Իսկ ի՞նչ է մտածում Հայաստանի քաղաքացին

Իսկ ի՞նչ է մտածում Հայաստանի քաղաքացին

Հետխորհրդային ոչ մի երկրում դրված չի եղել ազգի գոյության հարցը։ Եվ, ընդհանրապես, պետականություն ունեցող աշխարհի որեւէ երկրում նման հարց չկա դրված: Միայն Հայաստանում կա նման հարց։ Գենոցիդ անցած ժողովրդին նման վիճակի հասցրած բոլոր ղեկավարներն արժանի են խստագույն պատժի, նրանց հենարան դարձած ուժայինները, հատկապես՝ ոստիկանները, անձնական պատասխանատվության։ Իրենց հիմարի տեղ դրած եւ իշխանություններին սատարած բոլոր մտավորականները եւս արժանի են հասարակական ամենօրյա պարսավանքի։ Իսկ ինչո՞ւ է այսպես։ Որովհետեւ ոչ մի երկրում մեկը մյուսին այնպես չի հալածել, այնպես չի ստորացրել, այնքան չի հոշոտել, ինչպես մեզանում:

Այսօր Հայաստանում մեկ միլիոն միտինգավորի եւ մեկ լիարժեք, ինքնուրույն ու արժանապատիվ մարդու, քաղաքացու խնդիր կա։ Եթե մեկը կարծում է, թե մեկին գահընկեց անելու համար պարտադիր պետք է մեկ միլիոնին փողոց դուրս բերել, հանրահավաքներ, երթեր կազմակերպել, ճառեր ասել, բայց ոչ մեկ մարդու գրագետ, առնական աշխատանքով կոնկրետ որեւէ հարց լուծել, ապա սխալվում է։ Եթե մեկը կարծում է, թե քարի մեջ արյուն կա, բայց չի տեսնում, որ առանց «քարի» ինքը ստրուկ է դարձել, արդեն բացարձակապես ինքը չի որոշում իր, իր երեխաների, իր ընտանիքի ճակատագիրը, սխալվում է։

Եթե մեկը կարծում է, թե առաջավոր ազգերն առանց մրցակցության, առանց պայքարի, առանց իրար գնդակահարելու են ստեղծել իրենց բարեկեցիկ երկրները, «Բենթլին» ու գերժամանակակից հեռախոսները, սխալվում է։ Եթե մեկը կարծում, է թե մարդ արարածը ոչխարի կարգի խոտակեր է, բայց ոչ առյուծակերպ, հպարտ ու հաղթական անհատականություն, ապա սխալվում է։ Եվ, վերջապես, եթե մեկը կարծում է, թե կապիկը մարդ է դարձել կռանալով, հեզությամբ, շողոքորթելով ու քծնելով, բայց ոչ պայքարով, ուղեղ բանեցնելով, արարելով, մահվան վտանգը հաղթահարելով, պատերազմելով, նվաճելով, իր կամքը պարտադրելով, դարձյալ սխալվում է...

Խաբեությամբ իշխանության եկածները Հայաստանը դարձրել են տարածաշրջանի ամենաթույլ, ամենամիայնակ, տնտեսապես ու քաղաքականապես ամենաողորմելի երկիրը։ Այսօր Հայաստանը չունի ոչ մի դաշնակից։ Այն երկրները, որոնք կարող էին լինել Հայաստանի պոտենցիալ դաշնակիցը, հատկապես Ռուսաստանն ու Իրանը, արդեն քամահրանքով են վերաբերվում Հայաստանին, որովհետեւ այսօր երկրի ու ժողովրդի ճակատագիրը միայնակ որոշողը նրանց հասկացրել է, որ Հայաստանն իրենց կարիքը չունի։ Ռուսաստանն ու Իրանն արդեն ադրբեջանցիների հետ են ծրագրեր մշակում։ Զավեշտն այն է, որ իբր Հայաստանի բարեկամներ են դարձել հեռավոր երկրներ, որոնք ՀՀ գոյությանը սպառնացող վտանգի դեպքում ոչնչով չեն կարող օգնել հայերին, խոսքը Ֆրանսիայի եւ Ուկրաինայի մասին է, որոնցից երկրորդն ավելի շուտ մեզ թշնամի երկրների շարքում է` Ադրբեջանի ջերմ բարեկամն ու Արցախը «նվաճելու» համար նրան շնորհավորողը։ Ու ակնհայտ է, թե այդ երկրի գերագույն ծաղրածուն ինչու է ուզում Հայաստան այցելել. որ ավելի խորացնի իր հայ կոլեգայի ջանքերով հայ-ռուսական հարաբերություններում առաջացած անդունդը եւ հող նախապատրաստի, որ այստեղ երկրորդ ճակատ բացվի ռուսների դեմ։ Մի բան, որ չկարողացավ անել Վրաստանի պարագայում, որովհետեւ վրացիները նրան պարզապես գրողի ծոցն ուղարկեցին՝ հասկացնելով, որ հանուն Ուկրաինայի սեփական ժողովրդին զոհաբերելու ցանկություն չունեն։ Իսկ ահա ՀՀ գերագույն հակահայը պատրաստ է ավելի մեծացնել Եռաբլուրը։ Այս պարագայում ի՞նչ է մտածում Հայաստանի քաղաքացին. վերջապես տեր կկանգնի՞ իր իրավունքներին, մեջը կարթնանա՞ վաղուց քնած պաշտպանական բնազդը, թե՞ Թումանյանի հայտնի կկուի պես մյուս զավակներին եւս կնետի աղվես-ոսոխի երախը։

Գարեգին Վարդանյան