Ավտոբուսների արտադրություն կհիմնվի՞, թե՞ դա էլ է «կոկորդիլոսաբուծարանների» ժանրից

Ավտոբուսների արտադրություն կհիմնվի՞, թե՞ դա էլ է «կոկորդիլոսաբուծարանների» ժանրից

Հայաստանում կհիմնվի Եվրասիական տնտեսական միության շուկայի սպառման համար նախատեսված ավտոբուսների արտադրություն՝ կորեական «Յանգսան» (Youngsan) ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի համատեղ ծրագրի շրջանակում: Ներդրումային նոր ծրագրի արժեքը գնահատվում է ընդհանուր 4.4 մլն դոլար:Այս մասին հայտարարել էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը։

«Հրապարակը» գրավոր հարցում էր ուղարկել ֆոնդին՝ փորձելով ճշտել, թե կոնկրետ ե՞րբ, ի՞նչ պայմաններով և որտեղ է սկսվելու ավտոբուսների արտադրությունը։ Նկատի ունենալով, որ իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից բազմիցս է հայտարարվել խոշորամասշտաբ և աննախադեպ ներդրումային ծրագրերի մասին, սակայն դրանք ի վերջո արժանացել են Գագրի Սարգսյանի հայտնի կոկորդիլոսաբուծարանների ճակատագրին, որը վերջին հաշվով չեղարկվեց։ «Հրապարակի» հարցերին պատասխանել է Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի Տնօրեն
Բելլա Մանուկյանը։

- Կա՞ն կոնկրետ ժամկետներ, թե ե՞րբ կսկվի կորեական «Յանգսան» ընկերության հետ համատեղ ավտոբուսների արտադրությունը։

-ՀՀ կառավարության 2020թ. մայիսի 21-ի նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի նոր հիմնադրված դուստր ընկերություն հանդիսացող «Պետություն+Մասնավոր գործընկեր հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդին հատկացվող դրամական միջոցների հարցը։ Դրանք տրամադրվելու են փուլային և այսօրվա նիստում ընդունվեց առաջին փուլի հատկացումների վերաբերյալ որոշումը։

Ներդրումներն իրականացվելու են պետության կողմից համաֆինանսավորման տրամաբանության ներքո՝ պոտենցիալ ներդրողներին ներկա իրավիճակում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Հաստատվել է ծրագիրը, որից հետո ֆոնդը կմեկնարկի իր գործունեությունը։ Կոնկրետ «Յանգսան» ընկերության հետ համատեղ ծրագիրը նախատեսվում է մեկնարկել այս տարվա ընթացքում, հավանաբար երրորդ եռամսյակում։ 
 

- Նշվել էր, որ գործարանի կառուցման կոնկրետ վայրը դեռևս հայտնի չէ, քննարկվում է 3 տարբերակ։ Ի՞նչ տարբերակներ են դրանք, ի՞նչ տարածքների մասին է խոսքը։
 

-Տարածքի ընտրությունը դեռ քննարկվման փուլում է, վերջնականացված չէ։ Խոսքը գնում է Երևանի արտադրական գոտում գտնվող տարածքների մասին, որոնք պետք է բավարարեն որոշակի չափանիշների, որպեսզի դրանց մասին լինի վերջնական որոշում։

-Հայտարարվել էր, որ արտադրությունը սկսելու համար 2.3 միլիոնը վարկ կվերցվի հայկական առևտրային բանկից:

-Վարկը կլինի ընդհանուր ձեռնարկությանը, երկու կողմերը ժամանակի ընթացքում կմարեն այն:

-Ի՞նչ վարկի մասին է խոսքը, ի՞նչ պայմաններով, ո՞ր մասն է մարելու ՀՀ-ն, ո՞ր մասը՝ ընկերությունը։

-Ներկայումս ընթանում են քննարկումներ ծրագրի ֆինանսավորման ցանկություն հայտնած մի քանի առևտրային բանկերի հետ։
Վարկի մարումն իրականացվելու է համատեղ ստեղծված բաժնետիրական ձեռնարկության կողմից, որն առանձին իրավաբանական անձ է։ 

- Հայաստանը նույնպե՞ս պատրաստվում է գնել այդ ավտոբուսները, քննարկվե՞լ է այդ հարցը, ի՞նչ պայմաններ են առաջարկվել։

-Ավտոբուսների գնման որևէ պայմաններ ընկերությանը չեն առաջարկվել և պետությունը  չունի որևէ պարտավորություն գնելու այդ գործարանի արտադրած ավտոբուսները։  Ընկերությունն ինքն է իրականացրել տեղական շուկայում պահանջարկի վերլուծությունը, ինչպես նաև արտադրված ավտոբուսների արտահանման հնարավորությունների ու ներուժի գնահատումը։
Ավտոբուսների գնումը տեղական շուկայում կիրականացվի պահանջարկից ելնելով, պահպանելով շուկայական մրցակցության պայմանները։