Պատերազմ չի լինի, կլինի վերջնական եւ անվերապահ կապիտուլյացիա

Պատերազմ չի լինի, կլինի վերջնական եւ անվերապահ կապիտուլյացիա

Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը, իբրեւ բռնապետեր, մտածում են իրենց իշխանությունը հնարավորինս երկարաձգելու մասին. տարբերությունն այն է, որ Փաշինյանը դա ուզում է անել Ալիեւի պահանջները հնազանդորեն կատարելու միջոցով, որ Ալիեւը նոր պատերազմի միջոցով իրեն չպաշտոնազրկի, իսկ Ալիեւն ուզում է հասնել Հայաստանի վերջնական եւ անվերապահ կապիտուլյացիային՝ դրանով վաստակելով համազգային հերոսի ճանաչում, չնայած որ Ադրբեջանում նա արդեն դիտվում է որպես այդպիսին: Հայաստանի անվերապահ կապիտուլյացիան պետք է արձանագրվի Փաշինյանի կողմից կազմակերպվող Սահմանադրության փոփոխությամբ, որը նշանակելու է հրաժարում Հայաստանի անկախությունից եւ Հայաստանի հասարակության կողմից Ադրբեջանի գերիշխանության ճանաչում:

Սահմանադրության փոփոխության հանրաքվեն տեղի է ունենալու Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, թուրքական TRT World հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսելով խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարի մասին, ասել է. «Այժմ ամեն ինչ կախված է հայկական կողմի գործողություններից: Մենք տեսնում ենք, որ հայ պաշտոնյաները հայտարարություններ են անում Սահմանադրության փոփոխության մասին, սակայն առաջարկվող փոփոխությունների բովանդակությունը մնում է անհասկանալի, մանրամասները չեն բացահայտվում»: Սա նշանակում է ընդամենը մի բան. Ադրբեջանը պահանջում է, որ նոր Սահմանադրության տեքստը` մանրամասները համաձայնեցվեն իրենց հետ, իրենք պետք է համաձայն լինեն դրանց հետ, որից հետո միայն այն կարող է դրվել «հանրաքվեի»:

Ալիեւը Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի շրջանավարտ է եւ շատ լավ է պատկերացնում միջազգային հարաբերությունների բնույթն ու էությունը: Ելույթ ունենալով Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում` ADA կազմակերպված «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումում, Ալիեւը խոսել է ռուս-ուկրաինական պատերազմի հեռանկարի մասին. «Որպես մի երկրի ղեկավար, որը երկու բաց պատերազմ է ապրել եւ տեսել է միջանկյալ ժամանակաշրջանը, կարող եմ ասել, որ հրադադարը երբեք չի ավարտում պատերազմը: Այն պարզապես ժամանակավոր հնարավորություն է երկրների համար՝ վերախմբավորվելու, մոբիլիզացվելու եւ ամեն ինչ նորից սկսելու համար: Ցավոք, պատերազմներն ավարտվում են, երբ տեղի է ունենում կապիտուլյացիայի վերջնական ակտը»: Թեեւ Ալիեւը խոսում է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտի մասին, բայց նրա վերաբերմունքը պատերազմի ավարտի մասին ձեւավորվել է Հայաստան-Ադրբեջան պատերազմի արդյունքում: Նա ասում է, որ Հայաստան-Ադրբեջան պատերազմը եւս ավարտվելու է կողմերից մեկի վերջնական կապիտուլյացիայով, հիմա ընդամենը հրադադարի ռեժիմ է, որը ինքն օգտագործում է վերախմբավորվելու, մոբիլիզացիայի եւ վերազինման համար: Ահա ինչու Ալիեւը չի ստորագրում խաղաղության համաձայնագիր կոչվող փաստաթուղթը` նրան պետք է Հայաստանի վերջնական կապիտուլյացիան: Իսկ ինչ է նշանակում վերջնական կապիտուլյացիա` դա հակառակորդի բոլոր պահանջների եւ իրավունքների ճանաչումն է, դրանց կատարումը, հակառակորդի գերիշխանության ճանաչումը եւ նրա վերահսկողության տակ անցնելը: Համեմատության համար նայեք, թե ինչ եղավ Գերմանիայի հետ, երբ 1945 թվականին ստորագրվեց վերջնական կապիտուլյացիայի ակտը` Գերմանիան կիսվեց երկու մասի, մի մասի վերահսկողությունն անցավ Խորհրդային Միությանը, մյուսինը` ԱՄՆ-ին:

Երբ Ալիեւը խոսում է վերջնական կապիտուլյացիայի, հրադադարի ժամանակաշրջանը վերազինվելու նպատակով օգտագործելու մասին, տեսեք, թե ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը. «Այստեղ պրոբլեմը ոչ միայն այն է, որ հայաստանյան քաղաքական եւ հանրային որոշ դերակատարներ հաճախ դառնում են օտար ասելիքների քարոզչական գործակալներ, այլեւ այն, որ դուրս է թողնվում ամենակարեւոր հարցը՝ իսկ ի՞նչ ենք ասում մենք։ Սա հաճախ չի էլ կարեւորվում եւ սա Սան Ստեֆանոյի եւ Բեռլինի ռելիկտային մտածողությունն է, համաձայն որի՝ մենք կա՛մ ասելիք չունենք, կա՛մ մեր ասելիքը կարեւոր չէ։ Մինչդեռ մեր ճակատագրի համար ամենակարեւորը մեր ասելիքն է, որովհետեւ մեր ասելիքն է մեր ճակատագիրը կառավարելու առաջնային գործիքը։ Իսկ մենք ասում ենք՝ Հայաստան-Ադրբեջան նոր սրացում եւ նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»։

Փաշինյանն ասում է, որ ոչ մեկը չի կարեւորում, թե ինքն ինչ է ասում (ինքն իր մասին երրորդ դեմքով է խոսում, ինքը համարյա Լյուդովիկոս 14-րդն է): Բայց դա նրանից է, որ նա հայտնի է իր ստախոսությամբ, նրա խոսքը որեւէ արժեք չունի, նա այսօր կարող է մի բան ասել, վաղը՝ դրա ճիշտ հակառակը եւ հետո հայտարարել, որ դա ոչ թե ստախոսություն է, այլ ինքն իր խոսքը փոխում է աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին համահունչ կամ չի հիշում, որ նման բան է ասել, իսկ եթե չի հիշում, ուրեմն չի էլ ասել: Ո՞վ է հավատում այն մարդուն, որը կարող է անվերջ սուտ խոսել: Մարդուն նույնիսկ մեկ սուտը չեն ներում, ուր մնաց՝ հարյուրավորները կամ հազարավորները: Կամ` ինչպե՞ս Փաշինյանը կարող է ասել, որ նոր սրացում կամ նոր պատերազմ չի լինելու: Չէ՞ որ նոր պատերազմ հրահրողը կարող է Ադրբեջանը լինել, ինքը որտեղի՞ց գիտի՝ Ադրբեջանը գնալո՞ւ է նոր պատերազմի, թե՞ ոչ: Դատելով Ալիեւի խոսքերից` նա հենց այդպես էլ անելու է: 

Փաշինյանը միայն մի դեպքում կարող է վստահաբար ասել, որ նոր պատերազմ կամ սրացում չի լինելու, եթե պատրաստվում է կատարել Ալիեւի բոլոր պահանջները, այդ թվում եւ Հայաստանի անվերապահ հնազանդեցումն Ադրբեջանին: Ինչպես ասացինք` դա կարող է տեղի ունենալ սահմանադրական հանրաքվեի ճանապարհով, որը հենց Հայաստանի հնազանդեցումն է Ադրբեջանին: Փաշինյանը կարող է ասել, որ ոչ թե ես ընդունեցի եւ ճանաչեցի Ադրբեջանի գերիշխանությունը Հայաստանի նկատմամբ, այլ դուք` ձեր քվեարկությամբ: Հանրաքվե կոչվածը տեղի է ունենալու Ադրբեջանի ուժի թելադրանքի տակ. կա՛մ հայ հասարակությունը կողմ է քվեարկում նոր Սահմանադրությանը եւ ճանաչում է Ադրբեջանի գերիշխանությունը, կա՛մ մերժում է, եւ լինում է նոր պատերազմ: Փաշինյանին դա պետք է իր պաշտոնավարումը երկարաձգելու համար, եթե քվեարկում ես նոր սահմանադրության օգտին, քվեարկում ես նաեւ Փաշինյանի օգտին, որ նա կյանքի կոչի խաղաղության, իրականում՝ ադրբեջանական հպատակեցման քաղաքականությունը: Ահա այսպես, Ալիեւը եւ հայաստանյան իր ճուտը փոխադարձ պայմանավորվածությամբ եւ լիարժեք փոխըմբռնմամբ պատրաստվում են Հայաստանը տանել վերջնական եւ անվերապահ կապիտուլյացիայի: