Որտեղ են Գագիկ Ջհանգիրյանի թաքցրած ապացույցները եւ մինչեւ երբ են Հոկտեմբերի 27-ի մեղքը բարդելու իրար վրա

Որտեղ են Գագիկ Ջհանգիրյանի թաքցրած ապացույցները եւ մինչեւ երբ են Հոկտեմբերի 27-ի մեղքը բարդելու իրար վրա

Երեկ լրացավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարելիցը։ 22 տարի առաջ այդ օրը մի խումբ ոճրագործներ՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, զինված մտան Ազգային ժողովի նիստերի դահլիճ, որտեղ տեղի էր ունենում կառավարության հետ հարցուպատասխանը և սպանեցին Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին և ևս վեց պետական գործչի։ Նրանց թվում էին ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը։

Այդ ոճրագործությունից հետո Ազգային ժողովի այգում կանգնեցվեց հոկտեմբերի 27-ի զոհերի հուշարձանը, որտեղ ամեն տարի նույն օրն այցելում և ծաղիկներ են խոնարհում  Հայաստանի պետական այրերը, ոճրագործության զոհերի հարազատները։ Երեկ ևս բացառություն չէր։ Ծաղիկներ խոնարհեցին ԱԺ նախագահը, իշխանական և ընդդիմադիր պատգամավորները, զոհերի հարազատներից ոմանք։ Ի դեպ, երեկ ևս, ինչպես 22 տարի առաջ հոկտեմբերի 27-ին, օրը չորեքշաբթի է, այսինքն՝ երեկոյան խորհրդարանում տեղի ունեցավ կառավարության հետ հարցուպատասխանը։

Այս ոճրագործությունից 22 տարի է անցել, ու ոմանք համարում են, որ դրա հիմնական կազմակերպիչները կամ շահառուները բացահայտված չեն։ Թեպետ՝ հավանական շահառուների ցանկը մեծ է եւ այդ թվին կարելի է դասել նաեւ ՔՊ-ական ներկայիս պատգամավորներից մեկին՝ Քոչարյան Անդրանիկին ու ևս մի քանի հոգու՝ Վահան Շիրխանյանին, ներկայիս ԲԴԽ նախագահ, նախկինում՝ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, Վաղարշակ Հարությունյանին և ոչ միայն։ Հենց նրանք էին, որ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի և մյուսների արյունը դեռ չսառած՝ արդեն ցուցակ էին կազմել՝ ներառելով իրենց անունները, թե ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի կառավարության կազմում և այդ ցուցակով մտել էին հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ։

Եվ եթե նախորդ իշխպանությունների օրոք հոկտեմբերի 27-ին թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, խոսելով այդ ոճրագործության կազմակերպիչների, Նաիրի Հունանյանի և մյուս ոճրագործների հետևում կանգնած անձանց մասին, հիմնականում զուսպ էին արտահայտվում՝ առանց սլաքներն այս կամ այն կողմ ուղղելու, ապա այսօր թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը թափանցիկ ակնարկներ արեցին միմյանց ուղղությամբ՝ որպես հոկտեմբերի 27-ի պատվիրատու կամ շահառու մեղադրելով իրար։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի թիմակից Անդրանիկ Թևանյանն երեկ՝ հոկտեմբերի 27-ն, անդրադառնալով 22 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության հավանական պատվիրատուներին, ասաց, որ ինքն այստեղ թուրքական հետք է տեսնում։ «Եթե խոշոր հաշվով գնահատեմ, թե ովքեր են մեղավոր հոկտեմբերի 27-ի համար, ապա կարող եմ ասել, որ թուրքական հետք տեսնում եմ հոկտեմբերի 27-ի մեջ, որովհետև Նաիրի Հունանյանն այնպիսի տեղեր էր այցելել, այնպիսի հանդիպումներ էր ունեցել հոկտեմբերի 27-ից առաջ, որ չէր կարող պատահական, շարքային մարդը այդպիսի հանդիպումներ ունենար Թուրքիայում։ Բացի նախագահից, Թուրքիայի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները նրան հյուրընկալել են։ Եվ դա փաստագրված կա։ Դա յուրօրինակ թագադրում էր, ես այդպես եմ գնահատում»,-ասաց Թևանյանը։ Ապա արձանագրեց, որ Նաիրի Հունանյանի գործը շարունակվում է այսօր, և ինքը գաղափարական կապ է տեսնում Նաիրի Հունանյանի և ներկայիս իշխանությունների միջև։

«Նաիրի Հունանյանն իր ներքին հոգեբանական կառուցվածքով շատ է հիշեցնում այսօրվա իշխանության առաջնորդին։ Նաիրի Հունանյանի գործողության հիմքում փրկության մոդել կա, ինքը ներքուստ համոզմունք ուներ, որ ինքը փրկելու է ժողովրդին։ Ինքն օգտագործում էր այնպիսի տերմիններ, որոնք օգտագործում է նաև այսօրվա իշխանությունը՝ թալանչիներ, ժողովրդի արյունը ծծողներ, սրանք էլ ասում են՝ ժողովրդի լավատեսությունը ծծողներ և այլն»,-ասաց Թևանյանը։

Ծաղիկներ խոնարհելուց հետո խոսեց նաև ԱԺ նախագահը՝ Փաշինյանի թիմակից Ալեն Սիմոնյանը։ Մեր հարցին՝ ո՞րն է իրենց թիմի քաղաքական գնահատականը հոկտեմբերի 27-ի մասով, և ինչո՞ւ չի 22 տարի անց բացահայտվում այս գործը, Սիմոնյանն ասաց․ «Ես գիտեմ, որ առանձնացված մաս գոյություն ունի քրեական գործից։ Ես հիմա չեմ ուզում բարձրաձայնել իմ անձնական կարծիքը, բայց կարծում եմ, որ հիմնական պատճառները, հիմնական մասնակիցները և այն հարցերը, որոնք բաց են մնացել, մեր հանրությունը գիտի, ինչպես որ գիտեր, որ ընտրությունները այդ Ձեր ասած քսանքանի տարվա ընթացքում կեղծվել են, ինչպես որ գիտեր ամեն ինչ, և ավելորդ եմ համարում հիմա անուններ հնչեցնեմ, բայց վստահեցնում եմ, որ մենք՝ բոլորս, այդ հարցերի պատասխանները կստանանք նաև իրավական առումով»։

Սիմոնյանը չցանկացավ իր խոսքերը հիմնավորել, թե ում նկատի ունի, երբ ասում է՝ հանրությունը գիտի՝ ովքեր են հիմնական մասնակիցները, միայն նշեց․ «Ես ավելորդ եմ համարում հիմա անուններ հնչեցնել, բայց վստահեցնում եմ, որ բոլորս այդ հարցերի պատասխանները կստանանք նաև իրավական առումով։ Բայց քաղաքական առումով ես կարող եմ ասել, որ հիմնական դերակատարները պատժված են՝ նրանք գտնվում են բանտում, և մենք այսօր խնդիր ունենք և հարց ունենք՝ հասկանալ պատճառները, և, իրականում, այն դրդողները, այն մարդիկ, որոնք այդ ամենից միգուցե քաղաքական, միգուցե ոչ միայն քաղաքական շահ են ունեցել, իսկ այդ մարդկանց շահագրգռվածությունը մեր հանրությունը գիտի»,-ասաց նա։ Սիմոնյանն, ըստ էության, ակնարկում էր 1999 թվականի քաղաքական ղեկավարությանը, քանզի նրա թիմակիցները կամ նրանց համակիրները սլաքները հենց Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ են պարզում։

Մի հարց բաց է մնում` 3 տարի շարունակ ինչու այս գործի կազմակերպիչները չեն բացահայտվում, մանավանդ` հենց իրենց թիմի անդամ է այդ գործը քննած դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որը դեռ 2000-ականներին ասուլիսներ ու հարցազրույցներ էր տալիս` ակնարկելով, թե չի կարող բացահայտել, քանի դեռ իշխանության գլխին է Ռոբերտ Քոչարյանը: Հիմա ոչ ոք չի խանգարում, որ Ջհանգիրյանը հանի իր ունեցած ապացույցները եւ բացահայտի այս գործը` մատնացույց անելով կազմակերպիչներին եւ հեշտացնելով Փաշինյանի եւ Սիմոնյանի գործը: Որ այլեւս ակնարկներով չխոսեն Քոչարյանի մեղքի մասին, այլ հստակ ապացույցներով եւ անգամ կայացված դատավճռով: