Ապօրինի շինություն է կառուցվել, ապա քանդվել

Ապօրինի շինություն է կառուցվել, ապա քանդվել

Մենք նամակ ենք ստացել քաղաքացիներից մեկից, որը ուշագրավ տեղեկություններ է փոխանցել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում կառուցված ապօրինի մի շինության վերաբերյալ։ Ըստ քաղաքացու, որի անունը հասկանալի պատճառներով չենք նշում, շինության հետևում կանգնած է Ավանի փոխթաղապետը․

«Երևանցիների բազմաթիվ բողոքները՝ թե՛ Երևանի քաղաքապետարան, թե՛ թաղապետարան՝ Խուդյակով 188/2 հասցեի  հարևանությամբ ապօրինի, առանց շինթույլտվության այս անհրապույր կառույցի շինարարությունը կասեցնելուն ուղղված չտվեցին իր արդյունքը։ Շինությունը  կառուցվեց՝ թքած ունենալով երևանցիների բողոքների վրա, թքած ունենալով նաև Մեսշչյանի ասածների վրա՝ թե իբր այլևս ապօրինի, առանց շինթույլտվության կառույց չի կառուցվելու։ Այս ամենի վրա թքած ունեցան, քանի որ սրա հետևում կանգնած է Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը, որը ասել է՝ «Դե ես էլ մի բան պիտի՞ ունենամ, թե՞ չէ», ու 2-3 շաբաթում արագ կառուցել են այս կառույցը, որը պիտի նա օգտագործի՝ հատվածական կամ ամբողջական առանց վարձակալության, քանի որ միջնորդել է, որ ապօրինի կառուցվի։ Վստահ ենք, որ Ավանի թաղապետը ևս թեմայի մեջ է կամ գոնե աչք է փակել, եթե ոչ, ապա ավելի վատ։ Դե, եթե թաղապետն էլ տեղյակ է, ուրեմն, մեր «կարգին» քաղաքապետը թքած ունենալով օրենքի վրա՝ նույնպես տեղյակ է։ Պահանջում ենք անհապաղ քանդել ու պատժել բոլոր օրինազանցներին »,- գրում է քաղաքացին։

Մենք կապ հաստատեցինք Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի հետ՝ հարցնելով, թե տեղյա՞կ է այդ շինության մասին․

Ես այդ շինարարության մասին տեղյակ եմ, դեպքը արձանագրվել է, 400 հազար դրամ տուգանք է տրվել հենց հաջորդ առավոտը, իսկ ներկայումս ապամոնտաժված է»։

Հարցրինք, թե տեղակալ Ներսես Պողոսյանը որևէ կապ ունեցե՞լ է շինարարության հետ՝ «բացարձակ»,- պատասխանեց Դանիելյանը։