Հերիք չի օրենք են ոտնահարում, ՍԴ որոշումն էլ վերանայում են

Հերիք չի օրենք են ոտնահարում, ՍԴ որոշումն էլ վերանայում են

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի օրերս ընդունած որոշումն օրինական չէ, դատարանն արհամարհում է Սահմանադրական դատարանի որոշումը` «Հրապարակի» հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը: 

Այս որոշմամբ, հիշեցնենք, վճռաբեկ դատարանի քրեական պալատն ինքն իրեն և վերաքննիչ դատարաններին նոր լիազորություն է վերագրել՝ միջանկյալ դատական ակտերի իրավաչափությունը ստուգելիս կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասը, այսինքն՝ օգտվել վերջնական ակտերի համար սահմանված կարգավորումներից, որոնց մեջ մտնում է գործը նոր քննության ուղարկելու հնարավորությունը: 

Մենք անդրադարձել էինք այս որոշմանըհիշեցրել, որ անցյալ տարի վերաքննիչն ու վճռաբեկի քրեական պալատն այս հարցով դիմել էին ՍԴ, գրել էինք, որ Սահմանադրական դատարանը, սակայն, հստակ որոշում ընդունելու փոխարեն, իր հերթին էր խուսափել պատասխանատվությունից, «լոլոներ» էր գրել ու, կոպիտ ասած, ցրել դատարաններին, մի դեպքում հետ վերադարձնելով դիմումը, մյուսում՝ վարույթ սկսելով ու կարճելով: 

Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը համաձայն չէ մեր այս ձևակերպումների հետ: Նա ասում է, որ Սահմանադրական դատարանը 2019 թվականի մայիսի 7-ին Քոչարյանի գործով կայացրած որոշմամբ արդեն հստակ պատասխանել էր վերաքննիչ և վճռաբեկ դատարաններին: 

«Սահմանադրական դատարանը պատասխանել էր, որ նրանք կարող են կայացնել միայն այնպիսի որոշումներ, որոնք նախատեսված են օրենքով, իսկ օրենքով նախատեսված չէ, որ իրենք կարող են միջանկյալ դատական ակտը ստուգելիս նոր քննության վերադարձնել գործը: Նրանք պետք է վերջնական որոշում կայացնեն, որովհետև մարդու իրավունք է խախտվում», - ասում է Գյուլումյանը: 

Ըստ նրա, գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, մասնավորապես կալանքի որոշումները վերանայելիս դրանք նոր քննության ուղարկելով, երկարաձգվելու է մարդուն անազատությունից զրկելու ժամկետը: «Տեսեք, երկու ամսից ավելի կալանք տալ չի կարելի, բայց երեք ամիս գործը պահում են, որովհետև երեք ամիս ունեն ընդունելության հարցը որոշելու համար, հետո քննում են ու ուղարկում նոր քննության: Մեր ասածը հենց դա էր, որ երբ որ խոսքը վերաբերում է անձին ազատությունից զրկելուն, դու պետք է բոլոր միջոցները ձեռնարկես` վերջնական որոշում կայացնելու համար: Բայց իրենց դա ձեռնտու չէր: Մեր որոշումից հետո փոխանակ իրենք հասնեն նրան, որ Ազգային ժողովը Քրդատում փոփոխություն մտցնի, ու իրենք այդ իրավունքն ունենան, իրենք վերցրեցին, այլ զարտուղի ճանապարհներ գտան: Մի անգամ վերաքննիչ դատարանը դիմեց, մենք ասացինք, որ մայիսի 7-ի որոշումը կա, և դրանով բոլոր հարցերի պատասխանները տրված են: Մի անգամ էլ վճռաբեկի քրեական պալատը դիմեց՝ աբսուրդ հիմնավորումներով: Մենք ամեն դեպքում մտածելով՝ այդ գործը երկար քննարկեցինք ու կարճեցինք, որովհետև մենք արդեն որոշում ունեինք»: 

Հասկանալի չէ, թե ինչպես է վճռաբեկ դատարանի քրեական պալատը որոշել իր հայեցողությամբ օրենքը փոխել, իր և վերաքննիչ ատյանի գործը հեշտացնող մեկնաբանություն տալ Քրդատօրենսգրքին, որը հնարավորություն է տալիս միջանկյալ դատական ակտի վերաբերյալ հստակ որոշում կայացնելու պատասխանատվությունը գցել առաջին դատական ատյանի վրա: Ալվինա Գյուլումյանը սա բացատրում է տիրող իրավական անարխիայով: «Նրանք օգտվել են այս իրավիճակից, արհամարհում են ՍԴ որոշումը: Հերիք չէ օրենք են ոտնահարում, բացի դրանից էլ` ՍԴ որոշում են վերանայում: Դե, երևի, մի օր այս իրավական անարխիան կվերանա»: