Հիմք չի ընդունվում, որ անպայման պետք է էժանագին դեղ օգտագործվի․ «Նաիրի» ԲԿ գլխավոր տնօրեն

Հիմք չի ընդունվում, որ անպայման պետք է էժանագին դեղ օգտագործվի․ «Նաիրի» ԲԿ գլխավոր տնօրեն

Հայաստանում կորոնավիրուսից բուժվելու ընթացքը այս ամիսներին հաճախ հիշեցնում է «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» հայտնի ժողովրդական խոսքը։ Իհարկե, առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ իրենց համար չկան տերովներ ու անտերներ, և որ իրենք բոլորին հավասար վերաբերմունքի են արժանացնում ու հավասարապես նույն արդյունավետ բուժումն են նշանակում, բայց ամեն ինչ չէ, որ այդպես է։ Վերջերս զրուցում էինք կորոնավիրուսով վարակված և այն բարեհաջող հաղթահարած մեկի հետ, ով ասաց, որ միայն դեղերի վրա ինքը շուրջ 900 հազար դրամ գումար է ծախսել։ Դեղերը նշանակել է իր մտերիմ բժիշկը և նշանակել է այնպիսի դեղեր, որոնք թանկ արժեն, ավելի արդյունավետ են և, ինչպես հասկացանք, պետպատվերի շրջանակներում չեն տրամադրվում։ Օրինակ՝ «Մերոպենեմ» տեսակի հակաբորբոքային է նշանակած եղել, որի մեկ սրվակը մեր զրուցակիցը գնել է 9800 դրամով, օգտագործել 10 օր, օրական՝ երեք անգամ։ Այսինքն՝ օրը մոտ 30 հազար դրամ տվել է միայն հակաբորբոքայինի համար, տասը օրում՝ 300 հազար դրամ։ Գումարած՝ մյուս դեղերը։ Ու տարակուսանք էր հայտնում կորոնավիրուսը նման թանկ գներով հաղթահարած քաղաքացին՝ եթե ինքը հնարավորություն չունենար այդ դեղերը գնելու և համաձայներ պետպատվերով պառկել հիվանդանոցում, արդյոք կկարողանա՞ր ողջ դուրս գալ հիվանդանոցից, թե՞ իր բախտն էլ չէր բերի՝ մեր շատ այլ հայրենակիցների նման։  Առողջապահության նախարարության մեր զրուցակիցն այս թեմայով մեզ վստահեցրեց, որ նախարարությունը դեղի խնդիր չունի, և եթե հիվանդին պետք է թանկարժեք և ուժեղ դեղորայք, ապա իրենք անպայման դա տրամադրում են։ Իսկ թե ինչու են, այդ դեպքում, ամեն օր մահվան տասնյակ դեպքեր գրանցվում, այն էլ՝ այն դեպքում, երբ մահացողը կարող է լինել երիտասարդ և առանց ուղեկցող հիվանդությունների, մտորելու տեղիք է տալիս։

Այս թեմայով մենք զրուցեցինք «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Նարինե Մամիկոնյանի հետ, ում ղեկավարած հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդների բուժում պետպատվերով չի իրականացվում։ Հիվանդներն իրենց հաշվին են բուժում ստանում, ընդ որում՝ տանը, ոչ ստացիոնար եղանակով, և նաև լսել էինք, որ մի փոքր այլ՝ տարբերվող մեթոդիկայով են իրականացնում բուժումը։

 -Տիկին Մամիկոնյան, Ձեր ղեկավարած հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդների բուժումն ի՞նչ մեթոդիկայով է իրականացվում։

-Կներեք, դա շատ մասնագիտական հարց է, և մեթոդիկան ունիվերսալ չէ, գոյություն ունի ասացվածք՝ մենք բուժում ենք ոչ թե հիվանդությունը, այլ` հիվանդին։ Ինքն ունի տարբեր ստադիաներ, տարբեր կլինիկական արտահայտումներ, և դա շատ մասնագիտական հարց է, որ հիմա ես այսպես պատմեմ բուժման եղանակները։ Երկրորդը. մեզ մոտ ստացիոնար ոչ մի հիվանդ չի բուժվում, որովհետև կար նման հրահանգ նախարարության կողմից, մենք ուղղակի դիագնոզ ունենք, և դիագնոզն ամբուլատոր, այսինքն՝ ոչ ստացիոնար հիվանդներին խորհրդատվություն ենք անում և բուժում ենք նշանակում։ Մեզ մոտ չեն պառկում։

-Քանի որ սպեցիֆիկ է Ձեր հիվանդանոցն այս առումով, զուտ համեմատության համար ենք ցանկանում իմանալ, որովհետև դեպքեր կան, որ պացիենտին ավելի թանկարժեք դեղեր են նշանակում, և ավելի արդյունավետ է իրականանում բուժումը, քան պետպատվերով բուժման դեպքում է։

-Դա շատ սպեցիֆիկ, ինդիվիդուալ հարց է։ Երբեմն ավելի էժան դեղն ավելի ազդեցիկ է լինում, երբեմն ինչ-որ դեղ չի ազդում․․․ դա շատ մասնագիտական է, Դուք ոչ մի անգամ չեք կարող կռահել, ընդհանուր գաղափար ունենալ՝ որն է ճիշտ և որն է սխալ։ Կա ինֆեկցիա, կա ինֆեկցիայի նկատամբ զգայունություն միկրոօրգանիզմների․․․ Այդ հարցին ես ամենամեծ ցանկության դեպքում անգամ չեմ կարող պատասխանել` որ դեպքում ինչու է նշանակվում սա։ Բնականաբար, կան հիմքեր դրա համար, եթե չկան հիմքեր, դա վատ է։

-Օրինակ՝ «Մերոպենեմ» հակաբորբոքայինը, որի մի սրվակը մոտ 10 հազար դրամ արժե, դա, կարծես թե, պետպատվերով հիվանդների դեպքում չի նշանակվում, և ոչ միայն այդ դեղը։

-Տեսեք՝ «Մերոպենեմը» նշանակվում է ծայրահեղ ծանր վիճակներում, և, ընդհանրապես, բժշկագիտության մեջ կա էսպիսի օրենք՝ չի կարելի միանգամից կիրառել ամենահզոր հակաբորբոքայինը, որովհետև, եթե միանգամից շատ հզոր, ոչ նպատակային, ոչ հիմնավորված նշանակեն ամենահզոր հակաբորբոքայինը, հետո արդեն մյուսները չեն ազդի։ Եվ չգիտեմ՝ ուրիշ հիվանդանոցներում ինչպես է, բայց մենք «Էրեբունիի» հետ սերտ աշխատում ենք, և կոնկրետ այստեղ չեմ կարծում, որ նման երևույթ տեղի ունենա՝ ամեն ինչ հիմնավորված է, ամեն ինչ վերահսկողության տակ է։ Իհարկե, բազային ինչ-որ չափորոշիչներ լինում են, բայց ըստ հիվանդի վիճակի, ըստ անհրաժեշտության նշանակվում է ավելի շատ դեղորայք, ավելի քիչ դեղորայք։ Այդ ամենը կախված է հիվանդի վիճակից։ Եվ հիմք չի ընդունվում, որ անպայման պետք է էժանագին դեղ օգտագործվի։


-Հիմա շա՞տ են դիմողները «Նաիրի» ԲԿ, որոնց մոտ կորոնավիրուսային հիվանդություն է ախտորոշվել։ Ինչպիսի՞ն է դինամիկան վերջին օրերի։

-Հիմա շատ նվազել է քանակը, իհարկե, դիմում են հետազոտության համար, բայց հայտնաբերված դեպքերը բավականին նվազել են անցյալ ամսվա համեմատ։ Ես դեռ չեմ ամփոփել, որ հստակ վիճակագրական տվյալներ Ձեզ տրամադրեմ, բայց կարող եմ ասել, որ կիսով չափ նվազել են։

-Դա ինչի՞ արդյունք եք համարում, այս հակահամաճարակային միջոցառումների՞, թե՞ այլ գործոններ էլ կան։

-Կարծում եմ, որ բոլոր ձեռք առնված միջոցները միասին, իհարկե, դրական արդյունքի են բերում։