Սոթքի և Կոռնիձորի հատվածում թշնամու դիվերսիոն գործողությունները շատանալու են

Սոթքի և Կոռնիձորի հատվածում թշնամու դիվերսիոն գործողությունները շատանալու են

ՀՀ Պաշտպանության նախարարությունը երեկ՝ մայիսի 26-ին հաղորդագրություն տարածեց, որ երկու ՀՀ զինծառայող է անհետացել։ Ավելի ուշ, միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։

Ադրբեջանական լրատվամիջոցներն ու Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն տարածեցին, որ իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողներ։

Այդ զինծառայողներն են՝ Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը։

«Հրապարակի» հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը նշեց, որ նման դեպքերի դեռ շատ ենք ականատես լինելու։ 

«Առաջին պատճառը մեր կողմից, մեր իշխանությունների՝ մասնավորապես Պաշտպանության նախարարության կողմից անհետևողական լինելն է։ Առ այսօր հավուր պատշաճի կահավորված չի առաջնագիծը և առհասարակ նույնիսկ հստակեցված չի, թե որն է մեր առաջնագիծը և որն է համարվում մեր սահմանը, և որտեղ է սկսվում, այսպես ասած, նրանց սահմանը։ Եվ կահավորված չի, և հստակեցված չի մեր բուֆերային գոտին, որը պատճառ է հանդիսանում մի շարք բարձրաստիճան և մի շարք շարքային զինվորականների՝ նման միջադեպերով դիտարկվելը թշնամու կողմից։ Ստացվում է, որ մեկ մետր անգամ պայմանական գոյություն ունեցող սահմանից հատվել է ու զինվորականի հագուստ կրելը բավարար է, որպեսզի թշնամին դա համարի անհատական կամ խմբակային խմբի հարձակում տարբեր գործառույթներ իրականացնելու համար»,-ասաց Կարապետյանը։

Քաղաքական վերլուծաբանն ասաց, որ միջադեպը տեղի է ունեցել Կուբաթլուի հատվածում՝ դեպի Իշխանաձոր հատվածում, և հատկապես այդ հատվածում աշխատանքները հավուր պատշաճի կատարված չեն։ Կարապետյանը շեշտում է, որ հստակ տեղեկություններ ունի, որ այդ երկու զինծառայողները մարտական հերթապահություն իրականացնող և ոչ թե դիվերսիոն գործողություն իրականացնող զինվորականներ են եղել, ովքեր պարզապես իրենց ծառայությունն են իրականացրել և պատահաբար հայտնվել են թշնամու թիրախի տակ և գերեվարվել են։
Մեր հարցին, արդյոք միշտ է, որ մեր զինվորականներն են շփոթում շփման գիծը, թե ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցի գրոհայինները կարող են նաև առևանգել ՀՀ զինվորականներին, Կարապետյանն ասաց, որ չի բացառվում նաև այդ տարբերակը։

«Փաստն այն է, որ Պաշտպանության նախարարությունը ասում է, որ մաքսիմալ զերծ է մնում ցանկացած միջադեպից, էսկալացիայից, նույնիսկ հրամայված է վերջիններիս, որ սադրանքների չդիմեն, սադրանքներին չպատասխանեն՝ պատասխան կրակոց անգամ չարձակել։ Ինչ-որ տեղ դա սահմանին ամենաթողության տպավորություն է ստեղծվում, որից օգտվում է թշնամին։ Խիստ հավանական է, որ թշնամու ռազմական օպերացիայի շրջանակներում հայ զինծառայողները գերեվարվել են, գուցե նրանք չգերեւարվելու համար փորձել են պայքարել, բայց թշնամին կարողացել է եթե ոչ սպանել, ապա գերեվարել։ Բայց փաստն այն է, որ տվյալ հատվածում ինժիներական աշխատանքներ լավ չեն կատարվել, նորմալ կահավորված չի, հետևաբար նման միջադեպերի դեռևս ականատես ենք լինելու»,-ասաց քաղաքական վերլուծաբանը։

Դավիթ Կարապետյանը հիշեցրեց, որ ընդամենը օրեր առաջ Սոթքում թշնամու կողմից նույն միջադեպին ահանատես եղանք,  ինչը սակայն, հայկական կողմի քիչ թե շատ համարժեք պատասխանի շնորհիվ ձախողեց թշնամու ծավալապաշտական նկրտումները։

«Այս միջադեպերը դեռևս լինելու են, առավել ևս, երբ որ քաղաքական հարթակներում ի դեմս Ալիևի հրահրվում է մաքսիմալ արագ խաղաղության պայմանագրի կնքում, ըստ որի, սահմանները հստակեցված կլինեն՝ նոր պայմանագիրը կկնքվի։ Հետևաբար, քանի չկա սահմանների հստակեցված վիճակ՝ այնտեղ վիճարկելի է համարվում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը նրանց համար, հետևաբար նրանց ձեռքերը ազատ են՝ ՀՀ տարածքում բացի զավթողական նպատակներով առաջխաղացում իրականացնել, այդ թվում նաև զինված ուժերին վնասել և գերեվարելը»,- նկատեց վերջինս։ 

«Հրապարակի» հարցին, արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրմանը ժամկետի մոտենալուն զուգահեռ նման միջադեպեր սկսելու են ավելի ու ավելի շատ պատահել, Կարապետյանը ասաց, որ  ինքը հակված է կարծել, որ այս տենդենցը էլի է շարունակվելու։ Հատկապես մինչ այս պահը, եթե լեռնային հատվածներում ձյուն կար և տեղաշարժվելը դժվար էր, ապա ռազմական տեսանկյունից ավելի հարմար է տեղաշարժը տեխնիկայով։

«Այս դեպքում նմանատիպ դիվերսիոն հարձակումները տարբեր հատվածներում՝ Սոթք, Կոռնիձոր հատվածներում հատկապես շատ են լինելու՝ հակված եմ այդպես կարծել։ Փորձն արդեն ցույց է տալիս, որ ամեն ինչ գնում է դրան, բացի այդ, ճիշտ է, առաջինը նախաձեռնողականությամբ հանդես է եկել Ադրբեջանը՝ իբր Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար, բայց ես հասկված եմ վստահ ասելու, որ Ադրբեջանն ինքը չի ուզում խաղաղություն Հայաստանի հետ, որորվհետև Հայաստանը պարտված երկիր է այս պահին, Հայաստանը ընկած վիճակում է, հետևաբար ընկածին և պարտվածին ավելի հեշտ է ավելի շատ բան պահանջել, նոր տարածքներ վերցնել։ Սա լավագույն պահն է, որպեսզի նա այդ առիթն օգտագործելով, իհարկե դիվանագիտական հարթակներում խրոխտաբար բարձրաձայնի, որ այո, իրենք գնում են խաղաղության, իրենք դա են ուզում, իրենց նպատակը դա է, որ ՀՀ սուվերեն տարածքից ոչինչ չեն ուզում, բայց արի ու տես՝ նման քայլերով նրանք ապացուցում են հակառակը։ Ուղղակի շատ դժվար է միջազգային հանրության առաջ ապացուցել, որ նախաձեռնողը մենք չենք եղել, մենք պաշտպանվողական դիրք ենք գրավում, իսկ նրանք հարձակողական բոլոր հնարավոր միջոցները կիրառում են»,- եզրափակեց Դավիթ Կարապետյանը։