Դա եկեղեցականների իրավունքների սահմանափակում ենք դիտարկում․Մայր Աթոռ

Դա եկեղեցականների իրավունքների սահմանափակում ենք դիտարկում․Մայր Աթոռ

Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարան է ուղարկել 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ  կանոնադրությունը։
Կանոնադրության 25-րդ կետում ներկայացվում է 6 պայման, որոնցից բոլորին համապատասխանելու դեպքում միայն հնարավոր կլինի Կ. Պոլսի պատրիարքական աթոռի համար թեկնածություն առաջադրել:

Ըստ Թուրքիայի կառավարության կազմած կանոնակարգի՝ 
1. Պատրիարքի թեկնածուի հայրը պետք է եղած լինի Թուրքիայի Հանրապետության քաղաքացի:
2. Թեկնածուն պետք է վայելի Թուրքիայի Հանրապետության կառավարության վստահությունը (պետության դեմ ուղղված քաղաքական հռետորաբանություն և գործունեություն չծավալել, ինչպես նաև չմասնակցել պետության վստահությունը և հեղինակությունը խաթարող գործողություններին):
3. Թեկնածուն պետք է ունենա Պոլսի հայոց պատրիարքությանը ենթակա եպիսկոպոսի աստիճան:
4. Պետք է լրացած լինի պատրիարքի թեկնածուի 35 տարին:
5. Թեկնածուն պետք է չունենա դատվածություն, և չլինեն ընտրության մասնակցությանը խոչընդոտող այլ հանգամանքներ:
6. Թեկնածուն պետք է ի զորու լինի պատրիարքի պարտականությունները հավուր պատշաճի կատարելու համար:

Պատրիարքի թեկնածու առաջադրվելու համար սահմանված վերոհիշյալ պայմաններից նոր և խնդրահարույց է միայն 3-րդը, որն անհնար է դարձնում արտասահմանաբնակ թեկնածուների առաջադրումը: Այսպիսով նոր պատրիարքի թեկնածուների շրջանակը նեղանում է, կարելի է ասել նույնիսկ, որ եկեղեցին երկընտրանքի առջև է կանգնում, որովհետև նշված բոլոր պայմաններին համապատասխանում են միայն 2 թեկնածու՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Ըստ էության ստացվում է, որ Մայր Աթոռը որևէ առանցքային դերակատարում ընտրությունների հարցում չի կարող ունենալ՝ մի պարզ պատճառով, որ սպյուռքից որևէ այլ թեկնածու չի կարող առաջադրվել, իսկ հետագայում էլ Մայր Աթոռի և Պոլսի պատրիարքության միջև հարաբերությունները ձևական բնույթ կարող են կրել։ 

Թուրքիայի կառավարության այս որոշման վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք Մայր Աթոռի մամուլի դիվանի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանից։ Նա նշեց, որ տեղյակ են կանոնադրությանը, և դա որպես սահմանափակում են գնահատում․

«Մայր Աթոռը տեղեկացավ Պոլսո Հայոց Պատրիարքարանին պետության կողմից առաքված Պոլսո Հայոց Պատրիարքի ընտրության կանոնադրության մասին: Դիտարկում ենք դա սահմանափակում եկեղեցականների իրավունքների: Իշխանությունները պետք է որ ունկնդիր լինեն Պատմական Աթոռի և համայնքի ձայնին և ընդառաջեն հավատացելոց պահանջին` արտոնելով բոլոր եկեղեցականներին մասնակցել և լինել պատրիարքական թեկնածու»,- մեզ հետ զրույցում ասաց Մելիքյանը։