Նորմալ է, երբ ընդդիմությունն ուզում է գալ իշխանության, որ մի քիչ դզի այս երկիրը

Նորմալ է, երբ ընդդիմությունն ուզում է գալ իշխանության, որ մի քիչ դզի այս երկիրը

Արցախի փրկության եւ իշխանափոխության պահանջով՝ ապրիլի 25-ից ընդդիմությունը մեկնարկել է բողոքի գործողություններ, երթեր, ակցիաներ, իրազեկման արշավներ, հանրային քննարկումներ, որոնց առաջիկայում կմիանան նաեւ ճանաչված եւ հայտնի մշակույթի գործիչներ՝ երգիչներ, դերասաններ, որոնց մեջ նշվում են Ալլա Լեւոնյանի, Հրանտ Թոխատյանի, Սոֆի Մխեյանի, Շուշան Պետրոսյանի, Նազենի Հովհաննիսյանի, Ժիրայր Դադասյանի, Դավիթ Հակոբյանի եւ այլոց անունները։ 

Բեմադրիչ Ժիրայր Դադասյանն ասում է՝ իր տեսակետները դեռ 2018-ի ապրիլից են հայտնի, եւ, ցավոք, այն, ինչ դեռ այն ժամանակ էր ասել, քայլ առ քայլ այսօր իրականացվում է․ «Սա ընդդիմության հարցը չէ միայն, սա արդեն ժողովրդի հարցն է։ Հիմա կփորձեն այս ամենը կապել ընդդիմության այս կամ այն թեւի հետ, բայց վերջն արդեն եկել-պրծել է, այլեւս անհնար է այսպես շարունակել, եւ մարդիկ գիտակցում են դա։ Հիմա թե ովքեր են նախաձեռնում ինչ-որ ակցիաներ, երթեր, կարեւորն այստեղ այն է, որ դա միտված է հենց այս վիճակից դուրս գալուն։ Ավելին՝ մեծ հաշվով, ընդդիմությունը պետք է ուզենա գա իշխանության, էդ սուտ թեզը, թե իշխանության կռիվ է․․․, պիտի ասեմ, որ նորմալ է, երբ ընդդիմությունն ուզում է գալ իշխանության, որ մի քիչ դզի այս երկիրը, որովհետեւ, երբ 4 տարի առաջ սրանք եկան, եւ այն, ինչ ասացին, բոլորը կեղծիք էր եւ սուտ, արդյունքում՝ երկիրը տարան-հասցրեցին աղետի։ Հիմա սա ընդդիմության հարցը չէ, սա համահայկական խնդիր է, արդեն սփյուռքում էլ են ակցիաներ անում, եւ իշխանությունը պետք է որ արդեն լրջորեն մտածի այս ամենի մասին, քանի որ համբերության բաժակն արդեն լցված է»։

Այն, որ այս իշխանությունները եկան հենց Արցախի «նշաձողն իջեցնելու» համար, Ժիրայր Դադասյանն ասում է՝ իր համար գաղտնիք չէր․ «Այդ ամեն ինչն այնքան պարզ էր դեռ 2018-ին, իրենց մոտեցումը միշտ է եղել սա, որ Արցախը պետք է թողնել Ադրբեջանին, ուղղակի վերջերս բարձրաձայնեցին դրա մասին, եւ մարդիկ հասկացան, տեսան ու զարմացան։ Ես չեմ զարմացել, ինձ համար միայն զարմանալի էր, թե ոնց են իրենք դա այսքան պահել ու հանկարծ բացահայտեցին»։ Պատերազմը ոչ միայն չի վերջացել, այլեւ 100 տարի է՝ շարունակվում է․ «Թե՛ ցեղասպանությունից առաջ, թե՛ հետո, այս տարածաշրջանում մեր գոյությունը պիտի լինի միայն մեր ամուր բանակով եւ մեր շահերի պաշտպանությամբ, մեզ համար հնարավոր եւ անհնար դաշնակիցներ ձեռք բերելով․․․ էլ ո՞նց է պետք բացատրել, տարրական բան է, մարդիկ ուղղակի չեն հասկանում, իրենք, արդեն ընտելացած իրենց կենցաղին, կարծում են, որ ոչ մի բան էլ չի լինի․․․ բայց էլ ո՞նց է լինում․․․ նախկինում էլ է այդպես եղել, այս տարածաշրջանում ուրիշ տարբերակ մենք չունենք»։

Ընդդիմությունը փորձում է հեռացնել իշխանություններին՝ նրանց իսկ մեթոդներով․ 2-րդ անգամ նորից կաշխատի՞ այդ տեխնոլոգիան։ «Դժվարանում եմ ինչ-որ պրոգնոզ տալ, բայց մի բան շատ պարզ է․ եթե ընդդիմությունը չկարողացավ ժողովրդին ոտքի հանել, ուրեմն կտապալվի արդեն վերջնականապես, որովհետեւ սա պետք է լինի վերջին երթը՝ վերջին «մարտը», որը կբերի այս ազգակործան իշխանության վերջին, եթե չեղավ, ուրեմն մենք դատապարտված ենք, եւ ընդդիմությունն արդեն անուժ կգտնվի, ու չեմ կարծում, թե հետո արդեն հնարավոր կլինի ոտքի կանգնել (ընդդիմությանը նկատի ունի)»։

Դերասան Դավիթ Հակոբյանը կարծում է, որ այսօր հանգիստ նստել չի կարելի, եւ պետք է որեւէ ձեւ գտնել՝ այս փակուղուց  դուրս գալու համար։ «Միակ բանը դա է, որ մենք պետք է անենք, ես՝ իմ տեղում, դուք՝ ձեր տեղում, եւ ամեն մեկս ինչքան հնարավոր է, այս փակուղուց պետք է լուծումներ գտնենք»,- ասում է նա ու նշում, որ մեկուկես տարի անց էլ պատերազմը դեռ չի ավարտվել։
«Պատերազմը երբեք էլ չի ավարտվել եւ սկսվել է 1918-ին, երբ տեղի ունեցան Շուշիի, Գանձակի, Բաքվի ջարդերը եւ շարունակվեցին մինչ օրս։ Արդեն 100 տարուց ավելի այս պատերազմը շարունակվում է, եթե չհաշվենք մինչ այդ մեր պայքարը թուրքական լծից ազատվելու համար։ Այս պատերազմը չի ավարտվել եւ դեռ երկար չի ավարտվելու։ Մենք պետք է իմաստնություն ունենանք եւ ձեւը գտնենք՝ շահած դուրս գալու այս պատերազմից»։

Դերասանը հարցին հարցով է պատասխանում․ «Իսկ դուք հավատո՞ւմ եք խաղաղության դարաշրջանին, երբ ողջ աշխարհը պատերազմի մեջ է, ի՞նչ խաղաղության դարաշրջանի մասին է խոսքը։ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո, երբ կնքվեց իբրեւ թե հաշտություն, պատերազմը դադարե՞ց։ Չդադարեց։ Խաղաղության դարաշրջան երբեք չի եղել ու չի լինելու, պատերազմներն անխուսափելի են, բայց պետք է ունենալ իմաստնություն, ուժ, խելք եւ իմանալ՝ որտեղ ես դու ուժեղ եւ որտեղ՝ թույլ։ Սա է խնդիրը։ 1861-ին Թուրքիայի կառավարությունն անվտանգության երաշխիքներ տվեց Արեւմտյան Հայաստանի ժողովրդին։ Ի՞նչ ստացանք։ Եթե Ադրբեջանն այսօր ասում է՝ մենք պատրաստ ենք, թող հայերն ապրեն Ադրբեջանի տարածքում, նրանց ձեռք չենք տալու, նրանք կլինեն Ադրբեջանի քաղաքացիներ, բա Հադրութը գրավեցիք, խլեցիք մեզնից, ինչո՞ւ հիմա հադրութցիները չեն ապրում Հադրութում, ուրեմն վախենում են, չէ՞, ապրեն։ Այսինքն՝ խաղաղություն չկա, այդ բոլորը միֆ է եւ հեքիաթ։ Իսկ մարդիկ իրավունք ունեն պահանջելու՝ գտնել իրենց անվտանգության ձեւերը, այնպես որ, այս պատերազմը դեռ երկար է շարունակվելու»։

Ինչո՞ւ, չնայած աճող դժգոհությանը, ժողովուրդը չի համախմբվում, լիդերի փնտրտուքների մե՞ջ է, թե՞ հուսահատությունն է իշխում մարդկանց վրա։ «Գիտե՞ք որտեղ է ամբողջ գաղտնիքը․ մենք չենք ուզում ձերբազատվել, այսպես կոչված, կեղծ էլիտայից եւ չենք ուզում տեսնել նոր էլիտային, իսկ նոր էլիտան ստեղծելու համար մեզ անվտանգային երաշխիք է պետք, ժամանակ է պետք։ Ես չգիտեմ՝ մենք ունե՞նք այդ ժամանակը, թե ոչ, բայց այդ նոր էլիտան հաստատ կա, նրանք մեր մեջ են, նրանք երիտասարդներ են հաստատ, եւ մենք ուժ ու համարձակություն պետք է ունենանք՝ մեր միջի հպարտությունը մի կողմ թողնենք եւ տեսնենք ու հավատանք այդ էլիտային։ Իսկ այսօր մենք դրա ժամանակն արդյոք ունե՞նք, սա է ամբողջ խնդիրը։ Շատ վտանգավոր դարաշրջան է, շատ վտանգավոր ժամանակներ, ամեն մի սխալ հայտարարություն կարող է շատ կոպիտ հետեւանքներ ունենալ, բայց որ պետք է նոր էլիտա ստեղծվի, դրանում խորապես համոզված եմ։ Էլիտան հարուստ իշխանավորները չեն, ոչ։ Էլիտա ասելով՝ ես նկատի ունեմ թումանյաններ, լեւոնշանթեր, նիկոլաղբալյաններ, այ, էդ տեսակ էլիտա եմ ուզում, որի շուրջը ժողովուրդը համախմբվի։ Քանի դեռ այդ էլիտան չի ստեղծվել, չի կարող ստեղծվել քաղաքական էլիտա, բայց քաղաքական էլիտան է ուզում ստեղծել իր էլիտան, որին ժողովուրդը հավատա։ Այդպես չի լինում, նախ ստեղծվում է ժողովրդական, ազգային էլիտա, որն էլ ծնում է քաղաքական էլիտային, բայց մեզ մոտ թարս է ամեն ինչ»։

Դերասանն ասում է՝ դեռ որեւէ հանդիպում չի ունեցել, բայց սկզբունքորեն պատրաստ է ցանկացած մարդու հետ հանդիպել, զրուցել․ «Այնտեղ, որտեղ ուզում են իմ խոսքը լսել, ես կարող եմ գնալ եւ իմ կարծիքը հայտնել, բայց ոչ մեկին կոնկրետ կոչ չեմ կարող անել։ Իմ կոչը սա է՝ մենք պետք է անպայման անվտանգային երաշխիք ունենանք, որպեսզի ժամանակ ունենանք նոր էլիտա ստեղծելու»։