Պապին էլի դպրոց տարան

Պապին էլի դպրոց տարան

Ապրած կյանքի յոթ տասնամյակի 17 տարին դպրոցին նվիրած պապը, որ յոթ տարի առաջ ոտք դրեց իր նվիրական ջանքերի արդյունքում կառուցված դպրոց՝ առիթը Արգիշտի թոռնիկի առաջին զանգն էր, իսկ պապի առաջին այցն` իր կառուցած դպրոց: 

Երեխայի դպրոցական դառնալուն ընտանիքում բոլորն են սպասում ու ուրախանում, սակայն առանձնակի ուրախ և երջանիկ էր Արգիշտին, որ Գագիկ պապի դպրոցն էր գնալու և առաջին ուսուցիչն էլ սիրելի Անո տատն էր լինելու: 

Թոռան երջանկությունն ու պապի հուզմունքը նկատել էր վաստակաշատ լրագրող, այսօր արդեն պայծառահիշատակ Ջանիբեկ Ղուկասյանը, ում հեղինակած «Թոռը պապին տարավ դպրոց» խորիմաստ ու հուզիչ ակնարկը տպագրվեց «Մաշտոց» հանդեսի սեպտեմբերյան համարում: Բազմափորձ լրագրողը գրառել էր այն, ինչ զգացել ու ընկալել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան առաջին դպրոցի առաջին զանգի արարողությանը ներկա լինելով: Իսկ ի՞նչ էր զգում և ի՞նչ ապրումներ ուներ նրա կրտսեր ընկեր Գագիկ պապիկը, այդ մասին յոթ տարի անց փորձեմ համառոտ նկարագրել: 
Դպրոցի բակ մտնելուն պես մտաբերեցի 1995 թվականի այն հիշարժան օրը, երբ երջանկահիշատակ Գարեգին Ա Վեհափառ Հայրապետը Օրհնեց երկրաշարժից ավերակ դպրոցի մասնաշենքը և ներկաներին առաջին Մաշտոցյան դասն ավանդելով՝ պատգամեց. «Դպրոցը հոգևոր երևույթ է, որը կայանում է աշակերտների հոգիներում ու սրտերում»։ Մտաբերում եմ նաև Վեհափառի այսօր արդեն ի կատար ածված խոստումը՝ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օժանդակությունը բերել երկրաշարժից ավերված դպրոցական մասնաշենքի ամրացման և վերակառուցման գործին»։

Էլի հիշողությունների գիրկն եմ ընկնում՝ չնայած գրելն սկսեցի Վահան թոռնիկիս դպրոցական առաջին զանգի արարողությունը թղթին հանձնելու միտումով։

Արգիշտի թոռնիկիս դպրոց բերելուց անցել է 7 տարի։ Սակայն կարգերն ու բարքերն այնքան են փոխվել, որ Վահան թոռնիկիս իմ տնօրինության օրոք կառուցված դպրոց ընդունելու համար միայն իմ ցանկությունը բավական չէր՝ ԿԳՄՍ նախարարությունը երեխաներին դպրոց ընդունելու վիրտուալ նոր կարգ էր սահմանել, որի արդյունքում լավ համարում ունեցող դպրոց երեխայի ընդունվելը բուհ ընդունվելուց դժվար է դարձել։ Դուստրս այս կարգի մասին տեղյակ լինելով՝ որպեսզի ինձ չզայրացնի ու խնայի առողջությունս, դիմում է «Մաշտոց» հանդեսի խմբագիրներից Արմինե Մելքոնյանին, ով այդպիսի գործերում առավել հմուտ է, որ սահմանված կարգով թոռնիկիս իմ կառուցած դպրոց ընդունվելու խնդիրը լուծի։ Բարեբախտաբար, Արմինեին դա հաջողվում է, ինչի համար չգիտեմ՝ ե՞ս պետք է շնորհակալ լինեմ Արմինեին, թե՞ Վահանի առաջին ուսուցիչը դարձած Անո տատը։ Ի դեպ, Անո տատին վիճակվել է լինել նաև Վահանի ավագ եղբոր՝ Արգիշտիի առաջին ուսուցիչը, ում շնորհիվ Արգիշտին ցայսօր գերազանցիկ աշակերտ է և նպատակ ունի «մաթեմի դասատու»  դառնալ։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան դպրոցի առաջին զանգը առաջինն էր նաև դպրոցի նորանշանակ տնօրենի համար։ 2023-2024 ուսումնական տարին չավարտված՝ առողջական վիճակով պայմանավորված անաշխատունակ էր դարձել դպրոցի նվիրակ տնօրեն Լիլիթ Սարուխանյանը, ում առաջարկությամբ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար դարձավ նույն դպրոցի ֆրանսերենի ուսուցիչ Աննա Զուլոյանը։ Ցավոք, բոլորիս շատ սիրելի Լիլիթն անժամանակ հեռացավ մեզնից, դպրոցից ու կյանքից։ Նրանից դպրոցի ուսուցիչներին ու աշակերտներին հուշ մնաց դպրության գործին ունեցած անմնացորդ նվիրումն ու մեծ ներդրումը։ Նրա ջանքերի ադյունքում դպրոցում բացված SMART տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասասենյակն այսօր արդեն կոչվում է Լիլիթ Սարուխանյանի անվամբ։

Թվում է, թե շեղվում եմ բուն ասելիքիցս, սակայն այս դպրոցը իրականություն դարձած իմ երազն է, որում ապրած և ներկայիս ապրող ու ապրեցնող տնօրենները երկուսն էլ իմ ընկերների դուստրերն են։ Դրանով է նաև պայմանավորված իմ առանձնակի վերաբերմունքը այս դպրոցին։ 

Պայծառահիշատակ Լիլիթ Սարուխանյանի հետ նախաձեռնեցինք հոգուս խորքում երկար տարիներ փայփայած նպատակը իրականություն դարձնելու՝ դպրոցից հանիրավի օտարված մասնաշենքը մեր կրթօջախին վերադարձնելու գործընթացը։ Այդ կապակցությամբ «Մաշտոց» ՀԿ նախագահության հանձնարարականով դիմեցի ՀՀ նորընտիր վարչապետին։ Այնուհետև ՀՀ պետական ռեգիստրում գրանցվեց «Հայ դպրության և առաջին Ազգային Հերոս Վազգեն Առաջին Վեհափառ Հայրապետի թանգարան» հիմնարկը, որը ծրագրվել էր տեղակայել դպրոցին վերադարձվելիք մասնաշենքում։ Այդ մասնաշենքում են տեղակայվելու նաև «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի գրադարանը, հրատարակչությունը, հեռուստախմբագրությունը, ֆիլմադարանը, գեղարվեստի հավաքածուն, որոնք սահմանված կարգով հասարակական կազմակերպությունը նվիրաբերելու է պետական դպրոցին։
Դպրոցի բակում 25 տարվա վաղեմության մի պայծառ հուշ էլ արթնացավ, որ այդքան տարի անց դեռ ապրում է իմ մեջ։ Կրթահամալիրի հոգաբարձու, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի հետ Պատվո հոգաբարձու, Գարեգին Ա Վեհափառ Հայրապետի ընդունելությունն էինք հայցել։ Վեհափառը վատառողջ էր, նոր էր վիրահատվել և խոսքաշեն Հայրապետը կոկորդի վիրահատության արդյունքում չէր կարողանում խոսել ու բացարձակապես ոչ մեկին չէր ընդունում։ 

Տեղեկացնում են, որ ընդունելություն են խնդրում ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը և Վազգեն Առաջինի անվան Վանաձորի կրթահամալիրի տնօրեն Գագիկ Աթաբեկյանը։ Վեհափառ Հայրապետը համաձայնում է մեզ ընդունել։ Ես հրապարակում եմ կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի որոշումը, իսկ Արամ Մանուկյանը հանձնում է «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալը։ Ի դեպ, իր երջանկահիշատակ նախորդի անվան մեդալն առաջինը Գարեգին Ա Վեհափառ Հայրապետին ընծայվեց։ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարություն ճառագող աչքերը թրջվեցին։ Վեհափառը գրասեղանին դրված նոթատետրի բացված էջին իր ասելիքը համառոտ գրեց և մեկնեց ինձ։ Ձեռագիր մասունքն ստացա, Աջը համբուրեցի, և հրաժեշտ տվեցինք մեր կրթահամալիրի Պատվո հոգաբարձու Գարեգին Առաջինողիկոսին։ Դա մեր վերջին հանդիպումն էր։ 

Վեհափառի ձեռագիր պատգամածը սրբորեն պահպանում եմ կրթօջախում բացվելիք «Հայ դպրության և առաջին Ազգային Հերոս Վազգեն Առաջին Վեհափառ Հայրապետի» թանգարանին ընծայելու համար.
«Խորապէս ազդուած եմ Ձեր այս գեղեցիկ և օրինակելի արարքի համար։
Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի յիշատակը քաղցր է և անմահ։ 
Գնահատում եմ Ձեր նվիրյալ ջանքերը դպրոցը պահելու համար բարգաւաճ վիճակում, որպեսզի Մաշտոցի կտակը մնայ սուրբ բոլոր աշակերտների համար։
Բյուր օրհնություններով Մայր Աթոռ Ս. Էջմիածնից
26 / 4 / 99 
Ի Ս. Էջմիածին, Գարեգին Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց»։
2024-2025 ուսումնական տարին մեկնարկեց կիրակի օրով։ Վազգեն Առաջին Վեհափառ Հայրապետի անունը կրող կրթօջախի բակն այսօր առաջին դասարանցիներինն է, նրանց առաջին դպրոցական զանգն է ղողանջելու, կայանալու է նրանց առաջին հանդիպումը իրենց առաջին ուսուցչին և առաջին անգամ ոտք են դնելու մի տաճար, որի կամարների ներքո թևածում է գիտելիքի ու իմացության լույսը… Պահը, մկրտության արարողության նման, իրոք, տպավորիչ է ու հիշարժան, արարողություն, որի արդյունքում մանուկ երեխան փոխակերպվում է դպրոցական աշակերտի։
Առաջին զանգը ղողանջեց … առաջին դասարանցիները առաջին անգամ մտան առաջին դպրոց… առաջին անգամ մտան իրենց դասարան… առաջին անգամ նստեցին իրենց նստարանին… սկսվեց Առաջին Դասը…

Գագիկ ԱԹԱԲԵԿՅԱՆ
«Մաշտոց» հանդեսի խմբագրապետ, 
Վահան դպրոցականի պապիկ