Ով սխալվեց եւ ով էր ճիշտ

Ով սխալվեց եւ ով էր ճիշտ

Երբ անհատի ծրագրերն իրականություն չեն դառնում, ասում ենք` խելքն ու գիտելիքը չհերիքեցին, ճիշտ հաշվարկ չարեց, գլխից մեծ գործ բռնեց, ոտքերն իր վերմակով չմեկնեց: Իսկ ի՞նչ են ասում, երբ հզոր գերտերություններն են իրենց հաշվարկներում սխալվում, երբ նրանց գծած ծրագրերը ձախողվում են: Այն էլ ինչ գերտերություններ` հսկայական ռեսուրսներ ու հարուստ փորձ, պետական կայացած ինստիտուտներ, հսկայական գիտահետազոտական եւ վերլուծական կենտրոններ, համալսարաններ, հմուտ դիվանագետներ ու պետական այրեր ունեցող: Ուզենք թե չուզենք` պետք է խոստովանենք, որ արեւմտյան աշխարհը սխալ հաշվարկների վրա էր կառուցել իր քաղաքականությունը: Ահռելի քանակությամբ զենք-զինամթերք արտադրվեց, անհաշվելի չափերի եւ ուժգնության սանկցիաներ կիրառվեցին, ժողովրդավարության արժեքներից անգամ զգալի զիջումների գնացին` հանուն հաղթանակի: Գրեթե ողջ աշխարհը համախմբվեց` ընդդեմ Ռուսաստանի, սակայն նրան հաղթել չհաջողվեց:

Չնայած Ռուսաստանը քիչ թե շատ ճանաչող, միջին վերլուծական կարողությունների տեր բազմաթիվ մարդիկ դեռ 22-ին զգուշացնում էին, որ անհաղթահարելի խնդիր է իր առաջ դրել Արեւմուտքը` հնարավոր չէ հաղթել միջուկային գերտերությանը, որի ժողովուրդը սովոր է երկարամյա պատերազմների, որը Լենինգրադի բլոկադա է ապրել, Նապոլեոն ու Հիտլեր է հաղթել` անպատմելի զրկանքների գնով, որտեղ մարդու կյանքն այնքան անարժեք է, որ կարող են միլիոնավոր զոհեր ունենալ եւ դա նորմալ համարել: Աշխարհը սխալվեց իր հաշվարկներում, բայց այդ հաշվարկի մամլիչն իր վրա կրում է ուկրաինական ժողովուրդը, որին պետք է արժանին մատուցել` որպես կռվող, պայքարող, իր հողը պաշտպանող ժողովրդի: Եվ որքան էլ դրանում աններելի մեծ է Զելենսկու մեղքի բաժինը, անհնար է նաեւ նրան չկարեկցել: