Առերեւույթ դավաճանությունը՝ ակնհայտ

Առերեւույթ դավաճանությունը՝ ակնհայտ

Նիկոլի փոխարեն ուրիշ մարդ լիներ, հիմա արդեն ամոթից մեռել էր: ԱԱԾ-ն էլ ԱԱԾ չի: Աչքերը չռած՝ նայում են միայն: Տպավորություն է ստեղծվում, որ ո՛չ Լավրովին են ճանաչում, ո՛չ ռուսերեն են հասկանում, ո՛չ էլ երկրի անվտանգությունն ապահովելն է իրենց պարտականությունը:

Պատկերացնո՞ւմ եք՝ Բլինքենը Մակրոնին մեղադրեր Ֆրանսիայի հանդեպ դավաճանության մեջ, Մակրոնը ձայն չհաներ, ու Ֆրանսիայի անվտանգության ծառայությունը տեղը նստեր, ասես ոչինչ էլ տեղի չի ունեցել: Բայց դե՝ Մակրոնը Ֆրանսիայի նախագահն է, ու եթե իր կամքից անկախ կամ իր տգիտության պատճառով նման բան պատահեր, տեղում ինֆարկտ կստանար ու կճանապարհվեր ի վերին Երուսաղեմ: Իսկ Նիկոլի տանձին էլ չէ, կարծես, կարծես իր մասին չէր խոսում Լավրովը, թե Սոչի է եկել խաղաղության պայմանագրի՝ Ալիեւի օրինակը ձեռքին: Եվ դա՝ այն դեպքում, երբ մինչեւ Սոչի գնալն այդ նույն Նիկոլը երդվում էր իր բոլոր սրբերով, որ ինքը համաձայն է խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակին: Մնում է, որ ռուսները պաշտպանեն իրենց առաջարկները՝ ասել էր Նիկոլը: Մնացածը դուք արդեն գիտեք, սիրելի հայրենակիցներ: Գնաց Սոչի, Պուտինի զոնտիկի տակ կանգնեց, մինչեւ Ալիեւը տեղ հասավ: Հետո, այս մասին արդեն պատմում է Լավրովը, երբ նստում են բանակցելու, Նիկոլն ու Ալիեւը հանում են իրենց կողմից հավանության արժանացած Պրահայի տարբերակն ու Ռուսաստանին դնում անհարմար դրության մեջ:

Լավրովն այստեղ քմծիծաղ է տալիս՝ թե էս ի՞նչ է անում Նիկոլը, Պրահայում պաշտպանել է Ալիեւի տարբերակը, բայց մեզնից պահանջում է, որ մենք պնդենք մեր առաջարկները: Կներեք, բայց սա քաղաքականություն չէ, սա ուրիշ օպերա է՝ ասում է Լավրովը: Իսկ այդ ընթացքում ՀՀ ԱԱԾ-ն աչքերը չռած նայում է. թերթերն են քրքրում, կայքերն են միկրոսկոպի տակ դնում, հեռուստացույցի ալիքներն են փոխում՝ ամեն տեղ նույն բանն են ասում՝ Լավրովը պատռեց Նիկոլի դեմքը, Լավրովը բաց վիճակում սեղանին նետեց խաղաքարտերը, Նիկոլն Արցախի Հանրապետությունը նվիրեց Ադրբեջանին, կռիվ կինոն պրծավ… Իսկ ԱԱԾ-ն աչքերը չռած նայում է ու գլխի չի ընկնում, որ հենց հիմա պետք է գնա ու Նիկոլին ձերբակալի: Բայց Աստված չանի՝ մեկի անձնագրում կամ ծննդականում ծննդյան օրը փոխված լինի: Կգնան, մանկաբարձուհուն կգտնեն, կհարցաքննեն, գործ կկազմեն… Իսկական աբսուրդի թատրոն:

Իսկ ի՞նչ եք կարծում, Լավրովը պատահաբա՞ր բացեց խաղաքարտերը, պատահաբա՞ր նրան հարց տվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին: Միամիտ չլինեք: Սոչիից հետո Լավրովը համբերատար լռում էր: Այնտեղ համատեղ հայտարարություն էր ընդունվել, որով դեռ կարելի էր Հայաստանին եւ Ադրբեջանին պահել խաղաղության պայմանագրի՝ ռուսական տարբերակի շուրջ: Ճիշտ է, արդեն հանվել էր նաեւ «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը, բայցեւայնպես, դրանք Ադրբեջանի 5 առաջարկները չէին, որոնց Պրահայում իր համաձայնությունն էր տվել Նիկոլը: Ու մեկ էլ պարզվում է, որ Արարատ Միրզոյանը Լեհաստանում է, որտեղ հավաքվել են եվրոպական արտգործնախարարները: Լավրովին, բնականաբար, չէին հրավիրել, եւ Արարատ Միրզոյանը, օգտվելով այդ հանգամանքից, ինքնամոռաց ընկել էր թուրքերի ու ադրբեջանցիների շրջափակման մեջ: Նա անչափ հուզված էր ու շոյված իր երբեմնի «գործատուների» այդ «անակնկալ» ուշադրությունից:

Բայց ի՞նչ իմանար Արարատ Միրզոյանը, որ թուրքական մամուլն ու հեռուստատեսությունն այդ ամենը տարածելու էին աշխարհով մեկ ու հայտարարելու, որ, ահա, ՀՀ արտգործնախարարը, ի հեճուկս ռուսների, բանակցում է իրենց հետ: Եվ, խնդրեմ, նույն երեկոյան Լավրովը «լայվ» է մտնում ու իր հարցազրույցով նախշում ՀՀ իշխանություններին, որոնք տակավին երազում են Մինսկի խմբի վերականգնման մասին, որ վերջնականապես ապամոնտաժվել է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ջանքերով:

Սա հստակ ակնարկ էր այն մասին, որ Ռուսաստանը ՄԽ համանախագահների հարթակի ապամոնտաժումը դիտում է որպես իրեն հարավկովկասյան գործընթացներից դուրս թողնելու փորձ, մինչդեռ ժամանակին հենց Ռուսաստանի առաջարկով է ձեւավորվել այդ հարթակը, որպեսզի աշխարհի առաջատար երկրներն իրենց ծանրակշիռ ներկայությամբ հասնեն խաղաղ կարգավորման: Ավաղ, Հայաստանը որոշել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կարգավորել հարցերը՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելով եւ արցախահայերի համար Բաքվից ինչ-որ իրավունքներ մուրալով:

Նկատեցի՞ք, թե Լավրովի հարցազրույցի օրն ինչով էին զբաղված ՀՀ իշխանությունները եւ, մասնավորապես, Սուրեն Պապիկյանը: Չզեկուցվող հարցերով համեմված մի ծռտի կառավարության նիստ, իսկ հետո՝ Պնախարարի շրջայց զորամասերով ու հայտարարություն, թե ամեն վայրկյանի էլ կարող է պատերազմ սկսվել: Եվ պողոսների համայնքը, վախից չորացած, ներամփոփվեց իր մեջ ու փոխանակ ակնհայտ դավաճանության լուրից փողոց լցվելու, գոլորշին բաց թողեց Հանրապետության հրապարակի շենքերի պատերը ծակծկելու աննախադեպ ապուշության վրա: Մեկն իր ֆեյսբուքյան էջում ճարահատ գրեց՝ Լավրովը մանկական «Եվրատեսիլը» սրանց մի տեղը մտցրեց… Ոչ ոք ականջալուր չեղավ: Իշխանությունները պողոսներին ներգրավել էին ավելի կարեւոր գործերի մեջ՝ փրկում էին կառավարության տան վեհաշուք պատերը: Եվ, պատկերացրեք՝ էլի ԱԱԾ-ն աչքերը չռած նայում էր Թամանյանի շենքերի վրա հայտնված ժանգոտ բոլտուգայկաներին: