Գալիս են նոր կուսակցություններ՝ իշխանություն դառնալու

Գալիս են նոր կուսակցություններ՝ իշխանություն դառնալու

Փետրվարին մի շարք կուսակցություններ համագումարներ են անելու՝ այդպիսով քաղաքական դաշտ մտնելու հայտ ներկայացնելով։

Նրանցից մի քանիսի, մասնավորապես «Կայունություն» «Իմ Հայաստան», «Բարոյական արժեքներ» նախաձեռնություն մասին ներկայացրել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում։ Այսօր մենք անդրադարձել ենք «Իրավական պետություն» եւ «Իրական ժողովրդավարական» ապագա կուսակցություններին։

«Իրական Ժողովրդավարականից» Սուրեն Պետրոսյանը մեզ հայտնեց, որ իրենք 1,5 տարի եղել են նախաձեռնություն, հիմա տրանսֆորմացիայի պրոցեսի մեջ են․ «Մենք երկար ժամանակ գնում էինք կուսակցություն ստեղծելուն, բայց այս փուլում ավելի ենք արագացրել գործընթացները։ Ընդհանուր առմամբ, պայմանավորված են բազմթիվ գործոններով, իհարկե, մենք չենք հավակնում փրկչի դերին, բայց մենք նպատակ ունենք ձեւավորել նոր քաղաքական մշակույթ, գեներացնել նոր մտքեր»։

Նա նշեց, որ չեն որդեգրել դասական գաղափարախոսություն, որովհետեւ, նրա կարծիքով, փոքր պետությունների համար դրանք այդքան էլ արդյունավետ կարող են չլինել․ «Մենք քաղաքական իմաստով ունենք ազատական մոտեցում, այսինքն՝ այլընտրանքային մասնակցության հնարավորություն պետք է ունենա, տնտեսական հարթությունում ունենք սոցիալական մոտեցում եւ մշակութային առումով՝ պահպանողական։ Մենք նաեւ մեր ծրագրի մեջ մտցրել ենք քաղաքակրթական հարթությունը»։

Այս կուսակցությունը դեմ է ներկա իշխանությանը, բայց նաեւ չի աջակցում ընդդիմադիր ներկա միավորված 17 կուսակցությունների բերած օրակարգերին․ «Մենք կարծում ենք, որ պետք է գեներացվի ամբողջությամբ նոր օրակարգ, նոր գաղափարներ։ Մենք պետք է «ընդդեմը» կերպարանափոխենք «հանունի»։ Իսկ ինչ վերաբերում է ներկա իշխանություներին, ապա նրանց հեռանալը ոչ թե ցանկալի է, այլ օրվա հրամայական եւ նույնիսկ Ազգային անվտանգության խնդիր է»։

Այս կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նրանք անհրաժեշտ թվաքանակով մարդիկ ունեն կուսակցության գրանցման համար։

Ցանկություն ունեն նաեւ ապագայում իշխանություն դառնալու․ «Բնականաբար։ Ընդհանրապես կուսակցության գլխավոր նպատակն է իշխանություն ունենալը, որովհետեւ այդ միջոցով են ի կատար ածվում ծրագրային դրույթները»։

«Իրավական պետություն» ստեղծվելիք կուսակցությունը որոշ ժամանակ նույնանուն հասարակական կազմակերպություն է եղել, այնտեղ են հավաքված հիմնականում փաստաբաններ եւ իրավաբաններ։

Այս նախաձեռնության ներկայացուցիչ Վարդան Քալանթարյանը «Հրապարակ»-ին փոխանցեց, որ ի սկզբանե ցանկություն չեն ունեցել կուսակցություն դառնալու, սակայն այդ որոշմանը եկել են վերջին շրջանում երկրում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված․ «Հասկացանք, որ քաղաքական գործընթացներին մասնակցելու համար կուսակցության հիմնումը դարձավ մեզ համար անհրաժեշտություն»։

Նրանք դեռեւս չեն ուզում բացահայտել՝ ընդդիմադիր են թե դիմադիր․ «Համագումարը չեղած չեմ ուզում նման քննարկում լինի։ Բայց, եթե մենք գոհ լինեինք գործող իշխանությունից, չէինք էլ փորձի կուսակցություն ստեղծել։ Բայց հասկանալով, որ գործող իշխանությունը չի բավարարում պետության մինիմալ շահերը, ուստի այդ բացը տեսնելով, փորձեցինք ինքներս մասնակցություն ունենալ պրոցեսներին եւ մենք մեր ձեռքով ստեղծենք այն երկիրը, որը երազել ենք»։

Այս կուսակցությունը եւս նպատակ ունի մասնակցելու ընտրություններին եւ ապագայում իշխանություն դառնալու․ «Յուրաքանչյուր քաղաքական թիմ իմաստ չէր ունենա, եթե նպատակ չունենար դառնալ իշխանություն, եթե կուսակցություն, ապա մինիմում պետք է դառնա իշխանության մաս, եթե ոչ իշխանություն։ Բնականաբար, այդ ճանապարհով ես փորձում դրական դինամիկա մտցնել պետական կառավարման ոլորտում, հետեւաբար, մենք նմանատիպ ծրագիր ունենք»։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կուսակցությունների այս հիթ-շքերթը բացատրում է առաջիկա կայանալիք ընտրություններով․ «Յուրաքանչյուր նախընտրական սեզոնում միշտ կուսակցությունների ավելացում է լինում։ Քաղաքական պրոցես է, ինչի՞ համար են բացվում, դա այլ խնդիր է, բայց որ բացվում են, որովհետեւ նախընտրական է, դա առավել քան ակնհայտ է»։

Հարցին, թե պրակտիկան ի՞նչ է ցույց տալիս, ընտրություններից հետո վերանո՞ւմ են այդ կուսակցությունները, պատասխանեց․ «Նայած կուսակցություն։ Կուսակցություններ կան, որ ստեղծվել են 90-ականներին, մասնակցում են, չեն անցնում, օրինակ՝ «Կոմունիստական» կուսակցությունը»։