Տառապանքի 100 օր

Տառապանքի 100 օր

Մարդն ամեն ինչի դիմանում է, ամեն իրավիճակի հետ հաշտվում է եւ ամենածանր փորձություններն ու փորձանքներն անգամ ի վիճակի է անտրտունջ տանել։ Մանավանդ՝ հայ մարդը։ Ի՜նչ տերմիններ ու դարձվածքներ ունենք, չէ՞, որոնք ընդգծում են հայի դիմացկունությունն ու իր ճակատագրի հետ հաշտ լինելու հանգամանքը։ Բազմաչարչար, տառապած հայ ժողովուրդ, քարից հաց քամող, ոսոխների լծի տակ ապրած․․․ Բայց որ 21-րդ լուսավոր դարում էլ հային բաժին կհասնեին 18-19-20-րդ դարերի արհավիրքները, չէինք կարող անգամ պատկերացնել։ Շուրջ 100 օր է՝ փակ է Արցախի ճանապարհը։

Մենք՝ հայաստանցիներս, չենք կարողանում այցելել մեր պաշտելի Արցախ։ Արցախի մեր հայրենակիցները չեն կարողանում գալ մայր Հայաստան։ Երկաթե վարագույրը, որն Ադրբեջան կոչվող ագրեսորն իջեցրել է Արցախից Հայաստան տանող ճանապարհին եւ համառորեն, ամբողջ աշխարհի ջգրու, հրաժարվում է հեռացնել, մեր ազգի երկու մասնիկներին զրկել է միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորությունից։ Ժամանակին նման մի վարագույր մեզ բաժանում էր մեր սփյուռքի հայրենակիցներից, եւ տարբեր երկրներում ապրող ընտանիքի անդամները չէին կարողանում տեսնվել, այցելել միմյանց։

Այդ դաժան ժամանակներում անգամ հեռախոսային խոսակցություններն էին հաճախ արգելված ու վտանգավոր։ Հիմա սովետը չկա, բայց երկաթե վարագույրի նոր վարիացիաները կան, եւ իբրեւ թե դեմոկրատական համարվող աշխարհի աչքի առաջ նորից մեր ազգը տառապում է՝ Արաքսի մյուս ափին հայտնված Աթանեսի նման, որն այդքան մոտ է եւ այդքան հեռու իր հայրենիքից։

Հիշո՞ւմ եք սովետական ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը՝ «Ինչու է աղմկում գետը»․ գլխավոր դերերում՝ Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Ֆրունզե Դովլաթյան եւ ուրիշներ։

100-րդ օրն է, ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ 100 օրերին։