Երեխաների հետ տանը քնած էինք, աղջիկս եկավ, ասաց՝ մամա, տունը պաժառ ա ընկել

Երեխաների հետ տանը քնած էինք, աղջիկս եկավ, ասաց՝ մամա, տունը պաժառ ա ընկել

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 17 շենքի բնակարաններից մեկում երեկ խոշոր հրդեհ էր բռնկվել։ Պատճառը դեռ հայտնի չէ, ասում են՝ հոսանքալարերի կարճ միացումից է եղել։ ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգը գրանցվել է առավոտյան ժամը 10-ի կողմերը, ժամանել է երկու մարտական հաշվարկ։ Թեպետ դժվար է դրանք անվանել մարտական, քանզի Չարենցավանի ԱԻՆ-ի բալանսում առկա 2 սովետական «ԶԻԼ» մակնիշի հրշեջ մեքենաներն այնքան անզոր ու ոչ մարտական վիճակում էին, որ հրշեջները 2 ժամ շարունակ չէին կարողանում հրդեհը մարել։

Հրդեհը բռնկվել էր յոթերորդ հարկում, բնակարանի լուսամուտները նայում էին շենքի հետեւի կողմը, եւ պետք էր հրշեջ մեքենան մոտեցնել լուսամուտին ու ջրի շիթով մարել կրակը։ Բայց Չարենցավանի հրշեջները, չգիտես ինչու, գնացել կանգնել էին շենքի բակում, ու անհասկանալի է՝ մեկ ժամից ավելի ինչով էին զբաղված։ Իհարկե, ի պատիվ իրենց, կարողացել էին ռիսկային գոտում գտնվող բնակիչներին տարհանել, որ ծխից ու կրակից չտուժեն, սակայն մոտ 2 ժամ շարունակ կրակը չէին կարողանում շիջել, որովհետեւ սկզբից սխալ կողմից էին մոտեցել, հետո էլ պարզվեց՝ սովետական «ԶԻԼ»-ը աշտարակ ու աստիճանավանդակ չունի, որ բարձրանային, վերեւից կրակը մարեին, ջրի շիթն էլ այնքան հզոր չէր, որ մինչեւ 7-րդ հարկ հասներ։ Փոխարենը Չարենցավանի քաղաքապետարանից են գլխի ընկել, եւ մինչ հրշեջները կկողմնորոշվեին, թե ինչ անել, աշտարակով մեքենա են ուղարկել, որ կանգնի շենքի տակ, հրշեջ մեքենան մոտենա, հրշեջները ջրի խողովակով կանգնեն այդ աշտարակի վրա, բարձրանան ու մարեն կրակը։

Ի դեպ, սովետական տեխնիկան ոչ միայն ֆունկցիոնալ առումով էր անկարող օգնել որեւէ մեկին, այլեւ ինքն իրենով էր «տկար»՝ որպես մեքենա։ «Հազար» տարվա կիսափտած ու դանդալոշ «ԶԻԼ»-ը չէր կարողանում նորմալ շրջադարձ կատարել, անգամ տեղից չէր կարողանում պոկվել, որ արագ անցներ շենքի մյուս կողմը։ Ի վերջո, մոտ մեկ ժամ անց նոր կարողացան հասնել հրդեհին ու ջրի շիթով այն սկսեցին հանգցնել։ Սակայն այս անգամ էլ ջուրը սպառվեց, ու գործը կիսատ մնաց։ Ստիպված՝ դրսից օգնական ուժ կանչեցին։ Մոտ կես ժամ անց Հրազդանից նոր՝ ավելի ժամանակակից հրշեջ մեքենա ժամանեց, որը շատ արագ կարողացավ ներքեւից ջրի ուժեղ շիթով հանգցնել 7-րդ հարկի կրակը։ Դա տեղի ունեցավ ահազանգը ստանալուց մոտ երկուսուկես ժամ անց միայն։ Մինչդեռ խելամիտ ու օպերատիվ գործելու դեպքում հնարավոր էր կրակը հանգցնել առավելագույնը մեկ ժամում։ Սա խոսում է արտակարգ իրավիճակներում մեր անզորության մասին։ Իհարկե, մեր փրկարարները շատ հաճախ սխրանքներ են գործում, սեփական կյանքը վտանգելով՝ փրկում են ուրիշների կյանքը, սակայն լինում են իրավիճակներ, երբ պարզապես նորմալ տեխնիկա չունենալու պատճառով հայտնվում են անզոր վիճակում, երբեմն էլ՝ իրենք ճիշտ չեն կողմնորոշվում։ Ի դեպ, Չարենցավանում մոտ 200 բարձրահարկ շենք կա, ու եթե վաղը, Աստված մի արասցե, նորից որեւէ շենքի բարձր հարկերում հրդեհ բռնկվի, դարձյալ տեխնիկա չի լինելու, որ արագ մարեն կրակը։ Թերեւս ԱԻՆ-ը մտածելու բան ունի, որ գոնե ամեն քաղաք մեկական ժամանակակից մարտական հաշվարկ ունենա, եւ չմնան սովետական հնամաշ շարժակազմի հույսին։
Ինչ վերաբերում է տան բնակիչներին, ապա Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տանը բնակվում էր մի կին՝ իր 5 անչափահաս երեխաների հետ։ Վարձով էին բնակվում, սոցիալապես անապահով ընտանիք էր, ուստի դիմել էին քաղաքապետարան, որ օգնեին՝ վճարել տան վարձը։

«Ծովիկ անունով մի աղջիկ էր բնակվում վարձով, որին մենք երեկ ֆինանսական օգնություն էինք տրամադրել, որովհետեւ տան վարձը չէր կարողանում վճարել, դիմել էր մեզ, որ օգնեինք, էն էլ տենց դեպք եղավ»,-ասաց քաղաքապետը։ Ի՞նչն է եղել հրդեհի բռնկման պատճառը, եւ ինչո՞ւ չէին կարողանում արագ մարել, քաղաքապետն ասաց, որ դա պետք է ճշտել ԱԻՆ-ից։ «Մեր աշխատակիցներն էնտեղ են եղել, փորձել են օգնել՝ ինչով հնարավոր է, մեր «Մշակույթ» ՀՈԱԿ-ի տնօրեն Աբգարյան Արթուրն էլ տեսել է, որ չեն կարողանում հանգցնել, մեր «վիշկան» տարել է, որ բարձրանան դրա վրա՝ հանգցնեն, որովհետեւ նման տեխնիկա չկար էնտեղ»,- ասաց Շահգալդյանը։
Ի դեպ, քաղաքապետի ասած այդ «վիշկան» 30-40 տարվա հնության մի «Գազիկ» է, որը դարձյալ հազիվ էր տեղից շարժվում։ Իսկ թե ինչ է լինելու այդ ընտանիքի հետ, որը դրսում է մնացել, քաղաքապետն ասաց՝ հիմա նոր բնակարան են փնտրում, որ ժամանակավոր տեղավորեն, մինչեւ տեսնեն՝ ինչ է լինում։

Ի դեպ, անչափահաս երեխաներից մեկն այրվածքներ է ստացել, նրան տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Մենք խոսեցինք տուժած կնոջ՝ Ծովինար Սաֆարյանի հետ։ Նա պատմեց, որ տանը քնած են եղել, երբ հրդեհը բռնկվել է։ «Ես երեխաներիս հետ տանն էի, մեկին ճանապարհեցինք պարապմունքի, 4 երեխուս հետ տանն էի, քնած էինք, էն մյուս աղջիկս եկավ, ասաց՝ մամա, տունը պաժառ ա ընկել։ Հազիվ հասցրել եմ երեխաներին պիժամայով-բանով տեղերի միջից հանել տանել, մինչեւ էս զույգիս թային՝ 1 տարի 4 ամսական, ուզեցի տանեմ, արդեն կրակը տարածվել էր ավելի շատ, ներս մտնել չէր լինում։ Հարեւանիս խնդրեցի, որ մտնի օգնի՝ իրար հետ մտնենք, ասաց՝ չեմ կարա․ էդ վիճակն էր։ Աստված ինձ ուժ տվեց, մտա ու երեխուս հանեցի, բայց այրվածքներ ունի»,-ասաց հրդեհից տուժած կինը։ Հարցին՝ փրկարարները շո՞ւտ հասան, ասաց․ «Այո, շատ գոհ եմ նրանցից, շնորհակալ եմ, շատ շուտ հասան։ Բայց ես իրենց չեմ զանգել, մինչեւ երեխաներիս հանեցի, հարեւանին ասացի՝ զանգի, ու ես արդեն աստիճանների վրա էի՝ տեսա մի քանի հոգով վազելով եկան»։

Մեր զրույցի պահին կինն իր անչափահաս երեխաների հետ հիվանդանոցում էր ու չգիտեր ուր գնալ։ Ասաց՝ քաղաքապետարանից զանգել են, հետաքրքրվել են՝ ունի՞ գնալու տեղ, թե՞ ոչ։ Քաղաքապետարանից ասացին՝ կնոջն ասել են, որ գա քաղաքապետարան, որպեսզի հասկանան՝ ինչով կարող են օգնել իրեն։