Սկզբում պետք է սրճարանների խնդիրը լուծել, հետո նոր՝ բարեկարգման նախագիծ անել

Սկզբում պետք է սրճարանների խնդիրը լուծել, հետո նոր՝ բարեկարգման նախագիծ անել

Երեւանի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Ազատության հրապարակի ու դրա շրջակայքի, Մեսրոպ Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտաների, Թումանյան եւ Տերյան փողոցներով պարփակված գոտու վերականգնման ու բարեկարգման համար: Լանդշաֆտային ճարտարապետություն-դիզայն հայեցակարգի բաց հրապարակային մրցույթ է լինելու: Քաղաքապետարանն արդեն մրցույթի կանոնակարգը ներկայացրել է, ժամկետները կհստակեցվեն դրա ընդունումից հետո: 10 հոգուց բաղկացած հանձնաժողով է ձեւավորվել, որի կազմում են նաեւ քաղաքապետ Հայկ Մարությանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 3 մլն դրամ:

Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանն ասում է՝ դա բավականին լուրջ բան է, եւ լավ կլինի, որ կարգի բերվի մեր քաղաքի այդ հատվածը, բայց դժվարանում է ավելին ասել՝ ծանոթ չէ մանրամասներին։ Հնարավո՞ր է Օպերայի ողջ տարածքը բարեկարգել, որտեղ, սրճարաններից բացի, կան նաեւ փոքրիկ կցակառույցներ, կրպակներ, տաղավարներ։ «Երեւի դա էլ հետը կանեն, որովհետեւ լոկալ մի անկյուն վերցնել ու անել, դա ոչ մի բան չի տա, իսկ գլոբալ առումով, եթե այդտեղ խաչմերուկների, մարդկանց խնդիր է, որովհետեւ նախկինում էլի նման մրցույթներ եղել են, ապա դա շատ մեծ աշխատանքների հետ է կապված»։  

Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը չի պատկերացնում, թե ինչպես պետք է բարեկարգեն տարածքը։ «Այդ կրպակները խանգարում են, հետո՝ մինչեւ այդ ռեստորանները չքանդեն, այնտեղ ոչ մի բարեկարգում էլ չի լինի։ Այսինքն՝ լուրջ չի դա, ենթադրենք՝ մարդիկ արեցին եւ ներկայացրին նախագիծ, որտեղ բոլոր ռեստորանները քանդված են, բայց իրենք կարող են դա իրականացնել, թե ոչ՝ Աստված գիտի»,- ասում է նա ու նկատում, որ սկզբում պետք է այդ խնդիրը լուծել, հետո նոր բարեկարգման նախագիծ անել։ Ճարտարապետը կարծում է, որ կգա նաեւ այն օրը, երբ Օպերայի շրջակայքից բոլոր սրճարանները կապամոնտաժվեն․ «Այդ օրն էլ կտեսնենք, որովհետեւ Օպերան հավերժ է, իսկ այս սրճարանները ժամանակավոր բան են, այսօր չեն քանդի, վաղը չէ մյուս օրը կքանդեն»։

Կադաստրի կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանն իր էջում անդրադարձել էր հայտարարված մրցույթին՝ նշելով․ «Չեմ անդրադառնում այդ մրցույթին, քանի որ դա մեկ անգամ եւս ապացուցեց, որ իրականում որեւէ փոփոխություն չկա նման խոշոր մասշտաբով խնդիրներ լուծելու եւ, առհասարակ, նորմալ կազմակերպված ճարտարապետական մրցույթների միջոցով գաղափարներ գեներացնելու համար։ Սակայն փաթեթում աչքիս զարնեց ժյուրիի կամ, այսպես ասած, ընտրող հանձնաժողովի կազմը ու հատկապես՝ մեկ անուն։ Մրցույթում տխրահռչակ Քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է 2012 թ․ ԱՕԿՍ-ի շենքի քանդումն արդարացրած՝ մշակույթի նախարարության նախկին պաշտոնյան»։ Նա, ըստ էության, նկատի է ունեցել Կարո Այվազյանին (ներկայումս՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության խորհրդական)։

Հանձնաժողովի կազմում ընդգրկված Կարո Այվազյանը չի ուզում արձագանքել Ս․ Պետրոսյանի՝ իր հասցեին արված մեկնաբանությանը․ «Թեպետ պատասխան ունեմ»։ Ինչ վերաբերում է մրցույթին, ապա կարծում է՝ մինչեւ հայեցակարգ մշակվի, լավ կլինի, որ նախ իրավական փաստաթղթեր վերանայվեն, որովհետեւ «գոտեվորման նախագծով այդտեղ կառուցապատում է։ Ես նայեցի ու զարմացա, այսինքն` դա պետք է վերանայել, որպեսզի իրավական դաշտի մեջ լինենք։ Դրա համար, որպեսզի հայեցակարգը ձեւավորվի, հենակետային տվյալներ են պետք այդ սրճարանների, հողի հետ կապված, արդյոք վարձակալությա՞մբ են, թե՞ սեփականություն։ Կառուցապատողների հետ պայմանագրերը պետք է նայել։ Ինձ թվում է՝ փուլային պետք է մշակվի այդ նախագիծ-առաջարկը»։

Ինչպե՞ս է հնարավոր բարեկարգում իրականացնել, երբ անցած տարի սկսված սրճարանների ապամոնտաժումը կիսատ մնաց։ «Սովետական Միության ժամանակ այնտեղ միշտ էլ կար մի սրճարան, որը նորմալ է։ Այդ առումով գտնում եմ, որ 1-2 լավ սրճարան կարելի է այդտեղ թողնել։ Լավագույն ասելով՝ այն սրճարանները նկատի ունեմ, որոնք թե՛ տեսողական, թե՛ լանդշաֆտի առումով Օպերայի տեսողական պայմանը չեն խաթարում»,- ասում է Այվազյանն ու հավելում, որ անձամբ ինքը մեծ ուշադրություն է դարձնելու դենդրոլոգիայի ձեւին։ «Օրինակ՝ Ֆրանսիայի հրապարակից ծառերն ամբողջությամբ փակում են այդ հուշարձան-շենքը, եւ ինքը՝ որպես ճարտարապետական դոմինանտ, այդտեղ չի արտահայտվում։ Գուցե լավ բան չեմ ասում, բայց այդ ծառերն արդեն մեծ են, եւ լավ կլիներ, որ դրանք հանվեին, եւ դրա տեղն ավելի ցածր ծառերի տեսակներ տնկվեին։ Չեմ ասում, որ հիմա հանվեն, այլ երբ ժամանակի ընթացքում փչանան, ու տեղը ոչ թե չինար տնկեն, այլ ակացիաների նման ծառեր, որպեսզի շենքը երեւա։ Իսկ այսօրվա դրությամբ լավ կլիներ, որ դրանք էտվեին, որպեսզի շենքը երեւար։ Լավ կլինի, որ տեղ-տեղ արվի նաեւ պարտերային լանդշաֆտ, այսինքն՝ թփերով, փոքր տեսակի ծառերով։ Միաժամանակ համադրելով եւ կարեւորելով նաեւ ծառերի ու ծաղիկների գունային լուծումները, որն էլի լանդշաֆտի հետ է կապված»,- ասում է Այվազյանը, ով կտրականապես դեմ է դեկորատիվ, արհեստական կանաչի լուծումներին, դա ընդունելի կլինի միայն ինժեներական կառույցները՝ օրինակ, դիտահորերը թաքցնելու համար։

Ճիշտ չէ՞ր լինի, որ նախ քաղաքաշինական առումով տարածքը բարեկարգվեր, հետո՝ լանդշաֆտային։ «Այդ բոլոր տվյալները քաղաքապետարանն ունի, թե որն է անօրինական, որը՝ օրինական, որը՝ վարձակալություն, որը՝ սեփականություն։ Այդ առումով ավելորդ ռեսուրսի եւ ժամանակի վատնում չէ այս մրցույթը, որովհետեւ եթե ինչ-որ բան ապամոնտաժվում է, տեղը չի մնա այդպես քանդուքարափ, այլ կարելի է այդ նախագծով իրականացնել։ Շատ կարեւոր է ճիշտ կազմակերպել, թե փուլային ինչ ձեւերով ենք առաջ գնալու»։