Փաշինյանին թվում է, թե բոքոնիկի նման բոլորի քթին կանգնելով` կարող է խաբել ու փախչել

Փաշինյանին թվում է, թե բոքոնիկի նման բոլորի քթին կանգնելով` կարող է խաբել ու փախչել

Հայաստանում հասունացած ներքին և արտաքին քաղաքական լարվածության շուրջ Hraparak.am-ը զրուցել է «Ազատագրական շարժման» համահիմնադիր, լրագրող, մեկնաբան Նաիրի Հոխիկյանի հետ։

«Պարտադիր չի, որ «Ազատագրական շարժումն» ամեն օր հրապարակներում միտինգներ անի, որ երևա։ Մենք տարբեր քաղաքական, իրավական, դիվանագիտական գործունեություններ ենք ծավալում։ Այսօր աջակցում ենք վերջին մեկ ամսում Ֆրանսիայի հրապարակում համազգային բողոքի ակցիաներին, ինչպես նաև մասնակցում այդ ակցիաներին։ Իրավական գործընթաց ենք սկսել իշխանության ներկայացուցիչների, տարբեր պաշտոնյաների, քաղաքական իշխանության մաս կազմող կուսակցությունների անդամների կողմից հակաօրինական գործողությունների դեմ, միաժամանակ ոստիկանության ապօրինի գործողությունների դեմ։ Բավական շատ քրեական գործեր են հարուցվել։ Պարտադրել ենք, որպեսզի պետական մարմինները իրենց լիազորությունները օգտագործեն և քրեական գործեր հարուցեն ապօրինի և հակապետական կոնկրետ գործողությունների դեմ։ Մասնավորապես ոստիկանության բազմաթիվ ծառայողներ թույլ են տվել և թույլ են տալիս պաշտոնական դիրքի չարաշահում, ապօրինություններ, որոնց առումով էլ հարուցվել են մի շարք գործեր, կատարվում են ծառայողական քննություններ։ Այս ամեն ինչն էլ 99 տոկոսով իրականացվում է «Ազատագրական շարժման» նախաձեռնությամբ։ Սա ի վերջո քաղաքական իշխանությանը զսպող միջոց է հանդիսանում։ Այս ամենը միտված է նրան, որ օրենքի դաշտ բերվի մեր պետական կառավարումը, ոչ թե քաղաքական նպատակահարմարությունն ապահովվի»։

 Հոխիկյանի խոսքով՝ իրենք իրենց քայլերով ապացուցում են ներկայիս իշխանություններին, որ երկրում չկա ժողովրդավարություն և կայունություն։

«Միաժամանակ ակտիվ գործունեություն ենք ծավալում արտաքին դաշտում։ Իշխանությունները կուլ գնալով Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ճնշումներին, պատրաստվում են առաջիկա 2-3 ամիսների ընթացքում Բերձորը հանձնել։ Այս առումով ակտիվ աշխատանքներ ենք տանում, համախմբում ենք, մոբիլիզացնում ուժեր, որպեսզի ստեղծենք պայմաններ Բերձորի հանձնումը կանխելու համար, որն աղետալի է լինելու թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի համար։ Բանակցում ենք այն արտաքին ուժերի հետ, ովքեր ազդեցություն ունեն այս գործում։ Բանակցում ենք ռուսների հետ,  փորձում ենք ապացուցել, հասկացնել, որ Բերձորը չի կարելի հանձնել, քանի որ այն առաջինը` վնասելու է ռուս խաղաղապահների անվտանգությանը, իհարկե նաև ամենակարևորը՝ մեզ»,- ասաց Նաիրի Հոխիկյանը։

Թե ինչու է գերտերությունների միջեւ Հայաստանը՝ գնդակի պես աջ ու ձախ նետվում, ինչո՞ւ չի հստակեցնում իր որոշումները՝ ում հետ նստի մեկ սեղանի շուրջ բանակցությունների, Հոխիկյանն ասաց․ «Շատ հետաքրքիր բան եք ասում, որն ունի իր կոնկրետ ու հստակ պատասխանը։ Հայաստանի քաղաքական իշխանությունն՝ ինքը իր գործարքների զոհն ու գերին է դարձել։ Այլևս որ ուզենա էլ չի կարող այլ կերպ վարվել։ Որովհետև, եթե դու անում ես քայլեր, որոնց համար դու մտնում ես  կոնկրետ գործարքների մեջ, հետո՝ քեզ համար դժվար է լինելու ու անհնար` դուրս գալ այդ ամեն ինչի միջից։ Այո, Արևմուտքն իր հերթին է պահանջում գործողություններ, որտեղ կան աշխարհաքաղաքական շահեր։ Այդ շահերից մեկն այն է, որ Ադրբեջանի միջոցով պետք է տարանցիկ ուղիներ ստեղծվեն՝ նավթի, գազի տեղափոխման համար, ապագայում նաև ուրանի հանքային ռեսուրսները մշակելու և արդյունահանելու համար։ Իսկ ուրանը մեր տարածաշրջանում ամենաշատն է ամբողջ աշխարհի մակարդակով։ Եվ ոչ միայն ուրանը, նաև մոլիբդենը, որի ծավալը կազմում է մոլիբդենի համաշխարահային պաշարի 12 տոկոսը։ Այս ամեն ինչը  խոսում են այն մասին, որ Արևմուտքը ձգտում Է իր ազդեցության և վերահսկողության ոլորտում պահել Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը։ Արցախը ձգտում են տալ Ադրբեջանին՝ բավարարելու վերջինիս ախորժակը, իսկ Սյունիքը՝ թեկուզ Հայաստանի Հանրապետության կազմում, բայց իրենց հսկողության տակ։ Նպատակը՝ ռուսներին հեռացնելով, թուրքական դարպասներով մտնել այստեղ։ Դա արվում է աշխարհաքաղաքական բիզնես շահերը բավարարելու համար։ Բայց մյուս կողմից իրենք չեն կարող չանել ռուսական պահանջները։ Ռուսաստանն այստեղ ունի իր շահերը։ Ինքը մեր տարածաշրջանում է և չի պատրաստվում դուրս գալ։ Ինչի՞ պիտի Ռուսաստանը ձեռք քաշի այս նույն նպատակներից։ Բնականաբար Ռուսաստանն էլ իր հերթին է ճնշում Հայաստանին՝ չկատարել Արևմուտքի պահանջները»։

Իսկ ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե կատարի Արևմուտքի պահանջները, և ինչ՝ եթե որոշի, որ Ռուսաստանի պահանջներին է ընդառաջ գնալու, Հոխիկյանն ասաց․ «Երկու դեպքում էլ ինչ-որ մեկի պահանջը կատարելը, եթե դու չես դնում քո առաջ ազգային, պետական շահի նպատակ, և միայն գերտերությունների կամ համաշխարհային ուժերի ցանկություններն ես կատարում, հետևանքը աղետալի է լինելու։ Երկու դեպքում էլ դու կորցնելու ես քո ինքնուրույնությունը։ Եթե կատարվի Արևմուտքի պահանջը` լիովին կորցնելու ենք Արցախը, Սյունիքն էլ ընկնելու է թուրք-ադրբեջանական ազդեցության տակ, որովհետև Թուրքիայի պլանների մեջ մտնում է, որ այդ միջանցքում պետք է ադրբեջանական մեքենաների շարժը ապահովի թուրք ոստիկանը։ Հայաստանի տարածքում թուրք ոստիկանները պետք է հսկեն ճանապարհները: Ոչ թե ադրբեջանցի, այլ թուրք։ Այս պահին Մեծ Բրիտանիայի տված գումարներով էլ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում ճանապարհ է կառուցվում, որտեղ ճանապարհաշինարարական աշխատանքները կատարում են Թուրքիայից եկած շինարարական ընկերություններ։ Եվ Հայաստանի կողմից ոչ մի  վերահսկողություն չի իրականացվում այդտեղ։ Ի վերջո զրկվելու ենք Արցախից պաշտոնապես, զրկվելու ենք Սյունիքից՝ գուցե դե ֆակտո, բայց ոչ դե յուրե։ Եթե Հայաստանը բաց կերպով Արևմուտքի շահերը սպասարկի, Ռուսաստանը շատ արագ Հայաստանում  կբերի, կդնի իր մարդկանց»։ 

Ինչևիցե, Հոխիկյանը կարծում է, որ Ռուսաստանը թույլ չի տա, որ իրեն զրկեն Հայաստանից։ Իսկ եթե նման բան լինի, ոչ միայն Հայաստանի համար աղետալի վիճակ կլինի, այլ նաև՝ Ռուսաստանի։

«Միայն Ռուսաստանը չի, որ մեզ պետք է, այլ նաև մենք ենք Ռուսաստանին պետք։ Որովհետև առանց Հայաստանի, եթե Սյունիքի մարզը, Արցախը ամբողջությամբ ընկավ Թուրքիայի և Ադրբեջանի հսկողության տակ, շատ արագ, այսպես ասած, քաղցկեղը տարածվելու և բարձրանալու է վերև։ Հետևաբար, մեկ տասնամյակի ընթացքում Ռուսաստանը մեջտեղից կիսվելու է, մասնատվելու։ Իմ կարծիքով Հայաստանը պետք է հաշվի առնի, թե ում հետ են իր աշխարհաքաղաքական շահերը համընկնում։ Մեզ ձեռնտու է ոչ թե կատարել այս կամ այն երկրի պահանջները, այլ կատարել շահերի ճիշտ վերաբաշխում: Մեր շահերն այսօր ավելի շատ  համընկնում են  Ռուսաստանի հետ։ Եվ մենք պարտավոր ենք Ռուսաստանի հետ համատեղ իրականացնել աշխարհաքաղաքական, տարածաշրջանային գործընթացներ։ Հիմա Ռուսաստանի և Հայաստանի իշխանություններն անկեղծ ու ազնիվ չեն միմյանց նկատմամբ։ Եթե հայ-ռուսական շահերը իրականում մեկ ուղով գնան, Արևմուտքը, իհարկե, կգնա սադրանքների։ Բայց վաղ թե ուշ պատերազմ լինելու է, ամենաուշը՝ 2025 թվականին։ Եթե Ռուսաստանը իր կամքով դուրս չեկավ Արցախից, իր կամքով չզիջեց Արցախն ու Սյունիքը, 2025 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 5 տարին երբ որ լրանա, Ադրբեջանը միանշանակ պատերազմ է սկսելու։

Հոխիկյանը գտնում է, որ Հայաստանն այս ամենը հաշվի առնելով, պետք է պատրաստվի շատ ավելի ծանր պատերազմի, քան տեղի է ունեցել 1920 թվականին։

«Հայտնի ռուսական հեքիաթի «Բոքոնիկին» հիշելով, ասեմ, որ Փաշինյանին թվում է, թե բոլորի քթին կանգնելով ինքը կարող է խաբել ու փախչել։ Սխալվում է։ Վերջում ռուսն ասելու է՝ մի հատ էլ կանգնի քթիս ու բարձր երգի։ Այդ մի հատն էլ կերգի, ու ռուսը բացելով երախը` մի գիշերվա մեջ կուլ կտա մեզ։ Ինչպես դա եղավ Սերժ Սարգսյանի պարագայում 2013 թվականի  սեպտեմբերի 2-ին, երբ որ արևելյան գործընկերություն, հակառուսական բաներ էր ասում, մի գիշերում թուղթը դրեցին առաջն ու ասեցին` պիտի ստորագրես, որ մտնում ես Եվրասիական միության մեջ։ Մենք երբեք Ռուսաստանի տարածաշրջանային շահերը և քաղաքական կուրսը չենք հասկացել, մենք միշտ ընդդեմ ռուսների ենք գնում, երբ որ պետք է միասին նույն ճանապարհով գնանք, որպեսզի առավել շատ քաղաքական օգուտ շահենք։ Գալիս, հասնում է վերջին պահին, ասում ենք՝ լավ-լավ հանձնվում ենք, բայց հանձնվում ենք` ի վնաս մեզ, ի օգուտ մեր թշնամիների։ Հետևաբար պետք է ճիշտ ժամանակին կողմնորոշվել և ճիշտ քայլեր անել։ Արևմուտքը չի կարող մեր տարածաշրջան մտնել, Ռուսաստանը դա երբեք թույլ չի տա»։