Իրանն ուզում է մասնակցել արցախյան հողերում ադրբեջանական տնտեսական նախագծերին

Իրանն ուզում է մասնակցել արցախյան հողերում ադրբեջանական տնտեսական նախագծերին

Իրանի Արևելյան Ադրբեջանական նահանգը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ադրբեջանի Հանրապետության տնտեսական և շինարարական նախագծերի իրականացման մեջ նրա նոր «ազատագրված» տարածքներում:

Գրել է իրանական «Իռնա» լրատվական գործակալությունը։

Չորեքշաբթի օրը՝ Բաքու (Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք) եռօրյա այցի ավարտին, Արևելյան Ադրբեջան նահանգի տնտեսական հարցերով փոխնահանգապետ Ալի Ջահանգիրին լրագրողներին ասել է, որ արդյունաբերական և շինարարական նյութերի արտադրությամբ զբաղվող իրանական ընկերությունները պատրաստ են համագործակցել 2020 թվականին Բաքվի և Երեւանի միջեւ վեց շաբաթ տեւած պատերազմից հետևանքով «Հայաստանից ազատագրված [Ադրբեջանի կողմից բռնազավթված արցախյան] հողերի շինարարական նախագծերում»:

«Մեծածավալ ապրանքների տեղափոխման գինը կարևոր խնդիր է, ուստի Արևելյան Ադրբեջան նահանգը, հատկապես Թավրիզը (նահանգի մայրաքաղաք), մոտիկության շնորհիվ ապրանքներն Ադրբեջանի Հանրապետություն առաքելու լավագույն տեղն է», - ասել է նահանգային պաշտոնյան՝ նշելով, որ օտարերկրյա ընկերությունները նույնպես կարող են իրենց պահանջված ապրանքների մի մասը ձեռք բերել այս նահանգից:

Ջահանգիրին հավելել է, որ երկու կողմերը քննարկել են «ազատագրված տարածքներում, մասնավորապես քաղաքացիական և ենթակառուցվածքային ծրագրերում, համագործակցության ընդլայնման ուղիները»:

Իրանցի պաշտոնյան մատնանշել է երկու երկրների «իշխանությունների կառուցողական բանակցությունները», ինչպես նաև «համատեղ ներդրումներն ավելացնելու պատրաստակամությունը»: 

Փոխնահանգապետի խոսքերով՝ երկուստեք կողմերն ընդգծել են «տեխնոլոգիական և արդյունաբերական համագործակցությունը խթանելու համար ավանդական առևտրից հրաժարվելու անհրաժեշտությունը»: