Ֆիլմի ավարտին սպասելիս

Ֆիլմի ավարտին սպասելիս

Մեր երկիրը մի մեծ կինոթատրոն է հիշեցնում, որի բնակչության գերակշռող մասը դահլիճում նստած հետեւում է էկրանին ծավալվող գործողություններին, մի մասը` էմոցիոնալ արձագանքներով, մյուսները` լուռ ու անտարբեր: Եվ միայն մի փոքր խումբ մարդիկ են այդ ֆիլմում դեր ստացել, ոմանք՝ գլխավոր դերեր, մյուսները` երկրորդական, կան նաեւ մասսովկայում` զանգվածային տեսարաններում նկարահանվողներ: Դահլիճում նստածները տարբեր կրթվածության ու գիտելիքների, բարոյական տարբեր արժեքներ ու սկզբունքներ կրողներ են: Դրանով են պայմանավորված նրանց արձագանքները. ահա տգետների բանակը, որն անզուսպ հռհռում է, երբ ֆիլմի հերոսները սայթաքում են, անհաջողություններ ունենում: Կան մաղձոտ ու վրիժառու մարդիկ, որոնք բավարարում են ստանում, երբ էկրանին տեսնում են, թե ինչպես են մարդկանց բանտարկում, խոշտանգում, ծեծում: Հանդիսատեսի մի մասը սրտից թույլ է, զգացմունքային եւ հաճախ արտասվում է կամ սիրտը բռնում:

Մեր երկիրն ամփոփված է այդ կինոթատրոնում եւ դիտում է «Սրբազան շարժում» ֆիլմը, գլխավոր դերում մի համարձակ ու անձնազոհ հոգեւորական է, մյուս դերերում` հայրենիքի համար անհավասար ու հուսահատ պայքար մղող մի խումբ մարդիկ, մասսովկայում` երբեմն նրանց միացող հանրություն, բայց բնակչության հիմնական մասը դահլիճում է: Այստեղ եւս շատ են նրանք, որոնք երազում են, որ ֆիլմը հեփի-էնդ ունենա` սրբազանի հաղթանակով ավարտվի: Մի փոքր հատվածը հույս է փայփայում, որ սրբազանը կպարտվի, եւ իրենք կշարունակեն երկիրը հարստահարելու, կողոպտելու, հանձնելու, ծվեն-ծվեն անելու ստոր միսիան: Մի հատված էլ անտարբեր է` ո՛չ սրբազանի կողմից է, ո՛չ հակահայերի: Նրանք այս ֆիլմը դիտում են այնպես, ինչպես հեռավոր Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններին կհետեւեին: