Սաղ աշխարհը առաջ ա գնում, իրանք սպասարկումը բարձրացնում են

Սաղ աշխարհը առաջ ա գնում, իրանք սպասարկումը բարձրացնում են

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Մհեր Դումանյանը և խնդրել բարձրաձայնել իր խնդրի մասին։ 

«Մշտապես օգտվել եմ «Ինեկոբանկի» ծառայություններից, սակայն հիմա խնդիրներ են առաջացել։ Ապառիկի մուծում էի անում «Ինեկոբանկում և ինձ զգուշացրին, որ արդեն նոյեմբերի 1-ից բանկի մասնաճյուղում մուծում անելուց որպես սպասարկման վճար պետք ա վճարեմ 500 դրամ։ Ասում են՝ գնացեք ապարատներից մուծում արեք, էլ չենք ընդունելու։ Հիմա ես եմ չեմ ուզում, ապարատի վրա վստահություն չունեմ, ինչի պիտի տանեմ ավել փող մուծեմ։ Միշտ ասել են՝ ապարատով մուծեք, ապարտով մուծեք, չեմ ուզում ապարատով մուծեմ։ Հերթերի հարցն էլ կա, բայց դա արդեն իմ խնդիրն է՝ ես կնստեմ կսպասեմ, թե չեմ սպասի։ Հարցը այդքան էլ գումարը չէ, բայց մեկը ես միայն սրա համար էլ իրենց ծառայություններից չեմ օգտվելու։ Սաղ աշխարհը առաջ ա գնում, իրանք սպասարկումը բարձրացնում են։ Չեմ հասկանում՝ իրանց օգուտը ո՞րն ա, երևի ապարատներից փայ ունեն։ Էնքան տատիկ-պապիկներ կան, որ էդ ապարատներից չեն հասկանում, բա նրանք ինչ պետք ա անեն։ Մի խոսքով, ստացվում ա նենց, որ մարդը չի ուզում ապարատով մուծում անել, բանկի աշխատակցի միջոցով ա ուզում գործարք անել, պետք ա սպասարկման համար վճարի 500 դրամ»։

Մեզ հետ զրույցում «Ինեկոբանկի» աշխատակիցը նշեց․ «Ոչ թե միայն տերմինալներով վճարելու հնարավորություն է լինելու, այլ մասնաճյուղերում հիմա տերմինալների համալրում է կատարվում։ Այո, վճարումները կատարվելու են տերմինալներով, բայց ոչ միայն։ Տերմինալների մոտ տեղեկատու աշխատակիցներ են լինելու, որոնք անվճար օգնելու են վճարումներ կատարելիս։ Կա նաև թեստային տարբերակը, որը մի քանի ամիս ներդրված է եղել Շենգավիթի մասնաճյուղում, վճարումը եղել է 300 դրամ, որը շատ արդյունավետ է եղել։ Բայց դեռ համալրում պետք է կատարվի մասնաճյուղերում, դեռ հաստատված հրաման չկա»։