Արտախորհրդարանականներից ոմանք այնքան «զբաղված են» եղել, որ մերժել են Փաշինյանի հրավերը

Արտախորհրդարանականներից ոմանք այնքան «զբաղված են» եղել, որ մերժել են Փաշինյանի հրավերը

Երեկ հաղորդեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակիցներին: Հանդիպմանը մասնակցել են` «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:

Նկատենք, որ նախորդ անգամ, երբ վարչապետը հանդիպում էր արտախորհրդարանական ուժերի հետ նրանց շարքերում էին նաև` «Պահպանողական» կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն, ինչպես նաև «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը: Այս հանդիպմանն, ինչպես տեսնում ենք, շարքերը նոսրացել են` վերոնշյալ ուժերը չկային:

Մենք փորձեցինք պարզել, թե ինչն է պատճառը, գուցե այս անգամ նրանց չե՞ն հրավիրել հանդիպման: «Պահպանողական» կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հանդիպմանը չի մասնակցել, քանի որ դասախոսում է Պոլիտեխնիկական ինստիտուտում: «Հանդիպմանը հրավիրված էի։ Պայմանի համաձայն` միայն առաջին դեմքերը կարող են մասնակցել։ Ի դեպ, թե՛ 2007-ին, թե՛ 2008-ին, թե՛ 2020-ին ես երբեք դասս չեմ զոհաբերել ընտրարշավի կամ քաղաքական միջոցառման համար», - նշում է Հայրապետյանը:

Տիգրան Արզաքանցյանն էլ նշեց, որ հրավիրված է եղել, սակայն այնքան զբաղված է, այնքան խիտ գրաֆիկով է աշխատում, որ հանդիպմանը գնալ չի կարողացել:

Նորայր Նորիկյանն էլ իր հերթին նշեց, որ շատ զբաղված է և խոսել չի կարող: