Բացարկ հայտնեցին Քոչարյանի գործով դատախազ Պետրոս Պետրոսյանին 

Բացարկ հայտնեցին Քոչարյանի գործով դատախազ Պետրոս Պետրոսյանին 

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստը։ Նիստին պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը բացարկ ներկայացրեց մեղադրողներից Պետրոս Պետրոսյանի վերաբերյալ։

Խուդոյանը բացարկ ներկայացնելիս նշեց, որ քննիչի գործողությունների օրինականությանը հետեւում է դատախազը, նախաքննության  ընթացքում թույլ տված խախտումների վերաբերյալ տեղյակ է եղել դատախազ Պետրոս Պետրոսյանը, որը միջոց չի ձեռնարկել դրանք շտկելու վերաբերյալ․ «Դատախազը նպատակ ունի հետեւել գործի քննության օրինականությանը։ Մենք կալանավորման վերաբերյալ դատական նիստերի ընթացքում նշել ենք, որ Արշակ Կարապետյանի հետ իրական առերեսում տեղի չի ունեցել, քննիչը շարունակել է ցուցմունք վերցնել՝ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ։ Պարոն Պետրոսյանին դա հայտնի է եղել»։

Պաշտպանը նաեւ նշեց, որ Պետրոս Պետրոսյանի գործողությունները խաթարել են այս դատական պրոցեսը․ «Մենք արձանագրում ենք, որ վարույթն իրականացնող մարմինն ու դատախազությունը փչացրել են այս գործը»։

Պաշտպանական կողմը միացավ ներկայացված միջնորդությանը։
Աշխատանքային ժամի ավարտի պատճառով՝ դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստին կշարունակվի միջնորդության քննարկումը։