Ի՞նչ կա «սև ցուցակում»

Ի՞նչ կա «սև ցուցակում»

Օրերս մենք գրել էինք, որ վարչապետի հանձնարարությամբ «սեւ ցուցակ» է կազմվել, որն ուղարկվել է իրավապահներին եւ մինչեւ հունիսի 15-ը վերջնաժամկետ սահմանվել՝ ցանկում ընդգրկվածների մասին դոսյեներ հավաքելու։ Ցուցակում են Վարդան Աթաբեկյանը, Սոֆյա Հովսեփյանը, Աննա Կարապետյանը, Թագուհի Թովմասյանը, Հայկ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Անուշ Բեղլոյանը, Շիրակ Թորոսյանը, Հովհաննես Իգիթյանը, Վարազդատ Կարապետյանը, Արսեն Ջուլֆալակյանը։ Ցանկը լիարժեք չէ,  հաջորդ «թեկնածուների» նկատմամբ «հետաքրքրությունը» կախված է նրանից, թե տվյալ պատգամավորն իրեն ինչպես կպահի, ինչ ելույթներ կունենա, ինչպես կքվեարկի եւ այլն։

Ներքաղաքական իրավիճակը Նիկոլ Փաշինյանին ստիպել է ռեպրեսիվ մեթոդներ կիրառել թիմակիցների նկատմամբ, որ երերացող իշխանությունը չկորցնեն, եւ ԱԺ մեծամասնության մտքով չանցնի բունտ անել ու վարչապետ փոխել՝ այլ թեկնածու առաջադրելու սցենարով։ Իրավապահների հայտնաբերած կոմպրոմատները կկիրառվեն ըստ անհրաժեշտության։ Ոմանք մանդատը կդնեն, մյուսները կխելոքանան։

Մեզ հաջողվեց պարզել, թե ում դեմ ինչ դոսյեներ կարող են լինել, ինչու են հենց նրանք հայտնվել Փաշինյանի տեսադաշտում։ Նախ, այս ցանկում որոշակի ըմբոստություն դրսեւորածներն են, որոնք երբեւէ հակառակվել են թիմի որոշումներին՝ քվեարկությունների ժամանակ ինքնուրույն են եղել կամ, ասենք, համարձակվել են իշխանության արտոնյալներին ասել՝ աչքիդ վերեւը հոնք կա, կամ էլ պարզապես կասկածներ կան նրանց կապերի ու շփումների մասով։ Դիցուք, ՀՀԿ ֆրակցիայի նախկին պատգամավոր, հեղափոխական դարձած Շիրակ Թորոսյանին կասկածում են ինֆորմացիոն արտահոսքեր կազմակերպելու, նախկին թիմին գործողների ներքին խոհանոցը բացելու հարցում եւ ստուգում են նրա հեռախոսազրույցները, հանդիպումները՝ ում հետ, ինչ նպատակով եւ այլն։ Կա՞ իր նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն․  փորձեցինք պարզել Թորոսյանից, բայց ժամանակին հավասարակշռված Թորոսյանը, պարզվեց, բավականին դյուրագրգիռ է դարձել եւ մեզ հետ «խոսելու չունի»։ Նախկիններին «սլիվներ» անելու մեջ կասկածվում է նաեւ Աննա Կարապետյանը, ով ժամանակին ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի օգնականն էր, պետաիրավական հարցերի հանձնաժողովում էր աշխատում, հիմա վայելում է ԱԺ նախագահի հովանավորությունը։ Կարապետյանի հարցում, ի տարբերություն Շիրակի, այլ թեմա էլ կա․ նա թիմին «քաշել» է՝ կողմ չքվեարկելով հեռախոսազանգերը վերահսկող օրենքի նախագծին։ Բացի այդ, Կարապետյանին «չեզոքացնելով»՝ կթուլացնեն նաեւ քաղաքական հավակնություններ ունեցող Արարատ Միրզոյանին, ով, ասում են, իր հերթին որոշ հարաբերություններ ունի ոչ իշխանականների հետ։

Դարձյալ նախկինների դասից սերող Վարազդատ Կարապետյանով իշխանությունը սկսել էր զբաղվել դեռ անցած տարի, երբ պատգամավորը քննադատական կարծիք հայտնեց Ամուլսարի հարցով։ ՊԵԿ-ը ստուգումներ սկսեց Կարապետյանի հորն ու եղբորը պատկանող՝ Սեւանի ափի հանգստյան տանը։ Հիմա հարկայինի աշխատակիցները կրկին ակտիվացել են․ խոսվում է մոտ 300 մլն դրամ հարկային պարտավորության մասին։ «Ժողովուրդ» օրաթերթի նախկին խմբագիր Թագուհի Թովմասյանի նկատմամբ թիմում աներեւակայելի մաղձ է կուտակվել․ կարծում են, որ նա իր թերթով պետք է դառնար իշխանության քարոզչամիջոցը, բայց երբեմն քննադատական հոդվածներ է տպագրում օրաթերթում եւ հակաիշխանական կարծիք հայտնում որոշ հարցերի մասին։ Տեղեկացանք, որ սկսել են ստուգել լրատվամիջոցի ֆինանսական աղբյուրները՝ ներկա եւ նախկին։ Ի դեպ, «թիրախները» չգիտեն այս գործընթացների մասին կամ տեղեկանում են երրորդ անձանցից։

Ցանկում անհավանական թվացող անուններից է Արթուր Դավթյանը՝ նախկին փաստաբան։ Պարզվում է, Դավթյանի նկատմամբ սեւեռման պատճառը Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն է, ում հետ պատգամավորը նախկինում եւ ներկայում բավականին մտերիմ հարաբերություններ ունի, իսկ Զոհրաբյանը վերջերս մի քանի քննադատական հայտարարություններ է արել իշխանությունների հասցեին՝ Լանզարոտեի կոնվենցիայի եւ այլ հարցերի մասին, ու համալրել է սեւերի, հակահեղափոխականների շարքերը։ Դավթյանին խելոքացնելու համար էլ իրավապահները, ըստ որոշ տեղեկությունների, ուսումնասիրում են պատգամավորին պատկանող «Դավթյան եւ գործընկերներ» փաստաբանական գրասենյակի գործունեությունը, որտեղ 2012-ից, մինչեւ պատգամավոր դառնալը, նա տնօրեն-փաստաբան էր աշխատում։ «Այո, Զոհրաբյանի հետ մտերիմ եմ, բարեկամ չեմ, բայց մտերիմ եմ»,- ասաց պատգամավորը մեզ հետ զրույցում՝ անմիջապես հավելելով, որ հիմա զբաղվածության պատճառով քիչ է շփվում․ «Բայց իր քաղաքական հայացքներն ու իմը չեն հակասում, ինքը քաղաքականացված անձ չէ, էլի, ինքն իրավաբան է»։ Իրավաբան, որը քննադատում է։ «Դե, հիմա․․․ Քննադատությունը կարող է հիմնավոր լինել, կարող է չլինել, դա էական չէ, բայց, հաստատ, քաղաքական գնահատականներ չի տվել»։ Ուզում եք ասել, որ ձեր թիմում հանդուրժո՞ւմ են քննադատությունը։

«Դե․․․ պետք է քննադատություններին ուշադիր լինել, ու եթե ուսումնասիրում ես ու հասկանում, որ այդ քննադատությունները տեղին են, կատարում ես համապատասխան քայլեր, մինչեւ դա վերանա, իսկ եթե տեղին չեն, անցնում ես առաջ»։ Պատգամավորը չի կարծում, որ որեւէ ձեւով ուսումնասիրում են իր նախկին գործունեությունը, եթե այո՝ ապա մտահոգվելու տեղ չունի, ինքը «սուրբ եւ մաքրամաքուր» գործունեություն է ծավալել։ «Էդ փաստաբանական ընկերությունն էլ իմը չէ, ես բաժնետեր չեմ եղել, ես ընդամենը տնօրեն եմ աշխատել»։ Իսկ ո՞վ է Դավթյանը, եւ ովքե՞ր են իր ընկերները։ «Ես չեմ․․․ Մեր ընտանիքից է, բայց հաստատ ես չեմ»։ Այսինքն, մաքրամաքուր են Ձեր անցյալը, գործունեությունը։ «Այո, այո, ճիշտն ասած՝ այդ բառերը չէի գտնում, բայց փոխարենը Դուք գտաք ճիշտ բառերը»։

Վերջին օրերին մամուլի էջերից չի իջնում պատգամավոր Վարդան Աթաբեկյանի անունը։ Նրա մասին շատ ենք գրել, նա գլխացավանքի մեջ է հայտնվել, երբ հանդգնել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակին դիտողություն անել, որ Սոֆյա Հովսեփյանին Ֆեյսբուքում չվիրավորի, հեռացնի գրառումը։ Վարդան Աթաբեկյանն Էրեբունուց է, իրավապահները մեկ շաբաթից ավելի է՝ դուրս չեն գալիս նրանց թաղերից, փորփրում են անցյալը, հետաքրքրվում նախկին կապերով, կասկածներ ունեն, որ թաղի կրիմինալ տարրերի հետ է «տվել- առել», բացի այդ, ունեցել է «Արմ կուրիեր» առաքման առցանց ծառայություն, որը վաղուցվանից լուծարվել է, բայց իրավապահները ստուգում են արխիվային փաստաթղթերը։

Սոֆյա Հովսեփյանի դոսյեն էլ փորձում են «կարել» փոխմարզպետ եղած ժամանակաշրջանի գործունեության եւ ՀԿ-ներում աշխատանքային գործունեությունը փորփրելու միջոցով։ ԼՀԿ-ից «Իմ քայլի» ճամբար անցած Վիկտոր Ենգիբարյանին, կարելի է ասել, «փուռն» է տվել Միքայել Մինասյանը՝ իր «լայվերի» պատճառով։ Իշխանությունները սկսել են կասկածել, որ Մինասյանի ընկերների՝ Ֆարմանյանի, Միհրան Հակոբյանի երբեմնի ընկեր Վիկտորը կարող է հարմար պահին «թռնել» նախկին թիմ․ տեղեկություններ կան, որ նա որոշակի շփում ունի այդ շրջանակների հետ, Նարեկ Մալյանի հետ է մտերիմ եղել։

Անուշ Բեղլոյանին էլ են նույն պատճառով կասկածում․ նա ժամանակին աշխատել է Արա Սաղաթելյանի հետ։ Հովհաննես Իգիթյանի վրա «բոչկա է գլորում» Ռուբեն Ռուբինյանը։ Նա վերնախավին համոզել է, որ Իգիթյանը կապեր ունի եվրոպաներում, ԵԽԽՎ-ում, միջազգային այլ կառույցներում, բայց դրանք չի օգտագործում ի շահ իշխանության։ Իգիթյանի բախտակից մի պատգամավոր էլ կա՝ Արսեն Ջուլֆալակյանը․ նրանով էլ զբաղվում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, որն ասել է՝ Ջուլֆալակյանն իրեն «ճիշտ չի պահում»։ Երբեմն նաեւ առճակատման է գնում նախարարի հետ՝ ներքին քննարկումների ժամանակ, հիմա էլ սկսել է հրապարակային քննադատել փոխնախարարին։ Ի դեպ, նա երեկ իր զարմանքն էր հայտնել «սեւ ցուցակի» հետ կապված եւ հայտարարել, որ ոչինչ չկա իր դեմ, սակայն համակարգից մեզ ասացին, որ նա ֆիզկուլտինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ եղած ժամանակ իր կնոջն ինստիտուտում տեղավորել է աշխատանքի՝ որպես թարգմանիչ, ինչի մասին իմացել է Արայիկ Հարությունյանը եւ հանել աշխատանքից։ Հիմա նորից կարող են հիշել այս փաստը։

Եվ վերջապես, առանձին պատմություն է «ախրաննիկ պատգամավոր» Հայկ Սարգսյանը, ով ստանձնել է որոշ օլիգարխների եւ հեղինակությունների հետ հարաբերությունների կառուցման գործը եւ եղբոր՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի միջոցով որոշ հարցեր է լուծում։