Ընտրությունների հաջորդ օրը Փաշինյանը կարող է պարզել, որ սպասածից շատ քիչ ձայն է ստացել․ քաղտեխնոլոգ

Ընտրությունների հաջորդ օրը Փաշինյանը կարող է պարզել, որ սպասածից շատ քիչ ձայն է ստացել․ քաղտեխնոլոգ

Նիկոլ Փաշինյանը եթե չի կորցրել, ապա երկրաչափական պրոգրեսիայով կորցնում է սոցիալական հենարանը։ Այս տարվանից ուժի մեջ մտած հարկային փոփոխությունները, որպես դրանց հետեւանք սպասվող շղթայական թանկացումները, օրվա հացի խնդիրը մի կերպ լուծող քաղաքացիների համար գլխացավանք դարձած համընդհանուր հայտարարագրումն ու ապագայում բոլոր եկամուտների հարկման հեռանկարը, եւ իհարկե, Երեւանում տրանսպորտի թանկացումն այս իշխանության համար իսկական փորձաքար են լինելու, որոնք խորացնելու ու խտացնելու են այն համընդհանուր դժգոհությունը, որ իշխանավարման վեց տարիների ընթացքում հաջողացրեց վաստակել երբեմնի ժողվարչապետը։
Սոցիալական բողոքը մի բան է, որը Հայաստանում կարող է ոտքի հանել հանրության այն շերտերին, որոնք գիտակցաբար, թե անգիտակցաբար, օրինակ, հաշտ են Արցախի կորստի ու Հայաստանի թրքացման «հեռանկարի» հետ։ Սեփական գրպանը մի բան է, որին ուղղված հարվածը այդ շերտը, գուցե օբյեկտիվորեն, չի ներելու Փաշինյանին, որը նրան խոստանում էր ոչ թե հարկային բեռի ավելացում կամ խոպանից եկած փողերից «փայ» ունենալ, այլ  «նախկինների թալանածը հետ վերադարձնել»։
Երկրում անխուսափելի դարձած սոցիալական բողոքի ալիքը կամ այդ բողոքի կուտակումը ի՞նչ դրսեւորում կարող է ստանալ, այս փուլում, գուցե դժվար է կանխատեսել, բայց որ այն ինչ-որ կերպ արտահայտվելու է, դա կասկածից վեր է ու դա գիտակցում է իշխող թիմը՝ վերից վար։ Դրա վկայությունը Փաշինյանի ընտանիքի ռեալիթի շոուներն են ու Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հերթական զիջումը տրանսպորտի թանկացման հարցում։ Նախ, նոր կարգն ուժի մեջ մտնելու ժամկետը երկարացրին՝ հունվարի 1-ի փոխարեն փետրվարի 1 սահմանելով, ապա առաջարկվող փաթեթներում փոփոխություններ արեցին, որոնք իրականում էական չեն ու ոչ մի հարց չեն լուծում դժգոհ մասսաների համար։ Բայց, անգամ այս մանիպուլյատիվ քայլը ցուցիչ է՝ իշխանությունը զգում է դժգոհության ալիքը։
«Իրականում տրանսպորտի հարցում հետնահանջ չի եղել, ինչպես հումորով մարդիկ են ասում` 1 օրվա համար 900 դրամանոց տարբերակը երեւի ձեռնտու է միայն ջեբկիրներին, որոնք ամբողջ օրը քաղաքի այս ծայրից այն ծայրն են գնում, որովհետեւ հասկանալի է, որ սովորական քաղաքացին ինն անգամ տրանսպորտ չի նստում, առավելագույնը, թող 4 անգամ նստի, իսկ այդ պարագայում սակագինը 200 դրամից ավելին է ստացվում։ Սա ընդամենը օրինակ էր, եւ այո, երբ չկա դրական որեւէ տեղաշարժ ու կպնում են մարդկանց գրպանին, դժգոհություն առաջանում է եւ ոչ միայն Հայաստանում։ Թե ինչպես դա կարտահայտվի՝ կլինի՞ տրիգեր, թե՞ կմնա որպես խուլ դժգոհություն ու կարտահայտվի սպասվող ընտրություններին, չեմ կարող ասել, բայց որ կա դժգոհություն, դա փաստ է ու դա իրենք զգում են։ Եթե Նիկոլ Փաշինյանն անձամբ ասում է, որ 100 դրամի համար սա մի՛ արեք, նա մի՛ արեք, մենք հասկանում ենք, որ իրավիճակը շատ լուրջ է»,-«Հրապարակ»-ին ասում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նրա գնահատմամբ, իշխանության համար ավելի պրոբլեմատիկ է լինելու համընդհանուր հայտարարագրումը, քան տրանսպորտի թանկացումը, որն այս փուլում միայն երեւանյան խնդիր է, մինչդեռ հայտարարագրումը վերաբերում է ամբողջ հանրապետությանը՝ այդ թվում գյուղատնտեսության ոլորտում աշխատողներին՝ անասնապահներից մինչեւ միրգ-բանջարեղենի վաճառքով զբաղվողներ։ Եվ նույնիսկ, եթե տրանսպորտի հետ կապված Երեւանում կրկնվի «Տարոն ջան, սիրուն չի» հայտնի սցենարը, այն չի մեղմի այս՝ ավելի մեծ խնդիրը։ Իշխանության համար, ըստ Քոչարյանի, խնդիրները համալիր բնույթի են՝ սոցիալականից մինչեւ անվտանգության խնդիր։

Իշխանության շրջանում ավելացող խուճապ է նկատում քաղտեխնոլոգը ու համոզմունք հայտնում, որ այդ շոուներով Փաշինյանը դժվար կարողանա զսպել աճող հանրային դժգոհությունը։ Ըստ էության, իր նախկին սոցիալական հենարան շերտին՝ սոցիալապես անապահով ու հասարակության պակաս գրագետ շերտին Փաշինյանն արդեն կորցրել է։ Քոչարյանն ասում է՝ նա տվյալ շերտի հետ այլեւս չի էլ փորձում աշխատել․ «Դա երեւաց, երբ նա հայտարարեց, թե ձեզ ոչ ոք չի պահելու եւ լավ ապրելու համար պետք է աշխատել, որ 7 անգամ վերանորոգած բազմոցի վրա պառկելով` չեք կարող լավ ապրել, որովհետեւ մինչեւ այդ նա ասում էր՝ ձեզ թալանել են, ես թալանածը ձեզ կբաժանեմ։ Հիմա Փաշինյանն այս բառապաշարը չի օգտագործում, կարծում եմ՝ փորձում է այլ սոցիալական հենարան գտնել»,-բացատրում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ սոցիոլոգիական հարցումներն առավել հստակ կբնորոշեն՝ հասարակության պասիվ 70 տոկոսի որ շերտին  կարող է Փաշինյանը դիտարկել որպես իր հնարավոր սոցիալական հենարան, որովհետեւ այս պասիվ հատվածի մի մասն ի սկզբանե դեմ է եղել նրան։

Սոցիալ-տնտեսական հողի վրա առաջացած դժգոհության այս տրամադրությունը կարո՞ղ է շանս լինել ընդդիմության համար՝ երկրում իշխանափոխության հնարավոր գործընթաց գեներացնելու համար։ Քոչարյանն ասում է՝ ընդդիմություն ասվածը խճճված հասկացություն է դարձել։ Նախ պետք է հասկանալ, թե ինքը՝ ընդդիմությունն ի՞նչ է ուզում։ «Եթե նկատել եք, արդեն միմյանց նկատմամբ առանձնապես բարյացակամ չեն նաեւ ընդդիմության տարբեր ներկայացուցիչները, երկրորդ՝ ի՞նչ է ուզում այդ ընդդիմությունը»,-հարցադրում է անում Կարեն Քոչարյանը՝ զուգահեռաբար արձանագրելով՝  հնարավորություն, իսկապես, կա՛, եւ դա հասկանում է նախ եւ առաջ իշխանությունը, որը սկսել է տարբեր միջոցներով խոսել հանրության հետ։

«Եթե հիշում եք, ինչ-որ պահի ընդհանրապես արհամարհած ունեին հասարակական կարծիքը, հիմա, այնուամենայնիվ, չեն արհամարհում, փորձում են ինչ-որ ձեւերով շտկել իրավիճակը։ Այլ հարց է, թե ի՞նչ է ուզում ընդդիմությունը, առհասարակ, ուզո՞ւմ է, թե՞՝ չի ուզում, ընդդիմության ո՞ր հատվածն է ուզում», ասում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Սրանով հանդերձ, կարո՞ղ ենք արձանագրել, որ այսօր, հաշվի առնելով վերը նշված կոմպլեքս խնդիրները լուծելու իշխանության անկարողությունը, երկրում հեղափոխական կամ նախաիշխանափոխության տրամադրություններ են։ Կարեն Քոչարյանը կրկնում է` դժվար է ասել, թե այդ տրամադրություններն ինչպես կարտահայտվեն․ «Դա կարող է արտահայտվել ընտրություններին պրոտեստի տեսքով։ Ընտրությունների հաջորդ օրը իշխանությունը կարող է պարզել, որ իրենց սպասածից շատ քիչ ձայն է ստացել»,-նկատում է քաղտեխնոլոգը։

Ինչ վերաբերում է ընդդիմության իներտությանը, այդուհանդերձ,     ո՞րն է նրա իներտության պատճառ՝ միավորվելու անկարողությու՞նը, թե՞ ծանրագույն վիճակում գտնվող երկրում ապագա հնարավոր անխուսափելի գործընթացների պատասխանատվության բեռի գիտակցումը։

«Իհարկե,  ցանկացածի համար՝ ով էլ գա, շատ ծանր է լինելու, որովհետեւ հասկանալի է՝ քանդած է ամեն ինչ: Զրոյից եթե լիներ՝ ոչինչ, մինուսից պետք է փորձեն երկիրը հանել այս վիճակից, բայց ընդդիմության մեջ կան շատ մարդիկ, որոնք տարբեր ժամանակներում ու տարբեր իրավիճակներում ցույց են տվել, որ չեն վախենում պատասխանատվություն վերցնելուց։ Այդ առումով, ես կարծում եմ, որ խնդիրը դա չէ, թեեւ ասում եմ՝ շատ մեծ պ;րոբլեմներ են ունենալու՝ ով էլ որ լինի։ Խնդիրը, այնուամենայնիվ, չմիավորվելու մեջ է, ինչի հիմքում ընկած է դեռ չսպանած արջի մորթին կիսելու խնդիրը։ Սա իմ անձնական կարծիքն է», -եզրափակում է քաղտեխնոլոգը։