Արցախում կշեռքի նժարը Ռուսաստանի կողմն է

Արցախում կշեռքի նժարը Ռուսաստանի կողմն է

Հոկտեմբերի 25-ին Արցախում էր «Ժառանգություն» կուսակցության պատվիրակությունը՝ նախագահ Նարինե Դիլբարյանի ղեկավարությամբ։ Նրանք հանդիպել են Արայիկ Հարությունյանի հետ։ Մենք տիկին Դիլբարյանից հետաքրքրվեցինք՝ քննարկե՞լ են հակամարտության հնարավոր կարգավորման հարցերը, ի՞նչ է փոխանցել Արցախի նախագահը նրանց։

«Արցախի նախագահի դիրքորոշումը միանշանակ էր, որը ինքը հենց սկզբից մատնանշեց, որ մենք պետք է կարողանանք ապահովել այնպիսի խաղաղություն, որը երաշխավորված լինի, որովհետեւ եթե այսպես չլինի, ապա Արցախում կարող է մարդ չմնալ, այսինքն՝ մարդիկ չեն վերադառնա, եթե այդպիսի խաղաղություն չապահովվի։ Արցախի նախագահը տրամադրված էր շատ վճռական, ասում էր դրան հետեւած իր կոչերը՝ կապված զինուժի քանակի հետ, զենքերի առումով մտահոգություններ չուներ, որեւէ տարածքներ զիջելու մասին այդպես կոնկրետ ինչ-որ խոսք չի հնչել, բայց խնդիրն այն էր, որ անվտանգության բարձիկը եւ Արցախի բնակչության անվտանգությունը չի կարող դառնալ որեւէ սակարկության առարկա։ Մեր գնալուց հետո գործողություններն առավել թեժացան, եւ պարզ դարձավ, որ առանց այդպիսի անվտանգության երաշխիքների, դրանք տարածքներին են վերաբերում եւ ոչ թե խոսքերին, Արցախում որեւէ խաղաղության մասին խոսելն ավելորդ է։ Երբ մենք այնտեղ էինք, արդեն խոսքը գնում էր այն մասին, որ Հադրութից հետո իրենց ուղիղ գիծը Շուշին է, եւ նրանք անընդհատ մոտենում էին Շուշիին եւ փոխել էին մարտավարությունը, այսինքն՝ դիվերսիոն ջոկատներով էին կռվում։ Այնտեղ հույս ունեին, որ մեր զինվորներն առավել ծանոթ էին տեղանքին, այդ առումով ունենք որոշ գերազանցություն հակառակորդի նկատմամբ, բայց խնդիրն այն էր, որ հակառակորդն ունի թվային գերակշռություն»,- պատասխանեց Դիլբարյանը։

Հարցրինք նաեւ, թե քննարկե՞լ են Հարությունյանի հայտնի բաց նամակը՝ ուղղված Վլադիմիր Պուտինին։
«Այդ նամակի մասին էլ է հարց հնչել։ Ես նկատեցի, որ Արցախում համոզված են, որ ռազմավարական դաշնակիցը շատ մեծ անելիքներ ունի, եւ իրենք լիահույս էին, որ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկրների հետ, հատկապես Եվրոպայում, Ամերիկայում, Արցախի ճանաչման շուրջ գործընթացներ ծավալվեն, բայց կշեռքի նժարը, եթե անկեղծ ձեւակերպենք, Ռուսաստանի կողմն էր, եւ նրանք գտնում էին, որ մինչ այս պահը ռեալ եւ անմիջական օգնություն մեզ ցուցաբերում է Ռուսաստանը, ուստի պետք է իրենց որդեգրած գիծը տանեն»։

Այդ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց «ցավոտ փոխզիջումների մասին», Դիլբարյանին հարցրինք, թե Արայիկ Հարությունյանը խոսե՞լ է զիջումների մասին։ «Ոչ, մեր զրույցում զիջումների մասին խոսք չի բարձրացել եւ չի հնչել, որովհետեւ նշվում էր, որ այդ անվտանգությունն Արցախում ապրողների անվտանգությունը պետք է ապահովի։ Բոլորս գիտենք, որ Արցախից բավականին բնակչություն՝ հիմնականում կանայք եւ երեխաներ են եկել, որպեսզի այդ կանայք եւ երեխաները վերադառնան, եւ Արցախում կյանքը շարունակվի, պետք է կարողանան ապահովել ժողովրդի անվտանգությունը։ Սահմանապահների վերաբերյալ նրանք եւս նույն կարծիքի էին, կարծում եմ՝ այս հարցով Հայաստան-Արցախ լիարժեք փոխըմբռնում կար, իրենք հակված էին, որ եթե խաղաղապահներ լինեն, ապա ամբողջ խնդիրն այն է, թե ինչ փուլում կգան, եւ ինչ բնույթի խաղաղապահներ պետք է լինեն, բայց իրենք կարծում էին, որ խաղաղապահները պետք է լինեն միայն Ռուսաստանինը, թեեւ մենք եւս բարձրացրինք, եւ իրենք եւս ընդունեցին, որ խաղաղապահների դեպքում 2 կողմերը եւս պետք է համաձայն լինեն, այսինքն՝ դա մի քիչ հեռու գործընթաց է, կոնկրետ զիջումների մասին․․․ ներկաներից մեկն ասաց, որ հիմա այնպիսի կռիվ է, որ զգացվում է, թե ինչպիսի նպատակներ է իր առջեւ դրել թշնամին, ուստի խոսել ինչ-որ փոխզիջումների մասին, հիմա դրա ժամանակը չէ»,- պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը։