Նիկոլ Փաշինյանն, ապացույց չունենալով, հայտարարություններ է արել. Ալումյան

Նիկոլ Փաշինյանն, ապացույց չունենալով, հայտարարություններ է արել. Ալումյան

Նիկոլ Փաշինյանն, ապացույց չունենալով՝ այդ հայտարարություններն արել է, հիմա էլ 1 տարի է՝ դատի ենք տվել, 1 տարվա մեջ ինչքան ապացույցներ կարող էր հավաքել, եթե իր ասածներն իրականության համապատասխանում էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, ներկայացուցիչ Հայկ Ալումյանը։

Նա նշեց, որ 1 տարվա մեջ էլ ոչինչ չեն կարողացել հավաքել, որպես ապացույց բերել են մի ռուսական կայքից 2011 թվականի տեղեկատվություն, թե իբր էս-էս գույքերը պատկանում են Ռոբերտ Քոչարյանին. «Այսքան ժամանակ այսքան հնարավորություն ունենալով ապացույց հավաքելու եւ այսքանից հետո ունենալ միայն ռուսական մի կայքից տպված մի ինֆորմացիա, դա ոչ թե նշանակում է, որ ինքը անհիմն հայտարարություններ է արել, այլ դա նշանակում է, որ այդ հայտարարություններն ի սկզբանե սուտ են եղել»։

Լրագրողի դիտարկմանը, որ այս գործով դատական նիստերը ձգձգվում են, հաջորդ նիստը սեպտեմբեր ամսին է նշանակվել, Ալումյանն ասաց. «Դժբախտաբար, քաղաքացիական գործերով 3 ամիս հետո, եթե դատական նիստ է նշանակվում, այսօր դա համարվում է լավ, համարվում է, որ դատավորը բավականին արագ է դատական նիստը նշանակել։ Մեր քաղաքացիական գործեր քննող դատավորներն այն աստիճանի են ծանրաբեռնված, որ երբեմն դատական նիստը նշանակում են 6 ամիս հետո, անգամ 1 տարի հետո։ Իհարկե մեզ համար կարեւոր է, որ հնարավորինս շուտ դատավարությունն ավարտվի, շուտ երեւա այն ամենն ինչ մենք պատրաստվում ենք ցուցադրել դատավարության ընթացքում, թե ինչ ձեւով է այդ ինֆորմացիան ստեղծվում, ինչ աստիճանի անբարեխիղճ ձեւով է այդ ինֆորմացիան օգտագործվում եւ տարածվում»։

Ալումյանի խոսքով՝ պատասխանող կողմը չունենալով ապացույցներ՝ ուզում է ապացուցման բեռը դնել հայցվոր կողմի վրա։

Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

Նշենք, որ ըստ հայցվոր կողմի՝ զրպարտություն են համարվել այդ ժամանակահատվածում արձակուրդում գտնված Նիկոլ Փաշինյանի կողմից արված հետեւյալ երեք հայտարարությունները։

Փաշինյանը սահմանադրական փոփոխություններ իրականացնելու քարոզարշավի ընթացքում` 2020 թվականի մարտի 11-ին, Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Ասում եմ անվանական, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Արամ Հարությունյան, եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեք, բանակի զարգացման եւ Արցախի ինքնորոշման պահպանման գործին դնեք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերել, չբերեք՝ բերման կենթարկենք։ Նրանք Հայաստանում քաղաքական գործունեություն վարելու հնարավորություն չունեն՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, նրանք հիմա միայն մի՛ բան ունեն անելու՝ կամավոր, թալանվածը կոպեկ-կոպեկ վերադարձնել բանակին, Զինված ուժերին, Արցախին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի ժողովրդին եւ Հայաստանի ժողովրդին, եւ ժողովուրդը կքննարկի՝ ների՞ նրանց, թե՞ չների»։

Նիկոլ Փաշինյանի կողմից արված երրորդ հայտարարությունը, որը հայցվոր կողմը զրպարտչական բնույթի է համարել, հետեւյալն է. «Այդ փողերը Սերժ Սարգսյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի մոտ են եւ նրա ընտանիքի եւ մյուսների: Թող բերեն ու վերադարձնեն»։