Ամերիկացիները կմնա՞ն Սիրիայում. Սպիտակ տան պարզաբանումը
Ամերիկյան զորքերը կշարունակեն մնալ Սիրիայում՝ նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո՝ որպես հակաահաբեկչական առաքելության մի մաս, որն ուղղված է «Իսլամական պետության» գրոհայիններին ոչնչացնելուն, ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։
«Այս զորքերը գտնվում են այնտեղ շատ կոնկրետ և կարևոր պատճառով, այլ ոչ թե որպես սակարկության առարկա», - Reuters-ին ասել է նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆեյները:
Նա ասել է, որ ամերիկյան զորքերը «այնտեղ են եղել գրեթե մեկ տասնամյակ կամ ավելի երկար՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար... մենք հավատարիմ ենք մնում այդ առաքելությանը»:
Սիրիայում իշխանության տապալումից հետո Վաշինգտոնն այժմ իր ռազմական ներկայությունը դիտարկում է որպես կայունության երաշխիք, չնայած դեռևս պարզ չէ, թե Սիրիայի նոր կառավարիչները ինչպես կընկալեն ԱՄՆ ներկայությունը երկրում: Վաշինգտոնը դեռևս ահաբեկչական կազմակերպություն է համարում «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ին, որը գլխավորում էր Ասադի ռեժիմը տապալած ապստամբ ուժերը:
Ֆեյները հավելել է, որ Բայդենի վարչակազմը կապի մեջ է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ և վերջինիս տեղեկացնում է Սիրիայում տիրող իրավիճակի մասին։
Կարծիքներ