Մի լռեք, մի քնեք

Մի լռեք, մի քնեք

Լավ` սրանք դավաճան են, անհայրենիք, աթոռամեռ, ամոթ-աբուռ, սկզբունքներ ու սրբություններ չունեն, եւ իրենց համար լրիվ մեկ է` Հայաստան պետություն կլինի, թե ոչ: Եվ եթե իրենք իշխանություն չեն ունենալու, ավելի լավ է առհասարակ չլինի: Բա մե՞նք: Ի՞նչ ենք անում մենք, եւ ի՞նչ արդարացում ունի հանրային տոտալ մասնակցությունը պետության վերացման կործանարար ընթացքին: Արդյո՞ք հոդված ու ստատուս գրելը, աղետաբերների այս խմբակին քննադատելն ու անիծելը, բողոքելն ու վրդովվելը արդարացնում են այս պասիվ հայեցողականությունը: Կասեք` ի՞նչ անենք, չգիտենք մեր անելիքը, կասեմ` դա արդարացում չէ, մանավանդ անելիք` ինչքան ուզես: Առաջին հերթին պատասխանատվություն եւ անելիք ունեն նախկին նախագահները, քաղաքական ու հանրային գործիչները, նախկին ու ներկա պաշտոնյաները: Ընդդիմությունը, որը զբաղված է իրար բզկտելով:

Նախ՝ բոլորը հստակ ու առանց սեթեւեթելու պետք է իրենց կարծիքը շարադրեն, հանրային քննարկումներ նախաձեռնեն, հայտարարություններ անեն, վերլուծեն ու հակադրվեն: Ապա անպայման անելիք ունի մտավորական կոչվող խավը` դասախոսներ, գիտնականներ, գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, բժիշկներ, ուսուցիչներ: Անելիք ունեն բոլորը` զինվորականից մինչեւ սպորտսմեն: Դու չես կարող սրտի կամ քթի վիրահատություն անել, դաս տալ ու գնալ տուն եւ հանգիստ հետեւել, թե ինչպես է քո երկրի հետ կապված բախտորոշ որոշումներ կայացնում մի քանի կիսագրագետ անմեղսունակ, որոնք ո՛չ իրենց անելիքը գիտեն, ո՛չ իրենց պատասխանատվության չափը: Եվ ի վիճակի չեն Հայաստանի թշնամիներին մի պարզ «ոչ» ասել, ինչ-որ բաներում հակադրվել, նաեւ ուժ չեն գտնում իրենց մեջ՝ իշխանությունից հրաժարվելու, որովհետեւ մտածում են` սա էլ, ու «կպլստան», մնալով ու վայելելով իշխանությունը: