Թիվ 89 մանկապարտեզում ինչու՞ կարանտին չկա․ ծնող

Թիվ 89 մանկապարտեզում ինչու՞ կարանտին չկա․ ծնող

Սոցիալական ցանցում ծնողներից մեկը տեղեկացրել էր, թե մանակապարտեզում, ուր հաճախում է իր երեխան, խոզի գրիպի դեպք է եղել, երեխան էլ տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և հարցնում, թե ինչու մանկապարտեզում կարանտին չի սահմանվում։

Մանկապարտեզի տնօրեն Քրիստինե Վարդանյանը նշեց, որ հիվանդ երեխան դեկտեմբերի սկզբից չի հաճախում և այն, որ նա խոզի գրիպով հիվանդ է, իմացել են նախօրեին, երբ դայակը զանգահարել է երեխայի տուն ու հայրն ասել է, որ հիվանդ է։ Տնօրենը փոխանցեց, որ երեխայի հայրն ասել է, որ վիրուսը բերել են Վրաստանից, ուր մեկնել էին Ամանորին։

«Հսկողության տակ ենք պահում, կատարում օդափոխություն, բուժքույրը  ջերմաչափում է և սա օդակաթիլային հիվանդություն է, վիրուսային չէ»,-նկատեց տնօրենը։

Նա ճշտել է քաղաքապետարանից՝ կարանտինի անհրաժեշտություն չկա։

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից էլ հայտնեցին, որ ունեն շնչառական վիրուսներով մի քանի հիվանդ երեխաներ, որոնք բարեհաջող կազդուրվում են։