Քաղաքացիների մուտքը սոցապ նախարարություն արգելվում է

Քաղաքացիների մուտքը սոցապ նախարարություն արգելվում է

Սոցապնախարարության 114 ծառայությունը, որին դիմում են ՀՀ քաղաքացիները՝ հրատապ հարցերով, նրանց ցրելու կառույց է․ մի «բուդկա», որի Մարինե անունով ղեկավարը առաջինը, ինչ ասում է. «Քաղաքացիների մուտքը նախարարություն արգելվում է»։

Սրա դիմաց մի «բուդկա» էլ առողջապահության նախարարությունն ունի, որտեղ նույնիսկ աշխատող չկա՝ քաղաքացիներին դիմավորում է միայնակ ոստիկանը։ Ոմանք վրդովվում են նման վերաբերմունքից, մյուսները համակերպվում են։ Էպիլեպսիայով հիվանդ, հաշմանդամ Ա․ Խաչատրյանը, «բուդկեքի» արանքում կանգնած, ուղղակի լաց է լինում։ Նա զանգել է սոցապի թեժ գիծ՝ «114» ծառայություն, եւ խնդրել, որ իրեն անվճար հոգեբանական ծառայություն տրամադրեն։ Նրան ուղարկել են «Այգ» հոգեբանական կենտրոն։ Այնտեղ ասել են, որ ոչնչով օգնել չեն կարող։ Կրկին եկել է սոցապ՝ «114» ծառայություն։ Հիմա էլ ուղարկում են առողջապահության նախարարության «բուդկա»։ Ոստիկանը նրան վերեւ չի թողնում։ Աղջիկը միջանցքում կանգնած՝ լաց է լինում։ Մինչ մենք այս տեսարանն էինք դիտում, «114» սենյակին մոտեցավ լսողական ու խոսքի խնդիրներ ունեցող մի քաղաքացի, որը ձեռքով-ոտքով խնդրում էր, որ իրեն վերեւ թողնեն։ Մարինեն էլ ձեռքով-ոտքով բացատրում էր, որ «քաղաքացիների մուտքը սոցապ արգելվում է»։

Տեսարանը կարող էր նույնիսկ զավեշտալի թվալ, եթե չլիներ այսքան ողբերգական։ Հաջորդ քաղաքացին, ում «114»-ի աշխատողները ցրեցին, տղամարդ էր, որի 85-ամյա հորը չեն տալիս ԽՍՀՄ բանկի ավանդը, թեեւ օրենքով հասնում է։ Տղամարդը մոտեցել էր՝ մի տրցակ դիմումներով ու փաստաթղթերով։ 114-ի «բուդկից» շատ հնարամիտ ձեւով նրան էլ ցրեցին՝ նայեցին փաստաթղթերն ու հայտնեցին, որ դիմումը համարակալված չէ, ուղարկեցին սոցիալական ծառայություն՝ դիմումը համարակալելու։ 

Մանրամասն՝ տեսանյութում