Այս թիմը արտացոլում է այսօրվա Հայաստանի խղճուկ վիճակը

Այս թիմը արտացոլում է այսօրվա Հայաստանի խղճուկ վիճակը

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Իռլանդիայի ընտրանուն։ Ազգայինի տղաները 5-րդ անընդմեջ պարտությունը կրեցին՝ այս անգամ զիջելով մրցակցին 2-3 հաշվով։ Հավաքականը հերթական անատամ խաղը ցույց տվեց, ինչը նորից գալիս է ապացուցելու, որ ոչ ոք իր տեղում չէ՝ թե մարզչական շտաբում, թե ֆեդերացիայում։

Մինչև հանդիպման 71-րդ րոպեն, երբ պարտվում էինք 2-0 հաշվով,  մենք անգամ չէինք հարվածել մրցակցի դարպասին։ Դաշյանի փայլուն հարվածի շնորհիվ ի վերջո հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունն ու ամեն ինչ փոխվեց, մենք տեսանք լրիվ այլ Հայաստանի ազգային հավաքական։ Ավելին՝ մեզ հաջողվեց 2 րոպեում երկու գոլ խփել։ Դաշյանի կրակոցից հետո իրեն հիշեցնել տվեց Էդուարդ Սպերցյանը, որը հաշիվը դարձրեց 2-2։ Խաղային իրադարձություններն իրականում ցույց տվեցին, որ հավաքականը առաջին հերթին ունի հոգեբանական խնդիր, ինչը ֆուտբոլում ոչ պակաս կարևոր գործոն է։ Այս ընթացոքում ֆուտբոլիստների հոգեբանական վիճակի բարելավման ուղղությամբ փաստորեն ևս ոչինչ չէր արվել, ինչի պատասխանատվությունը նույնպես ֆեդերացիան ու մարզչական շտաբն են կրում։

Խփած երկու գնդակներից հետո տղաները ցույց տվեցին, որ հայերն իսկապես ի զորու են ֆուտբոլ խաղալ, հանդիպման վերջում մենք նույնիսկ պայքարում էինք արտագնա հաղթանակի համար, սակայն հայի բախտը նորից մեզ հետ էր։ Հանդիպման վերջնամասում մրցավարը ձեռքով խաղի համար որոշեց 11- մետրանոց նշանակել մեր դարպասին, որը իռլանդացիները անվրեպ իրացրին ու դիտարժան խաղում հաղթանակ տարան։ Անկախ նրանից՝ արդարացի էր մրցավարը, թե ոչ՝ 11- մետրանոցի իր որոշմամբ, մենք հերթական բացթողումը նկատեցինք թիմում՝ այս անգամ կարգապահական իմաստով։ 11-մետրանոցից հետո, երբ դեռ այն իրացված չէր, մրցավարի հետ վիճաբանության համար հեռացվեց խաղադաշտից Համբարձումյանը, ապա մեկ այլ կարմիր քարտ էլ Դաշյանը ստացավ ու մնացինք 9 հոգով։ Հանդիպումը դեռ չի ավարտվել, ավելին՝ 11 մետրանոցը իրացված չէ, հնարավորություն կա բեկում մտցնել ու մենք հանկարծ կրկին մնում ենք 9 հոգով։ Ո՞վ է պատասխանատու կարգապահական այս ցածր որակների համար, բնականաբար նորից ու նորից ֆեդերացիան ու մարզչական շտաբը։

Նշենք, որ Շոտլանդիայի հետ խաղում գրեթե նույն իրավիճակն էր, մենք նորից երկու կարմիր էինք ստացել։

Այսպիսով, Շոտլանդիայի հավաքականը վաստակած 13 միավորով հաղթեց խմբում ու բարձրացավ A դիվիզիոն։ Ուկրաինայի ընտրանին 11 միավորով երկրորդն է, իսկ Իռլանդիան 7 միավորով հանգրվանեց երրորդ հորիզոնականում։ Ընդամենը 3 միավոր վաստակած  Հայաստանի հավաքականը խմբում գրավեց վերջին՝ չորրորդ տեղն ու նահանջեց C դիվիզիոն:

Հերթական խայտառակությունից հետո թիմի գլխավոր մարզիչ, իսպանացի հանրահայտ մասնագետ Կապառոսը նորից սկսեց արդարացումներ փնտրել, որոնք, անկեղծ, էլ որևէ մեկին չեն հուզում՝ անգամ հավաքականի ամենամոլի երկրպագուներին, որոնք բոլոր հնարավոր հարթակներում խոսում են իսպանացի մասնագետի հեռացման անհրաժեշտության մասին։ 

«Հայաստանի ազգային հավաքականն իրականում այսօրվա Հայաստանի հավաքական կերպարն է։ Այս թիմը լիովին ապացուցում է այսօրվա Հայաստանի խղճուկ վիճակը։ Ամեն ինչ կա արդյունքի համար, բայց ոլորտի հետ կապ չունեցողները եկան ու ամեն ինչ փչացրին ու դեռ շարունակում են»,-գրել է երկրպագուներից մեկը պարտության հաշվի հրապարակումներից մեկի մեկնաբանություններում։