209 միլիարդի պլանավորված կապիտալ ծախսից ունենք 13-ի կատարում

209 միլիարդի պլանավորված կապիտալ ծախսից ունենք 13-ի կատարում

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն այս ամիսներին հաճախ է հանդես գալիս տնտեսական վերլուծություններով։ Նա պատրաստակամություն էր հայտնել իր մասնագիտական կարողություններով աջակցել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ հաղթահարելու համավարակի հետեւանքները։ Նրա խորհուրդների մի մասը, կարծես թե, լսել են, մի մասը՝ անտեսել։ «Էն, ինչ որ ժամանակին կա՛մ ես, կա՛մ Վաչե Գաբրիելյանն ասել ենք, մեսիջները տվել ենք, փաստացի ցուցանիշներն այսօր ցույց են տալիս, որ իրականում այդպես է»,-երեկ մեզ ասաց Վարդան Արամյանը։

- Իսկ ի՞նչ էիք կանխատեսել։

- Ապրիլ ամսին ես մի փոքր վարժություն արեցի, որ երբ որ առաջին ժամանակահատվածում տնտեսվարողները միանգամից լիկվիդայնության հետ բախվում են, նրանք սկսում են նախեւառաջ լիկվիդայնության հարցը լուծել։ Եվ դա տարբեր սցենարների դեպքում նաեւ որոշակի անձանց գործազուրկ դարձնելն է։ Հիմա հարց է առաջանում՝ տնտեսվարողն ո՞ւմ գործազուրկ կդարձնի։ Ազատում է այն աշխատողին, որին վաղը, մյուս օրը աշխատուժի շուկայից կկարողանա շատ հեշտությամբ ներգրավել։ Իսկ դրանք, սովորաբար, ցածր որակավորում ունեցողներն են։ Դրա համար էին մեր ամենասկզբի թեզերը, որ ասում էինք, որ լիկվիդայնություն ներարկելով, տնտեսվարողներին օգնելով՝ դու նաեւ կարողանում էիր օգնել, որ էդ մարդիկ իրենց աշխատանքը չկորցնեն միանգամից։

- Իսկ ուշադրություն դարձրի՞ն։

- Անկեղծ պետք է լինենք, որոշ քայլեր, իրականում, արվեցին, բայց ճգնաժամերի ժամանակ, օրինակ բերեմ, կառավարությունը շահութահարկի մասին օրենքում փոփոխություն կատարեց, երբ հունիսին հերթական շահութահարկի կանխավճարը հետաձգվեց։ Դա շատ լավ քայլ էր։ Բայց դրա մասին մենք խոսել էինք դեռեւս մարտ ամսին։ Եվ եթե կառավարությունը ժամանակի պահը բաց չթողներ եւ ապրիլին դա կատարեր, էֆեկտը շատ ավելի մեծ էր լինելու, քան հունիսին։ Ճգնաժամերի ժամանակ ժամանակահատվածը կամ քայլերի արագությունը եւս կարեւոր է։ Կամ՝ երկրորդ քայլը, Բաբկեն Թունյանն օրենքի նախագիծ դրեց շրջանառության մեջ, որի մասին ես կամ Վաչեն նախապես խոսել էինք։ Խոսքը վերաբերում էր արագացված ամորտիզացիայի մոտեցմանը, դա եւս կատարվեց, էլի գովելի է։

- Դրանք ուղղակիորեն հենց Ձեր խորհուրդները լսելո՞վ են կատարել։

- Չեմ կարող ասել, կարող է իրենք են քննարկում ունեցել։ Դա էական չէ, իրականում, էականը քայլերն են։

- Ինչո՞ւ եմ ասում, որովհետեւ գրվեց, որ Դուք, Վաչե Գաբրիելյանը պատրաստակամություն եք հայտնել՝ աջակցել կառավարությանը ձեր մասնագիտական խորհուրդներով, բայց կարծես չեն ցանկացել օգտվել դրանցից։

- Դե, դա չեմ կարող ասել, ես մի բան կարող եմ ասել, որ քանի որ մեր կառավարությունում կան անձինք, որոնց հետ մենք նաեւ աշխատել ենք ժամանակին, մենք, ամեն դեպքում, այդ ոչ ֆորմալ կապը պահում ենք ու փորձում ենք նաեւ հրավիրել իրենց ուշադրությունն այդ ուղղությունների վրա։

- Ովքե՞ր են նրանք՝ Ատոմ Ջանջուղազյանը, Տիգրան Խաչատրյանը․․․

- Ջանջուղազյանը, այո, Խաչատրյան Տիգրանը։ Ժամանակին ահագին բաներ քննարկում էինք նաեւ Դավիթ Անանյանի հետ, որը շատ արագ ճիշտ քայլեր ձեռնարկեց ՊԵԿ-ի մասով։ Բայց, ամեն դեպքում, միշտ ճգնաժամերի ժամանակ մի քանի կարեւոր ոսկյա կանոն կա։ Դա կոմունիկացիան է տնտեսվարողների եւ տնային տնտեսությունների հետ, որովհետեւ, եթե, օրինակ, վարչապետը հրապարակային հայտարարում է, որ բացառվում է՝ հարկային գործիքին ձեռք տանք, ու 2 ամիս հետո իրականացնում է, որը, տեսեք՝ գովելի արարք է, բայց եթե դա արվեր ճիշտ մեսիջի արդյունքում ու միանգամից դեմոնստրատիվ ցույց տվեր, տնտեսվարողների մոտ ավելի լավ սպասումներ կձեւավորվեին։ Տնտեսվարողները երբ տեսնում են՝ կառավարության ասածներն ու քայլերն իրար չեն համապատասխանում, իրենց մոտ ասիմետրիկ սպասումներ են ձեւավորվում։ Եվ դա այդքան էլ լավ չէ։

- Այս պահին կառավարության գլխավոր բացթողումը ո՞րն է, ի՞նչ խնդիր պետք է լուծի տնտեսության մեջ։

- Ես կարծում եմ, ամեն դեպքում, լավ կլիներ, որ կառավարությունն այդ հաղորդակցությանը տնտեսվարողների հետ ուշադրություն դարձներ եւ, միեւնույն ժամանակ, շատ մեծ ուշադրություն դարձներ նաեւ ծախսերին։ Որքանով ես տեղյակ եմ, կառավարությունը տենդերներն ավարտել է արդեն՝ ճանապարհաշինության եւ այլն, ու սկսել է աշխատանքները։ Բայց մի քանի անգամ ես ասել եմ, որ՝ սիրելի կառավարություն, եթե 2018-19 թթ․ այլ հավասար նորմալ իրավիճակում մեկ անձից գնումները 2017 թ․ նկատմամբ անգամներով աճել են, ճգնաժամի ժամանակ ավելի քան արդարացված է, որ դուք մեկ անձից գնում կատարեք, որովհետեւ ժամանակը բաց չթողնելն ու տնտեսության մեջ արագ գումարներ ներարկելը քեզ տնտեսական էֆեկտ է ապահովում։ Որքանով տեղյակ եմ, երեք ոլորտային նախարարությունների մասով ընդամենը 5 տոկոսն է դեռեւս ծախսված առաջին կիսամյակում։ Եթե չեմ սխալվում՝ 209 միլիարդի կարգի կապիտալ ծախս կար պլանավորված առողջապահության, ԿԳՄՍ ու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների համար, բայց հունիսի վերջի տվյալներով՝ մենք ունենք ընդամենը 13 միլիարդի կատարում եւ կնքված պայմանագրեր, որոնք դեռ մինչեւ տարվա վերջ պետք է կատարվեն։ Էստեղ խնդիրն այն է, որ պայմանագրերը պետք է շուտ կնքվեին։ Ես հասկանում եմ, որ մրցույթները շատ ավելի արդարացված գին են տալիս, հասկանում եմ, որ մրցույթների դեպքում դու կարողանում ես մրցակցության հաշվին նաեւ որակը բարձրացնել, բայց կյանքում ամեն ինչ հարաբերական է՝ մի բան պետք է զոհաբերես, մի բան ստանաս։

- Բայց լա՞վ է, որ այսօր մեկ անձից գնումները մի քանի անգամ ավելացել են։ Նախկինում շատ էինք քննադատում ձեր կառավարությանը հենց դրա համար, որովհետեւ կոռուպցիոն ռիսկը մեծ է։

- Իրականում, որպեսզի ես վստահաբար ասեմ՝ կոռուպցիոն ռիսկեր կան, թե չէ, դրա համար ավելի խորքային ուսումնասիրություն է պետք։ Առաջին հայացքից, սովորաբար, ամբողջ աշխարհում բոլոր պետական ֆինանսների կառավարման մասնագետներին որ դա հարցնեք, սովորաբար մեկ անձից գնումների կտրուկ աճը պետք է «դրոշակ բարձրացնի», որ ինչ-որ մի բան այն չէ։ Պետք է հասկանալ, թե ինչու է դա այդպես, այսինքն՝ ինչպես է ստացվում, որ 2017-ի համեմատ 2018-19 թթ․ մեկ անձից գնումները մի քանի անգամ ավելացել են։ Միգուցե կա օբյեկտի՞վ բացատրություն, ես չգիտեմ, բայց որ «դրոշակը պետք է բարձրացնել», դա միանշանակ է։

- Մենք տարեվերջին, ըստ Ձեր կանխատեսման, տնտեսական աճի որքա՞ն անկում կունենանք։

- Տարվա վերջում ես, ամեն դեպքում, մտածում եմ, որ նվազագույն 4.3 տոկոսը՝ իմ գնահատած, կարծես թե արդեն լավատեսական է, իսկ ամենավատատեսական սպասումներով՝ մենք կմոտենանք երկնիշ անկման՝ 10-12 տոկոս։