Այսքան լուրջ հարցեր թողած՝ ենթադրություններ եք անում. Ջուլֆալակյան

Այսքան լուրջ հարցեր թողած՝ ենթադրություններ եք անում. Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի ամբողջ օր համբերատար հետևում եմ, թե ինչեր են վերագրում ինձ, ու՞մ եմ «ցավացրել» և ովքեր են փորձում իմ հաշվին ինքնահաստատվել…

Իսկ իրականում ինչ հեշտ է սոցիալական հարթակների գոյության պայմաններում ուղղորդված ազդել հանրային կարծիքի վրա և ինչքան հեշտ է հանրությունը ենթարկվում այդ ազդեցությանը:

Արածս վերջին գրառումը սպորտային «արդարության և դատաստանի» մասին չգիտես ինչու հատուկ ուղղորդվեց լրիվ այլ դաշտ: Այն, որ վերջին 1,5 տարին հանրայնորեն բարձրաձայնում եմ ըմբշամարտի հավաքականում թույլ տրված սխալներն ու անարդար որոշումները, անպատժելիությունը, կարծես լրջորեն ոչ մեկին չհետաքրքրեց: Եվ չգիտես ինչու, հիմա էլ թողած որոշում կայացնող մարմնին, գրառումս վերագրեցին մեկին, ով այդ որոշումների կայացման վրա ունի զրո ազդեցություն և որի հետ պայքարելու ես այլևս ոչինչ չունեմ:

Դրա փոխարեն ըստ իս, շատ տեղին կլիներ գոնե հիմա քննարկել-հասկանալ, թե ի՞նչ էի այսքան ժամանակ ասում, ի՞նչ ազդեցություն ունեցան նման որոշումները հավաքականի արդյունքների վրա, ինչքա՞ն վնաս հասցվեց Հայաստանի Հանրապետությանը սպորտային բարձրագույն հարթակում և կարո՞ղ էինք արդյոք ավելի շատ մեդալներ ունենալ… կարծես այս թեման տաբու է դարձել թե՜ մասնագիտական, թե՜ սպորտասեր հանրույթի շրջանում: 

Այսքան լուրջ հարցեր թողած՝
ենթադրություններ եք անում, վերագրում ինձ մտքեր և հետո ակտիվորեն քննադատում՝ բացարձակապես չտիրապետելով հարցի էությանը: 

Փորձեք մի փոքր ավելի խորանալ:
Նման մակերեսային ,թափթփված, անպատասխանատու գործելաոճը բոլոր ոլորտներում կործանարար է, ինչին և մենք ականատես ենք լինում ամեն օր(ցավոք)»: