Վիզաների տրամադրման հարցը շարունակում է մնալ չկարգավորված 

Վիզաների տրամադրման հարցը շարունակում է մնալ չկարգավորված 

Հայաստանում արդեն մի քանի ամիս է՝ օտարերկրյա դեսպանատներում, հիմնականում՝ եվրոպական, հերթագրվելու եւ փաստաթղթեր հանձնելու օր վերցնելու համար աննախադեպ «տարիֆներ» ու գրաֆիկ են գործում։ Դեսպանատներում հերթագրվելու գնացուցակն էականորեն թանկացել է՝ տատանվելով 40-70 հազար դրամի սահմաններում, իսկ շատ դեսպանատներում անգամ մի քանի ամսվա կտրվածքով օր ու ժամ ամրագրելու պատուհաններ չկան։ Թե ինչու է վիզա ստանալու գործընթացն այսքան դժվարացել այս կամ այն եվրոպական դեսպանատանը, տարակուսում են բոլորը՝ թե՛ քաղաքացիները, թե՛ տուրիստականներն ու թե՛ անգամ դեսպանատները։ 

Ավելին՝ տուրիստականներից շատերը խուսափում են այս խնդրի մասին խոսել անձնավորված, քանի որ վախենում են հայտնվել դեսպանատների սեւ ցուցակում։

Այսպես, օրինակ, տուրիստականներից մեկի տուրգործակալը մեզ հետ զրույցում նշեց, որ շատ բան չի կարող ասել, որովհետեւ նույն անորոշ վիճակում նաեւ իրենք են։ «Տարբեր կարծիքներ կան, խոսակցություններ եղան, որ օր վերցնելու պրոցեսը կկարգավորվի՝ Եվրոպա դիմելու համար, բայց ամեն տարի գնալով ավելի վատացավ վիճակը։ Ապրիլին փոփոխություններ տեղի ունեցան, կարծես թե ամեն ինչ պետք է լավ լիներ, բայց ավելի բարդացավ օր վերցնելու պրոցեսը, ու հնարավոր չէր գտնել տարբերակներ։ Սա երեւի թե պայմանավորված է նրանով, որ մեր երկիրը պետք է ավելի լուրջ ուշադրություն դարձնի թե՛ արտագնա, թե՛ ներգնա տուրիզմին․ լավ չվերթներ, լավ ավիաընկերություններ պետք է շատ լինեն, որ ուղղությունների արժեքն ավելի մատչելի դառնա, եւ մրցունակություն լինի եւ ոչ թե մոնոպոլիա։ Պետք է արժեքների վրա ուշադրություն դարձնեն, որ օրերն ավելի հեշտացված տարբերակով ամրագրեն, եւ այնպես չլինի, որ մարդիկ չկարողանան մեկնել։ Օրինակ, շատերը պլանավորում են 1-2 ամսից Եվրոպա մեկնել, բայց, ցավոք, ոչ մի ազատ տեղ չենք գտնում։ Այդ հարցն ինչքան բարձրաձայնվում է, այնքան ավելի բարդանում է վիճակը։ Հիմա չգիտեմ, կարող է դուք էլ բարձրաձայնեք, ու մենք այլեւս ոչ մի տարբերակ չունենանք՝ օր վերցնելու դեսպանատներում»,- ասում է մեր զրուցակիցը եւ ընդգծում, որ շատ բարդ ու դժվար է այս պայմաններում աշխատելը։

Զրուցակիցս Գերմանիայի դեպանատան օրինակն է բերում, որը միայն մեկ ամիս հետո է ազատ տեղ տալիս․ «Ու ծանուցում է մեյլին ուղարկում, որը շատ անգամ կարող է սպամ ընկնել, ու եթե ամեն օր, ամեն ժամ չես ստուգում, կարող ես բաց թողնել այդ հնարավորությունը, որովհետեւ կարող է այսօր նամակն ուղարկեն ու վաղն առավոտյան ժամ 9-ին հրավիրեն մտնել դեսպանատուն։ Բայց դա ինչքանո՞վ է արդյունավետ, հաշվի առնելով, որ բանկային, աշխատանքային թղթերը ժամկետներ ունեն։ Ու եթե ժամանակին չտեսնես ու այդ թղթերն էլ առկա չունենաս, չես հասցնի: Իհարկե, կարող ես նախօրոք վերցնել, բայց կարող է հետո էլի պետք գա, սա ոչ միայն ժամանակ է, այլ նաեւ գումար, որովհետեւ նույն տեղեկանքի համար վճար ես կատարում բանկում։ Ստացվում է՝ թե՛ ուղեւորը, թե՛ մասնագետը մինչեւ վերջին պահը լարված պետք է սպասի, թե երբ կգա այդ նամակը, որ գնա հարցազրույցի, ու դա մեկ ամսվա մեջ են տրամադրում, ինչը լավ չէ։ Օրինակ, շատերն ապրիլի 6-ին դիմել են, բայց Գերմանիայի դեսպանատունը նոր է մարդկանց հրավիրում»։ 

Զրուցակիցս ընդգծում է, որ մեր երկրում չի գործում աշխատանքի ճիշտ սխեմա, որ իրենց՝ տուրգործակալների գործն էլ հեշտանա։ «Մարդիկ էլ նորմալ գնան ճամփորդեն այն ժամանակի մեջ, որ պլանավորել են, եւ ոչ թե հարմարվեն դեսպանատան ժամանակացույցին։ Դա նորմալ չէ։ Այս խնդիրները պետք է կարգավորվեն պետական մակարդակով, մեր պետությունը պետք է վստահություն ներշնչի, միայն մեր ոլորտում չեն խնդիրները, ավելին՝ մեր ոլորտի վրա առաջինն ազդում է երկրի անկայուն կարգավիճակը, հենց ինչ-որ բան է տեղի ունենում, դա միանգամից զգում ենք մեր ոլորտում, մարդիկ խուսափում են ճամփորդելուց, անգամ՝ երկրի ներսում, քանի որ վախենում են՝ բա որ ինչ-որ բա՞ն լինի»,- ասում է զրուցակիցս ու եւս մեկ անգամ ընդգծում, որ աշխարհաքաղաքական զարգացումներից մինչեւ սահմանային լարվածություն՝ ազդում են տուրիստական հոսքերի վրա։                

Մեկ այլ տուրօպերատորի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը պայմանավորված է նաեւ ռուսների մեծ ներհոսքով, որովհետեւ բազմաթիվ ռուսներ, գալով Հայաստան, ստանում են վիզաներ դեպի եվրոպական երկրներ։ Ավելին՝ դեսապանատներում էլ օր վերցնելու «բիզնեսի» մեջ հաճախ ներգրավված են ռուս «այթիշնիկները», որոնք հաշված վայրկյաններում տեղեր են վերցնում «այս-այս» դեսպանատներում․ «Կան ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս՝ որոշակի բոտերով բավականին արագ օր վերցնել։ Այստեղից կարելի է ենթադրել, որ շատերի համար սա դարձել է ուղղակի լավ բիզնես, հենց թեկուզ՝ նույն ռուսների»։ Ըստ զրուցակցիս, այս ամեն ինչը պետք է կարգավորվի միայն դեսպանատների կողմից, այլ հարց է՝ իրենք ուզո՞ւմ են դա, թե՞ ոչ։