի հոգի՝ այդ հարցով զբաղվող, լինի նախարարությունում, թե բուհերում, ով ճշգրիտ պատկերացում ունի ակադեմիական քաղաք կոչվածի մասին»։   

Վիկտոր Մարտիրոսյանն ասում է, որ ակադեմիական քաղաքի պարագայում մի կարեւոր գործոն էլ կա, որը հաշվի չեն առնում՝ ակադեմիական հիշողությունը․ «Այդ մարդիկ ամենեւին չեն ուզում, որպեսզի այն ամենը, ինչ կապվել է ու կապվում է նախորդ կրթական համակարգի հետ, այդ ամբողջը մնա։ Հիշում եք՝ մի ժամանակ ասում էին՝ համալսարանի սեւ շենքն ուզում են վաճառել, հետո կարողացան դեմն առնել, որովհետեւ դա մեր առաջին համալսարանն է եղել։ Ինձ համար մինչեւ հիմա էլ ընդունելի չէ, որ Աբովյան-Թումանյան հատվածի շենքը քանդեցին ու տեղը կառուցեցին նոր եկեղեցի, որովհետեւ այդ շենքում բացվել էր Հայաստանի առաջին ակադեմիան։ Բաներ կան, որ իրենց մեջ հիշողություն ունեն, եւ այդ հիշողությունը դառնում է պատմություն։ Կարծես սահմանագծում են անում ու ուզում են տեղը դնել նոր բան, որը, նախ, չկա եւ եթե լինի, շատ ավելի լավը չի լինի ներկայիս ֆինանսատնտեսական իրողությունների եւ գիտամտավորականների պարագայում, ու դրա մեջ կա նաեւ հենց այդ հիշողության կորստի վտանգը։ Այն ամենի մեջ, որ կարելի է ավանդույթ, արժեք, մշակութային գիտական պատմություն դնել ու կառուցել, դա ուզում են կտրել»։