Հիմա ի՞նչ է մտածում հայ ժողովուրդը

Հիմա ի՞նչ է մտածում հայ ժողովուրդը

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո հայերի մտքով վերջապես սկսեց անցնել այն միտքը, որ թուրքն ու ադրբեջանցին ունակ են ամենավերջին, ամենաանմարդկային վերաբերմունքը ցույց տալ հայի նկատմամբ, եւ դա բխում է գենետիկ ատելությունից: Ապշել կարելի է, որ գոնե 1915-1923թթ. ընթացքում թուրքերի կողմից բացահայտորեն իրականացված մեկուկես միլիոն հայերի անմարդկային սպանդը մեզ չզգոնացրեց, որ վերջապես հասկանանք, թե ով է թուրքն ու թուրքական իշխանությունը եւ ինչպիսի վերաբերմունք ունի հայի նկատմամբ: Տեսակն այն եզակի հատկանիշներից է, որ հազվագյուտ է ենթարկվում փոփոխության՝ անկախ ժամանակի եւ միջավայրի փոփոխությունից: Թուրքը հենց այդ տեսակն է, որին մինչեւ այսօր բնավ չճանաչեցինք: Թե թուրքն առիթը բաց չթողնելով մշտապես ինչ խաղ է խաղացել հայի գլխին, ինչ կոտորած է արել, աշխարհին է հայտնի, սակայն պետք էր դրանից ընդամենը դասեր քաղել: Այսօր, փաստացի, Արցախն ու Հայաստանը հայտնվել են այնպիսի անելանելի վիճակում, որ շատ կարճ ժամանակում կա՛մ Արցախը պետք է լրիվ հանձնվի Ադրբեջանին, կա՛մ լրիվ հայաթափվի, իսկ Հայաստանի առջեւ պայման է դրված, որ դրանից անմիջապես հետո պետք է արագ բացվի Սյունիքի միջանցքը, այն էլ՝ Ադրբեջանի թելադրած պայմաններով, այլապես Ադրբեջանը կսկսի լայնածավալ հարձակում ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի վրա: 

Պարզ է, որ  Հայաստանը պարտադրված կլինի դիմել ՀԱՊԿ-ին, Պուտինին, Էրդողանին ու Ալիեւին, որպեսզի նրանք միջամտեն եւ կանգնեցնեն պատերազմը, որ Հայաստանի առաջարկով նոր բանակցություններ սկսվեն՝ նոր լուծումներ գտնելու համար: Գուցե Ադրբեջանը համաձայնի, բայց դա շատ կարճ կտեւի, հետո նորից՝ ավելի մեծ թափով կշարունակի կիսատ թողած պատերազմն ու կփորձի ոչնչացնել նաեւ Հայաստանը: Այս պարագայում մեզ երկու ճանապարհ է մնում՝ համաձայնություն տալ Սյունիքի միջանցքի բացմանը, որը մահ է Հայաստանի համար, կամ պատերազմի մեջ մտնել, որը գուցե դարձյալ մահ է Հայաստանի համար: Այս երկու աղետաբեր ելքից խուսափելու միակ ճանապարհն այն է, որ Հայաստանի կառավարությունը՝ իր ղեկավարի գլխավորությամբ, շտապ հրաժարական տա, եւ հնարավորինս արագ ձեւավորվի նոր կառավարություն: Եթե հոժարակամ չեն անում սա՝ հրաժարական չեն տալիս, պետք է այնքան ժողովուրդ դուրս գա փողոց, որ կառավարությունը պարտադրված լինի, վախից հրաժարական տա եւ խնդրանքով դիմի ժողովրդին՝ չգնալ ծայրահեղությունների, այլ թույլ տալ, որ նոր կառավարություն ձեւավորվի։
Այլ ճանապարհ ուղղակի չկա: Եթե մեր ժողովուրդն այս պարզ իրողությունը չհասկանա եւ չդիմի այդ քայլին, ապա կարճ ժամանակ անց մենք վերջնականապես կկորցնեք ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը։ Սա ցուգցվանգային իրավիճակում հայտնված հայ ժողովրդի փրկության միակ ճանապարհն է։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ