Նա անգամ «ժիվոյ» հանցագործ չի տեսել իր կյանքում

Հունվարի 8-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ծովինար Թադևոսյանը նշանակվեց Քրեակատարողական ծառայության պետ: Վարչապետը նախօրեին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Թադևոսյանը Քրեակատարողական ծառայության պետ կնշանակվի, և որ կառավարությունում հանդիպել է նրա հետ։ 33-ամյա Թադևոսյանը 2020-ից արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետն էր: Քրեակատարողականի պետի պաշտոնը թափուր էր անցած տարվա դեկտեմբերի 5-ից։ Նախկին ղեկավարը՝ Ամբակում Գրիգորյանը, պաշտոնավարեց ընդամենը մեկ տարի․ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը չցանկացավ աշխատել Գրիգորյանի հետ, նա էլ օրենքի ուժով ազատվեց պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանը ողջ կառավարական համակարգը` ուժային առանցքային կառույցները, վստահում է կանանց: Նա այսկերպ փորձում է Արևմուտքին հաճոյանալ, բայց իրականում կանանցով շրջապատված լինելը կառավարության ղեկավարի համար այլ նպատակ ունի, կանայք ավելի հեշտ կառավարելի են, և հենց սա է հիմնական պատճառը, որ Փաշինյանն իրեն շրջապատում է կանանցով: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է արդարադատության գեներալ, մայոր Թաթուլ Պետրոսյանի հետ:
- Քրեակատարողական ծառայության պետը նույնպես կին է: Այս նշանակման վերաբերյալ կարծիքները երկու ծայրահեղ մասի են բաժանվում. մի մասը կարծում է, որ կին բանտապետը չի կարող նման աշխատանքում արդարացնել իրեն, մյուս մասն էլ պնդում է, որ կինը, այն էլ՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետը, քաջատեղյակ է բանտարկյալների խնդիրներից և շատ ավելի լավ կարող է կատարել իր աշխատանքը, քան ցանկացած տղամարդ: Ի՞նչ կասեք Դուք:
- Այս նշանակումը ես չեմ դիտարկում զուտ որպես մեկ կնոջ նշանակում, սա փոխկապակցված է մյուս նշանակումների հետ, այս կոնտեքստում պետք է նայենք խնդրին: Աննա Հակոբյանը կանանց ուժային կառույցներում տարբեր պաշտոնների է նշանակում, քանի որ ունի կոնկրետ հավակնություններ: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նշանակումն էլ եղավ Աննա Հակոբյանի ցանկությամբ: Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարար, ունեինք մարդու իրավունքների պաշտպան, որը վաղաժամ դադարեցրեց աշխատանքը` Քրիստինե Գրիգորյանը: Նա հիմա Արտաքին հետախուզության ծառայության տնօրենն է: Պատկերացնո՞ւմ եք: Շատերը գուցե չեն հասկանում, թե խոսքը որքան ծանր, սկզբունքային գործի մասին է: Այստեղ պետք է լիներ մեկը, որն ունի ազգային մտածողություն, քանի որ շատ ծանր պաշտոն է: Որքան վտանգավոր է, որ սորոսական մեկն է այս պաշտոնը զբաղեցնում: Արտաքին հետախուզության ինֆորմացիաները հայտնվել են նման կնոջ ձեռքին, իսկ դա լուրջ մարտահրավեր է պետության համար: Պատկերացնո՞ւմ եք, եթե այլ երկրների հետախուզական ծառայություններին փոխանցվեն ինչ-որ փաստաթղթեր: Դա կլինի պետականաքանդություն: Այսօր էլ քրեակատարողականի պետ է նշանակվում մի աղջնակ, որն ընդամենը Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետն էր:
- Տեսակետներ կան, որ դա մեծ առաջընթաց է: Ասում են, որ Ծովինար Թադևոսյանը հրաշալի տիրապետում է դատապարտյալների իրավունքներին, նրանց սոցիալ-հոգեբանական խնդիրներին:
- Կալանավորների իրավունքներին, հոգեբանությանը տեսականորեն ծանոթ լինելը ոչ մի արժեք չի ներկայացնում: Երբ Արփինե Սարգսյանը նշանակվեց ներքին գործերի նախարար, մարդիկ սկսեցին խոսել, որ նա անգամ «ժիվոյ» հանցագործ չի տեսել իր կյանքում: Հիմա նույն խայտառակ նշանակումը տեղի ունեցավ քրեակատարողականում: Նա պետք է կոնկրետ հանցագործների հետ գործ ունենա, Քրեական օրենսգրքում կա հոդված` հանցավոր ենթամշակույթի դեմ պայքարի մասին: Հանցավոր ենթամշակույթը տիրում է քրեակատարողական հիմնարկներում: «Զոն նայող» կոչվածները մեծ դեր ունեն արտաքին աշխարհում, հիմա այս աղջնակը, որն ընդամենը բանտարկյալների իրավունքների մասին երկու-երեք բան գիտի։ Ու ի՞նչ: Նա կարողանալո՞ւ է կանխել հանցավոր քրեական ենթամշակույթը քրեակատարողական հիմնարկներում: Դա անհնար է:
Կարծիքներ