Սամվել Խալաթյան. Սիրուշի հարսանիքը

Սամվել Խալաթյան. Սիրուշի հարսանիքը

Սիրուշը մեր թաղի գեղեցկուհին էր, չթե շորով, անբռնազբոս քայլվածքով, լայնաշուրթ ժպիտով: Թաղի տղերքը քչփչում էին, թե Սիրուշն այնքան պիրկ կրծքեր ունի, որ կրծկալ չի հագնում: Այդ խոսակցությունից նեղվում էր Անդոն, որի քույրը՝ Սաթիկը, սեմուշկա ծախող մարմնեղ Մարոյի պես մեծ կրծքեր ուներ, մեկ էլ՝ Արշոն, որովհետեւ սիրահարված էր Սիրուշին ու խանդում էր, որ ընկերներն այդքան ուշադիր են նայում իր սիրածին: Իսկ Սիրուշի հեչ պետքն էլ չէր, հացի հերթում, շարքից կես քայլ դուրս, իբր միամիտ, կիսաթեք կկանգներ այնպես, որ արեւը հայտնվեր թիկունքին ու թափանցիկ դարձներ շրջազգեստը:

Արշոյի նամակները ես էի տանում ու գցում Սիրուշենց բաց օդանցքից ներս: Իմ օգուտը

Արշոյի հեծանիվով գնալ-գալն էր:

- Տվի՞ր,- հարցնում էր Արշոն:
- Հա,- պատասխանում էի՝ հեծանիվից դժկամորեն իջնելով:
- Վերցրե՞ց:
- Հա, բա ո՞նց…
- Քու աչքով տեսա՞ր:
- Հա,- խաբում էի ես: Ասեի՝ չեմ տեսել, կզրկվեի հեծանիվ քշելուց: Մեծ մեղք չէի համարում ավագ ընկերոջս խաբելը, քանի որ, համոզված էի, Սիրուշը սպասում ու վերցնում էր նամակը, որովհետեւ նամակը գցելուց անմիջապես հետո շարժվում էին պատուհանի վարագույրները։ Բացի այդ, Սիրուշն ինձ հանդիպելիս չարաճճի աչքով էր անում, իսկ դա նշանակում էր, որ մենք ընդհանուր գաղտնիք ունենք: Բայց դա մի մեծ գաղտնիք չէր, բոլորը գիտեին, որ Արշոն ու Սիրուշն իրար սիրում են, եւ երբ Արշոյի հայրը, քաղսովետի թույլտվությամբ, բաղչին նայող պատուհանը դուռ սարքեց, թե մի պուճուր սենյակ է ավելացնելու, բոլորի համար պարզ դարձավ, որ Արշոյի ու Սիրուշի ամուսնությունը, Բալաբեկի ձեւակերպմամբ՝ «Յա դուռն ա, յա՝ կտուրը»: Դա հաստատ էր, մանավանդ, որ Արշոն ինձ խոստացավ՝ հենց ամուսնանամ, հեծանիվը քեզ եմ նվիրելու, այսինքն, պատրաստվում էր ամուսնանալ:

Մի օր էլ պարզվեց, որ մեծ վտանգ է կախվել իմ հեծանիվ քշելու վրա, կիրակի օրը Սիրուշի հարսանիքն է լինելու, նրան Թիֆլիս են տանում:

Արշոյի մայրը թաղով մեկ ազդարարեց, որ Սիրուշի հերն ու մերը բոշա են, չեն տեսել պատից կախ, ուզում են ճակտից կախ տեսնեն, որ Թիֆլիսը ապրելու տեղ չի, կինտոների քաղաք է, խուժանանոց, ով իր ասլան տղի վիզը ծուռ թողա, աստված նրա պատիժը տալու է: Արշոյի հայրը սաստեց կնոջը, ախպար Մարին ասաց, որ պսակը անեծք չի ընդուներ՝ մեղք է, համզաչիմանցի Անոն եզրակացրեց՝ ով չուստ, նա կուշտ, բայց, այնուամենայնիվ, բոլորի կարծիքն այն էր, որ էդ երեխեն՝ Սիրուշը, Արշոյի փայն է, իսկ Ազատ ձայն Լուսիկը, ով չորս աղջիկ ուներ, ազդարարեց՝ խելքով մարդն իրա ունեցածը շներոց չըտի անիլ, Թիֆլիսն ո՜ւր, մենք՝ ուր… Ահա, այդ հարցերն էին քննարկում, որ հայրս իր հսկա, ամերիկական «Ստուտաբեկկեր» բեռնատարով եկավ, ավտոյից իջավ, իմացավ եղելությունը, գլխահակ ծխող Արշոյի հորը թեւանցուկ արեց, թե՝ արի, տեսնինք Արթիկից քանի՞ տուֆ է պետք, օր պատդ կիսատ չմնա: «Էլ ո՞ւր»,- ուսերը թոթվեց Արշոյի մայրն ու տուն մտավ:

Արշոյենց տնից հայրս ուշ եկավ, մի քիչ խմած, ինչ-որ բան քննարկեցին ինքն ու մայրս, մայրս ասաց՝ ինչ խմել եք, անուշ լինի:

Հաջորդ օրը, ի լուր Սիրուշի մոր, Ազատ ձայն Լուսիկն ազդարարեց, որ ոչ մի հարեւան էդ հարսանիքին գնալ չըտի, իսկ Սիրուշենք էլ ոչ մեկին հրավերք չարին, թե՝ տեղը նեղ ա:
Եկան թիֆլիսցիները՝ «Զիմով», «Պոբեդայով», «Մոսկվիչով», սինիներով, հագած-կապած, փեսայի զոլավոր պիջակի վրա՝ սպիտակ վարդ: Բակում նվագեցին, պարեցին՝ սինիները վեր պարզած, Սիրուշի մորաքույրն ու քույրը, միանալով պարին, վերցրեցին սինիները:
- Համեցե՜ք, համեցե՜ք տուն,-հրավիրեց Սիրուշի հայրը, ու հարսանքավորները, միմյանց հրմշտելով, նեղ միջանցքով ներս մտան:

- Թո՛ւհ, ձեզ մարդ ասողի,-եզրակացրեց կանտուժիստ Ասատուրը:

Բոլորը մտահոգ էին, ես՝ տխուր, իսկ Արշոն ժպտում էր: Նրա մանրիկ աչքերը մի տեղում չէին կանգնում, խլվլում էին դեմքի վրա՝ ծուռ ժպիտին խորամանկ տեսք տալով: Նա ծխախոտի կոթուկը ոտքով երկար տրորեց, ապա ինձ պատվիրեց.
- Դու մինչեւ վերջ մնա, հետո ինձ կպատմես,-թուշս համբուրեց ու գնաց:
Որոշ ժամանակ անց, վերջապես, Սիրուշենց տնից սկսեցին դուրս գալ:
Թաղավորը սպասում էր հարսի ու փեսի դուրս գալուն: Նվագողներն էլ դուրս եկան, կանգնեցին պատի տակ՝ զլեցին «Կալոսի պռկեն»:

- Հարսին տարա՜նք,- ծղրտաց կրեպժորժետ հագած գեր կինը:

Միմյանց զիջելով-չզիջելով, նեղ միջանցքից բակ էին դուրս գալիս Սիրուշենց հարազատներն ու թիֆլիսցի խնամիները: Երեւաց փեսան՝ վարդը կրծքին, ետ-ետ նայելով եկավ, կանգնեց գիրուկի կողքին՝ աչքը հառած դռանը: Բոլորը սպասման մեջ են, հարսի դուրս գալուն են սպասում, իսկ Սիրուշն ուշանում է: Սպասում են: Պարող միակ կինն արդեն հոգնեց, համեստորեն կանգնեց տարեցի կողքին, նվագածուները դադարեցրին նվագը, սպասողական կանգնեցին՝ ամեն վայրկյան նորից սկսելու պատրաստ: Տարեց խնամին Սիրուշի հոր ականջին ինչ-որ բան ասաց, վերջինս գլխով արեց, մոտ կանչեց կնոջը՝ նրա ականջին ասաց, սա շտապեց ներս, քիչ անց դուրս եկավ, վախեցած հայացքը հառեց ամուսնուն:
- Ախչի,- բարկացավ Սիրուշի հայրը,- հալա էն մի տեղն էլ նայի:
- Ընդի էլ չի,- վշտալից արձագանքեց կինը:
Թաղով մեկ, էլեկտրական լիցքի պես, շշուկ անցավ՝ «Հարսը փախել է»:
- Մասխարա իք գցո՞ւմ, տո՜, որդի՞ ա աղջիկդ,- վրա պրծավ տարեցը:
Իրարով անցան, ներս մտան, դուրս ելան՝ Սիրուշը չկա ու չկա:

Քիչ անց բերնեբերան անցավ, թե գտել են Սիրուշի նամակը՝ բուլավկայով խալու վրա ամրացրած:

Հաջորդ օրը հայրս, թաղեցիների ցավակցական ու ափսոսանքով լի հայացքի տակ, Արշոյի հոր հետ քանդեց կիսակառույցի տախտակամածները, թաղեցիներն իրար մեջ կարծիք փոխանակեցին, որ Սիրուշին փախցրած Արշոն դժվար թե էլ հոր տուն վերադառնա, իսկ Ազատ ձայն Լուսիկը հայտնեց, որ Արշոյին Կրասնոդարում տեսնող ա եղել:
Մեկ շաբաթ անց, ի զարմանս բոլորի, Արշոյի մայրը սկսեց ավլել սենյակ չդարձած հարկաբաժնի հատակն ու ջրջնեց: Ազատ ձայն Լուսիկի գուշակությամբ՝ բուրդ ձաղկելու համար:

Կեսօրին զիլ ազդանշան տալով՝ բակին մոտեցավ հորս «Ստուտաբեկկերը», որի խցիկից դուրս ելան գյուղում ապրող հորաքույրս, Արշոն ու ավելի սիրունացած Սիրուշը: Կիսակառույցի մեջ անմիջապես սեղան հայտնվեց, իշոտնուկներ, մայրս, հորքուրիս հետ, կոմպոտի ու թթվի բանկաներով շտապեցին Արշոյենց տուն: Դա, կարծես, ազդանշան ծառայեց, հարեւաններն իրարով անցան, որը՝ օղի կամ գինի, որը՝ լավաշ, որը կանաչի վերցրած՝ շտապեցին Արշոյենց: Ու մինչեւ որ հայրս թեժացնում էր խորովածի կրակը, Արշոյի հայրը սապոգները պլպլացրեց, վճռական քայլերով ուղղվեց Սիրուշենց տուն՝ բարիշելու: Էլեկտրիկ Աբոն երկար հաղորդալարով լամպ հարմարեցրեց կիսակառույցի պատին, եւ երբ բոլորը նստեցին սեղանի շուրջ, հայրս վերցրեց օղու բաժակը, ազդարարեց, որ հարսանիք է, ու քավորն էլ ինքն է: Ծափահարեցին, շրջվեցին, որ հարսուփեսայի կենացը խմեն… տեսան, որ Արշոն չկա…

- Քոռանա՜մ,-մատները շուրթերին տարավ Ազատ ձայն Լուսիկը:
- Ով գիտի՝ աղջիկ չի եղել, Արշոն փոշմանել ա,- փսփսաց մյուսը:
- Էս ո՞ւր ա տղեդ,- ատամների արանքից մռլտաց Սիրուշի կիսախռով հայրը, եւ այդ միջոցին հայտնվեց Արշոն՝ հեծանիվն ուսած:
- Էս՝ քեզ, ոնց որ խոստացել էի,- ինձ դիմեց Արշոն, հեծանիվը հենեց պատին ու գրավեց իր տեղը:
- Ռիփսի՛կ, երգի՜,- կարգադրեց հայրս, ու թաղով մեկ զրնգաց մեր բակի երգչուհու ձայնը.
- Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի՜, ոչ մի մայր քեզ պես գոզալ չի ծնի՜…

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ