Բալասանյանը հակառակո՞րդ է

Բալասանյանը հակառակո՞րդ է

Կարելի է ասել՝ հասա՜նք: Բայց ինչի՞ կամ ու՞ր: Խնդրեմ՝ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ
Բալասանյանները և իսագուլյանները, բացի ուղիղ ռևանշիստական նպատակներից, ունեն նաև ռևանշին անուղղակիորեն նպաստելու մի ստոր նպատակ՝ սադրել ազնիվ մարդկանց, լցնել նրանց համբերության բաժակը և, եթե ոմանք չդիմանան ու քայլեր ձեռնարկեն, իրենց ներկայացնեն որպես զոհ և այդպիսով ավելի շահեկան կարգավիճակ ձեռք բերեն։
Այդ պատճառով բոլորիդ հորդորում եմ լինել զգոն և զգույշ մնալ սադրանքից։
Թող հակառակորդը ջղաձգվի, ի վերջո ինքն իրեն է վնասում»: 

Ի՞նչ է սա, ինչի՞ հետ գործ ունենք: Բալասանյանը հակառակո՞րդ է: Չարագուշակ չի՞ հնչում: Անշուշտ: Ու՞մ անունից է խոսում Ժիրայր Սեֆիլյանը: «Սասնա ծռեր» խմբավորմա՞ն: Բայց ի՞նչ է իրենից ներկայացնում այդ կառույցը, որ նոր Հայաստանում վերակազմավորվել է կուսակցության եւ խորհրդարանական ընտրություններում ստացել երկու տոկոս ձայն:

Վիտալի Բալասանյանը հայկական բանակի գեներալ է, Արցախի ռազմաքաղաքական գործիչ: Եւ եթե ընդդիմադիր է Հայաստանի գործող իշխանություններին եւ չի թաքցնում իր տեսակետները եւ համոզմունքները, ապա դրանից չպետք է բխեցնել, թե նա «հակառակորդ» է: Ինքս երեկվանից Բալասանյանի մամուլի ասուլիսի առթիվ երկու-երեք քննադատական հրապարակում եմ արել: Պատրաստ եմ բանավիճել նաեւ հետայսու, եթե առիթ լինի: Բայց ո՞վ է Սեֆիլյանին տվել իրավունք՝ մարտական գեներալին անվանել «հակառակորդ»: Օրերս «Առավոտին» հարցազրույցում ասել եմ, որ, ինչքան էլ վարչապետ Փաշինյանի համար ծանր լինի դիմակայել նախկին իշխանության հարձակումներին, նա չպետք է դառնա «ծռերի» պատանդը: Բալասանյանին անվանելով «հակառակորդ»՝ Ժիրայր Սեֆիլյանը, կարծես, ինքնամատուցվում է Նիկոլ Փաշինյանին: Տողատակը շատ խորքային է, վտանգավոր:

Գործող իշխանությունը պարտավոր է րոպե առաջ տարանջատվել նման որակումներից, հայտարարել, որ «ծռերի» աջակցության կարիքը չունի: Այդ խմբավորումը չպետք է ստանա մարգինալությունը հաղթահարելու նվազագույն իսկ շանս: Եթե, իհարկե, իշխանությունը չի ուզում ներհայկական լարվածություն ստեղծել: