Բռնագանձում են ոչ միայն ազգականների, այլեւ սանիկների ու բաջանաղների գույքը

Բռնագանձում են ոչ միայն ազգականների, այլեւ սանիկների ու բաջանաղների գույքը

«Հրապարակը» զրուցել է փաստաբան Մասիս Մելքոնյանի հետ։

Վերջին օրերին մի շարք հաղորդագրություններ եղան, որ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը նոր վարույթներ է սկսել եւ այդ նախկին պաշտոնյաներին կանչում են բացատրություններ տալու։ Տեղեկացանք, որ վարույթ են սկսել Լիսկայի՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի, Թոխմախի Մհերի՝ Մհեր Սեդրակյանի, ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի հետ կապված։ Մեր ուշադրությունը գրավեց այն, որ ապօրինի բռնագանձման ենթակա գույքի սեփականատերերի ցանկում նշվում են նաեւ տվյալ անձանց ազգականների, անգամ սանիկների ու բաջանաղների անունները։ Ուստի փորձեցինք պարզել, թե օրենքը ինչ նկատի ունի պաշտոնյային փոխկապակցված անձ ասելով, ովքեր են մտնում այդ ցանկի մեջ։

- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի համաձայն ովքեր են համարվում պաշտոնյայի հետ փոխկապակցված անձիք։

- Փոխկապակցված իրավաբանական անձը, մերձավոր ազգականը, ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձը, որի  հետ տվյալ անձը վարում  է ընդհանուր տնտեսություն կամ  ընդհանուր ձեռնարկատիրական գործունեություն․ դա կլինի հարևանի տղա, ընկեր, որի հետ տվյալ անձը վարում է ձեռնարկատիրական գործունեություն, համարվում է փոխկապակցված անձ։ Իսկ փոխկապակցված իրավաբանական անձը՝ դա պետական գրանցմամբ իրավաբանական անձանց ստորաբաժանումներում առկա գրանցումներից բխող իրավահարաբերություններն են՝ չափահաս ծնողը, քույրը, եղբայրը։ Ընտանիքի անդամը արդեն հայտնի է՝ հայր, մայր, համահայր, համամայր։ Եթե ունեն ընդհանուր գույք, ընդհանուր համատեղ սեփականություն կամ փոխկապակցված անձ են։ Կարող է նաև փոխկապակցված անձ լինել, բայց նրանց անունով գրանցված լինի և չհիմնավորվի գույքի ձեռքբերման օրինական հիմունքները, դա արդեն հանդիսանում է բռնագանձման ենթակա գույք։ Գնում է հիմնավորվածության գործընթաց, այսինքն՝ պետք է պարզել օրինական եկամուտ կամ ապօրինի ծագող եկամուտ։

Իրական շահառու կամ փոխկապակցված անձ, կամ փոխկապակցված իրավաբանական անձ և մերձավոր ազգական հասկացությունները, որոնք նորույթ չէին իրավական տիրույթում, Քաղաքացիական և Քրեական օրենսդրությամբ որոշակի իմաստով կարգավորվել են։ Բայց այստեղ ես մի քիչ խնդրահարույց եմ տեսնում իրական շահառու հասկացությունը, որն ինքն իրենից ենթադրում է ֆիզիկական անձ, որը վերահսկում է գործարքները կամ իր անունից, կամ իր վերաբերյալ կնքվել են այդ գործարքները։ Նաև փոխկապակցված անձ կամ շահառու հասակցություններն են մի քիչ խնդրահարույց կամ <անձին պատկանող գույք> հասկացությունը, քանի որ գույքը կարող է սեփականության իրավունքով պատկանի այլ անձին, բայց իրական շահառու հանդիսանա տվյալ անձը, որը հանդիսանում է ուսումնասիրության սուբյեկտ՝ պաշտոնատար անձ, որը կարգավորվում է՝ Հանրային ծառայությունների մասին օրենքում սահմանված հայտարարություն տվող պաշտոնատար անձը։ Այ, այստեղ է այդ ապացուցելու խնդիրը, որը՝ ասենք քաղաքացիաիրավական նորմերով բավականին բարդացված է և ենթադրում է  որոշակի ընթացակարգեր։ Այստեղ կարծես թե թողնված է վարույթն իրականացնող մարմնի հայեցողական որոշմանը։ Այսինքն, ենթադրենք ինքը գրանցված է x անձնավորության անունով, բայց իրական շահառուն հանդիսանում է մեկ այլ անձ, այ այս ապացուցելու խնդիրը մի քիչ կարգավորման կարիք ունի։ Այս մասով ես խնդիրներ եմ տեսնում զուտ օրենսդրական կարգավորման մասով։

- Կան դեպքեր, երբ բռնագանձման ենթակա է համարվում տվյալ պաշտոնյայի ազգականը, որն ապրում է արտերկրում։ Այլ երկրում բնակվող փոխկապակցված անձի գույքն ինչպե՞ս է ուսումնասիրվում  և բռնագանձվում։

- Իրավանորմերի միջազգային պայմանագրերով նախատեսված կարգ կա սահմանված, բազմաթիվ հարցեր կան։ Կարծում եմ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով, եթե միջազգային պայմանագրի կողմ հանդիսացող երկրում է տվյալ սուբյեկտը, որտեղ որ  հետաքրքրող գույքը գտնվում է, արդեն պետք  է համագործակցության շրջանակներում իրականացվեն այդ աշխատանքները։