Հայաստանի պատմության թանգարանը որեւէ մեկի ամբիցիաներին հագուրդ տալու սեփականությունը չէ

Հայաստանի պատմության թանգարանը որեւէ մեկի ամբիցիաներին հագուրդ տալու սեփականությունը չէ

Օրեր առաջ Կարմիր բլուրում ուրարտական դիցարանի` եղանակի, տարերքի աստված Թեյշեբայի կավե արձանիկի թրծման միջոցառումը նախ հայտնվեց Հայաստանի պատմության թանգարանի թիրախում, ապա դարձավ վերջին 2 օրերի ֆեյսբուքյան քննարկումների թոփ թեմաներից մեկը։ 

Հայաստանի պատմության թանգարանի կողմից խնդիրը ներկայացվեց հեղինակային իրավունքի տեսանկյունից, ՀՊԹ-ն իր ֆեյսբուքյան էջում դիմել էր իր հետեւորդներին` նշելով, որ Հայաստանի պատմության թանգարանում պահպանվող ուրարտական եզակի նմուշներից մեկի՝ Թեյշեբա աստծո արձանիկի նմանությամբ պատրաստված կավե արձանի հանդիսավոր թրծումը, ապա թեփի միջոցով այրման էֆեկտներով ներկայացումը կատարվել են առանց Հայաստանի պատմության թանգարանի իմացության ու համաձայնության։ 

«Ք․ ա․ VIII-VII դդ․ թվագրվող, Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված բնօրինակ բրոնզե արձանիկը դեռ 1940-ական թթ․ պեղվել եւ ցուցադրվում է թանգարանում։ Առաջարկում ենք բոլոր արվեստագետներին, մշակութային ժառանգության հետ առնչություն ունեցող անձանց ու կազմակերպություններին, տնտեսվարողներին ու անհատներին` զերծ մնալ առանց պայմանավորվածության եւ համաձայնության թանգարանի հավաքածուներում ներառված ցուցանմուշների կրկնօրինակումից կամ տարբեր նպատակներով օգտագործումից։ Փոխարենը, կարող եք այցելել եւ վայելել բնօրինակ արձանիկը եւ մշակութային ժառանգության այլ իրական գոհարներ` Հայաստանի պատմության թանգարանում»,-ասված է թանգարանի հայտարարության մեջ։ 

Սակայն այն բանից հետո, երբ բազմաթիվ օգտատերեր սկսեցին մատնանշել ՀՊԹ-ի իրական մոտիվը, այն է՝ Էրեբունի թանգարանի արդեն նախկին տնօրեն Միքայել Բադալյանի առնչությունն այս միջոցառմանը, ըստ էության, պարզ է, որ այս հայտարարությունն էլ ուղղված էր հենց նրա դեմ, ով հետեւողականորեն բարձրաձայնում էր 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում տեղ գտած սխալները: Աղմուկից հետո թանգարանը լրացուցիչ պարզաբանումով հանդես եկավ` նշելով, որ հրապարակումն ուղղված չէ որեւէ անձի կամ կազմակերպության դեմ․ «Այս գրառման նպատակն այն է, որ թանգարանների հետ համագործակցության եւ փոխհամաձայնեցված գործելու մշակույթ ձեւավորվի, եւ թանգարանային հավաքածուները ներկայացնելու ու մեկնաբանելու գործընթացում թանգարանները վճռորոշ դերակատարում ունենան՝ որպես այդ ժառանգությունը պահպանող եւ փոխանցող գիտամշակութային կառույցներ»։ 

Նման իրավիճակներում Հայաստանի պատմության թանգարանի հետ համաձայնեցնելու կամ թույլտվություն վերցնելու հետ կապված` արվեստաբան Լիլիթ Սարգսյանը մասնավորապես նկատել էր․ «Եթե որեւէ մեկը ԿՈՄԵՐՑԻՈՆ նպատակով պատճեներ եւ բազմացներ արձանիկը, տեղին կլիներ թանգարանի ընդվզումը: Սակայն այս պարագայում որեւէ իրավախախտում չի եղել: Ճանաչված եւ տաղանդավոր ժամանակակից արվեստագետ Վահրամ Գալստյանի ակցիան զուտ արվեստային էր, ուղղված մեր արմատներին եւ ինքնությանը: Հավելեմ, որ արվեստագետի համար սա նաեւ անձնական իմաստ ունի, քանի որ նա մայրական կողմից Ջանփոլադյանների ազնվական տոհմի ժառանգ է, լուսահոգի Բորիս Պիոտրովսկու կինը, ով գտել է Թեյշեբայի արձանիկը, նրա ազգականն է: Մեր ազնվազարմ նախնիների եւ մեր հին աստվածների ոգեկոչումը եթե ոմանց մոտ ջղաձգություններ է առաջացնում, ապա խնդիրը իրենց մեջ է, ոչ թե արվեստի ու մշակույթի»:

Քանդակագործ Սահակ Պողոսյանն էլ իր գրառման մեջ անդրադարձել էր խնդրի իրավական կողմին․ «Երկու օր ա` ինչ ասես գրեցին, բացի կարեւորից․․․ բոլոր ՄԱՍՆԱՎՈՐ թանգարաների կոլեկցիայում ցուցադրվող էքսպոնատներն իրենց սեփականություններն են, ու ոչ մեկն իրավունք չունի դրանք վերատպել․․․ Բոլոր ՊԵՏԱԿԱՆ թանգարաններում ցուցադրված ստեղծագործությունները պետության ու ժողովրդի սեփականություն են, այդ ստեղծագործությունների վերարտադրությունները ժողովրդի օրինական իրավունքն են․․․ բոլոր անհատ ստեղծագործողների ստեղծագործությունները կարելի է օգտագործել, եթե կա ստեղծագործողի կամ նրա ժառանգների համաձայնությունը․․․այսինքն, պահված է «հեղինակային իրավունքը», ու, վերջապես, կարելի է օգտագործել որեւիցե անհատ ստեղծագործողի ստեղծագործությունը, որի «հեղինակային իրավունքն» արդեն չի վերահսկվում ու չի հսկվում դեռ ողջ ժառանգների կողմից, այսինքն` չունեն «մասնավոր թանգարանի» կարգավիճակ․․․ վաղեմության ժամկետն էլ տարբեր է․․․ 50-ից մինչև 100 տարի է․․․»։

Օգտատերերից մեկն էլ նկատել էր, որ, նույն տրամաբանությամբ, Լուվրը պետք է պայքար մղի Ջոկոնդայի նկարով պոստերների, իսկ Եգիպտոսի պատմության թանգարանն էլ` ամենուրեք վաճառվող կատվի արձանիկների դեմ։ Էլ չասենք, որ այս նույն տրամաբանությամբ Մայր Աթոռն էլ պետք է պայքարի Վերնիսաժում վաճառվող եկեղեցիների մակետների դեմ։ Ի վերջո, խնդրին անդրադարձավ նաեւ Միքայել Բադալյանը` իր ՖԲ էջում անդրադառնալով, թե ինչու բարձրացավ նման աղմուկ․ «Նախ, Հայաստանի պատմության թանգարանը որեւէ մեկի ամբիցիաներին հագուրդ տալու սեփականությունը չէ: Բացի այդ, որքան ես եմ տեղյակ, չկա որեւէ օրենք, համաձայն որի, միջոցառման կազմակերպիչները պետք է դիմեին Հայաստանի պատմության թանգարանին՝ այն պատճառով, որ Թեյշեբայի բրոնզե արձանիկի բնօրինակը գտնվում է վերը նշված թանգարանում: Կավե արձանն իր բնօրինակից առնվազն 10 անգամ մեծ էր եւ փոխված տարբեր դետալներով: Հիմա, ինչո՞ւ բարձրացվեց այս աղմուկը: Ինչպես գիտեք, իմ սկզբունքների, իմ պետականամետ դիրքորոշման համար ես այսօր աշխատանք չունեմ: Բացի այդ, ունեմ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխա, եւ կնոջս հետ փորձում ենք ամեն-ինչ անել նրա համար: Այս ընթացքում շատ բարի մարդիկ են կանգնել մեր կողքին: Իմ խնդիրների մասին բազմիցս կիսվել եմ Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձի հետ: Սակայն, որքան էլ տարօրինակ եւ անսպասելի էր, բարձրացվեց այդ աղմուկը: Կավե արձանի ստեղծման գաղափարը Վահրամի հետ առաջացել է իմ տնօրինության օրոք: Ես բազմիցս խոսել եմ դրա մասին: Ավելին, այդ միջոցառումը դեռեւս անցյալ տարի ներկայացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որը պետք է իրականացվեր Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում: Միջոցառման վերաբերյալ համապատասխան նախարարության կողմից որեւէ առարկություն չի եղել: Սակայն մենք որոշեցինք արձանի թրծման արարողությունը հետաձգել, քանի որ Վահրամը համարում էր, որ նրա վրա դեռեւս աշխատելու դետալներ կան:

Ես կարծում եմ, որ այս աղմուկը բարձրացվեց իմ դեմ իրականացվող հաշվեհարդարի արշավի շրջանակներում: Այլ հարց է` դա արվեց ուղիղ ցուցումո՞վ, թե՞ ինչ-որ անձանց հաճոյանալու համար: Իմ անձնական կարծիքն է: 
Ինձ համար Թեյշեբայի կավե արձանի թրծմանը վերաբերող քննադատությունները կարող էին ընդունելի լինել, եթե նույն խանդավառությամբ, օրինակ, Հայաստանի պատմության թանգարանի եւ նրա տնօրենի պաշտոնը զբաղեցնողի ֆեյսբուքյան էջերում լինեին 2021 թվականի հունիս ամսին հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եզրափակիչ հանրահավաքի ժամանակ Հայաստանի պատմության թանգարանի շենքի կենտրոնական հատվածը նախընտրական պաստառներով ծածկելու հանգամանքը քննադատող ստատուսներ: Բա դա օրենքի խախտում չէ՞ր: Բա չթողնեիր, որ այդ պաստառները փակցնեին: Դուխդ չէ՞ր հերիքում, թե՞ այդպես էր պետք… Մակարդակից ու ճաշակից խոսելուց առաջ նախեւառաջ կարելի է նայել սեփական ցուցադրությունները եւ գուցե` հայելուն»: