Մարինա Գեւորգյան. Ապրելու էսսե

Մարինա Գեւորգյան. Ապրելու էսսե

Ձմռան օրն արթնացրել է ինձ լուսաբացից առաջ, ուրախանում եմ, որ մութ է. ոչ ոք չի տեսնի ցավահար աչքերս, թեւաթափ, անսպասում, պարտված իմ գոյը երկնքից, աշխարհից, ուրիշ աչքերից թաքցնելու ամենահարմար ճանապարհը երեւի խավարում կուչ գալն է... Բայց քամին քայլ առաջ է հրում, մի ծանր ձեռք իջել է ուսիս ու պտտում է ինձ սպասման առանցքի շուրջը։ Էլ ոչինչ չեմ տեսնում, խոնավ խաշամը ծեծում է դեմքս, մաշկս այրվում է ցրտից, եւ ասում եմ՝ օգնի՜ր ինձ, երկի՜նք․․․

- Նստի՛ր,- հրամայում է ձայնը ու ծանր ձեռքն ուսիցս ետ քաշում։

Հնազանդվում եմ, նստում մայթեզրի խոնավ քարին, սրբում եմ աչքերիս ցեխն ու տերեւը, կողքիս մի ալեւոր է՝ լեռնոտ հայացքով, կնճիռների ակոսներով գետեր են հոսում։

- Դու ո՞վ ես,- հարցնում են աչքերս։

- Դու լավ գիտես,- պատասխանում է հայացքը։

Բռնում եմ ձեռքերը, սեղմում այտերիս․ հողոտ ձեռքերն այրված են, վառոդի հոտ ունեն, սառն են ու տաք։

- Ես ինչպե՞ս բուժեմ վերքերդ,- աղաղակում եմ անձայն։

Գրպանից հանում է մի ծաղիկ հաց, դնում ափիս մեջ։ Պոկում եմ, նայում ներսը․ չպայթած արկեր են ծակոտիները, այս հացի հասկերն այն արեւի վերջին սերն էին խշխշան արտերում․ հիմա այնտեղ հրասայլերի թրթուրների տակ պատռվում է հողի երակը, այրվում է ներսը ֆոսֆորի թույնով, ամլացում է հոնուտներից մինչ հորիզոն:

Ալեւորի շորերը ծակծկված են, արկերի բեկորները սուր-սուր ծայրերով ցցված են դուրս։

- Իմ մաշկը ապաստարան է, ես անտեսանելի այն դուռն եմ, որով եկել ես ու պիտի գնաս։ Այս բեկորները ոչ մի վիրահատություն չի կարող հեռացնել։ Հիմա պիտի ապրեմ այսպես՝ իմ վիճակին հարմարված։ Ու ամեն ինչ հիմա այնքան սովորական է, որ ցավի ու դադարի արանքում ես վախենում եմ, թե էլ չկամ։

- Ես ինչպե՞ս ցավազրկեմ արյունած ճանապարհդ...

Ձեռքը տանում է գրպանը, փոքրիկ կարմիր տոպրակներ է հանում ու դողդոջուն մատներով շարում մայթին։

- Ապրելով ու միայն այդպես։ Անդադար կրկնիր՝ ապ-րե-լով․․․ այնքան կրկնիր, որ հավատաս ու հավատացնես․․․ Գիտե՞ս, աղջի՜կս, ոչ մի գիշեր հավերժ չէ, ոչ մի խավար չի կարող երկար թաքցնել արդարության ծարավի աչքերդ, պարտությունը հայելի է, ուր կտեսնես անցած ճամփիդ սխալները, զուր վատնած ժամանակը եւ ամենը, ինչ պետք էր հաղթելու համար, ինչ կարող էիր, ինչ հնարավոր էր՝ թեկուզ պարտվելով էլ ամեն բան տանուլ չտալու համար, բայց չարվեց․․․ Ասա՛, աղջի՜կս, ո՞վ կբերի քեզ հավատի արթնացում, թե ինքդ չուզենաս ոտքդ վայր դնել հուսահատության քո ճոճքից ու նայել աշխարհին ուրիշ պատուհանից։ Երբ փլվում է տան պատը, մարդը չի քանդում ամբողջ տունը, չէ՞։ Նա շարում է քարը քարին, բայց այս անգամ պատուհանն ավելի մեծ է դնում, որ փարատվի սենյակի նախկին խավարը։ Հետո կնայես նոր բացվող օրվա փեղկերից ու կհասկանաս ինձ։ Խաղաղեցրու քո ներսում խռոված թռչունին․․․

Վերադարձիդ սպասումին չեմ ընտելանա երբեք, լքվածին խոստումները չեն ապրեցնում։ Հիմա կորցրել ես վախերիդ հաշիվը, գիտեմ, աղջիկս, ու երազելու մասին հիշում ես երանությամբ։ Վերցրու սպասումի վերադարձը տեսնելու սերմերը․․․ Խնամելու համար ձեռքեր են պետք, սիրտ է պետք, հավատարիմ, հավատարիմ սիրտ․ ես հավատում եմ քեզ․․․ Ամեն վերքիս մի հատիկ դնելով՝ պիտի սպասես․ տեսնես հավատի, սպասման, երազանքների վերադարձը։ Եվ երբ արմատ գցի ու բարձրանա, ու հենց ծիլը փակի պատռված վերքերս, սպիները փրկության օազիս կդառնան։ Չմոռանաս միշտ առաջ նայել, որքան աչքդ կտրում է՝ հույսով նայել, մարդկային խղճի տափաստանները կմաքրվեն հուսահատության փուշուտատասկից, ժամանակ է պետք․․․ Մենակ թե դու մնա ու քայլիր իմ ճամփաներով, աղջի՛կս․․․

- Ես ինչպե՞ս իմ ծանրութեթեւությամբ անցնեմ վերքոտ ճամփեքովդ․․․

- Ո՞ւմ համար են, ուրեմն, ճամփաներս, թե որ անոտնահետք պիտի մնան ու ամայի, թե որ որդիներդ չպիտի անցնեն ու քաղեն իմ գրկում արմատ գցած ծառերի պտուղը։ Հեռացումը փախուստ է, բայց ոչ ինքդ քեզնից․ անհնար է ուզած պահին  մարմինը թողնել ու հոգին տեղավորել ուրիշ մաշկի տակ, բայց այնքան հեշտ է փակել հարազատ տան դուռն ու գնալ, գնալ, գնալ, անվերջ հեռանալ միայն, բայց չհասնել ուրիշ տուն։ Այդպես միայն զղջումի ու մեղավորության մի հաստ շերտ է ավելանում տառապանքների ձնագնդին, ու քամիները, հեղեղները, աներկինք օրերը թափառումի անվերջանալի հորիզոններից գոյը շարունակում են քշել հողերով, ուր արմատ չունես․․․

Ծերուկը դանդաղ սրբում է աչքերը, հայացքը միշտ հեռուներում է, ուր հեռացածներն են։

- Ես ինչպե՞ս, ի՞նչ բառերով խոստանամ, որ ինձ հավատաս,-հողոտ ձեռքերը դնում եմ աչքերիս ու խաղաղվում եմ, ընդերքը գվվում է՝ օրրի՜մ, օրրի՜մ․․․ ասես մայրս է երգում։ Երանի՜, երանի՜ երգը չվերջանա․․․

Բայց ահա ծանրանում է լռությունը մի ճնշող սառնությամբ, եւ հողի արտաշունչը ծակծկում է մաշկս, աչքերս բացում եմ՝ մենակ եմ, ձյունը մանրիկ նստում է ձեռքերիս, սրտիս, լուսաբացի թաշկինակը սրբում է ինձ խեղդող սարսուռը։ Քամին էլ չի ցավեցնում։ Որքան աչքս կտրում է՝ առաջ եմ նայում ու նայում եմ հույսով ու տեսնում եմ նոր բացվող օրվա ճանապարհը։ Հողի վերքերը խնամելու ժամանակն է․․․

Ելնում եմ տեղիցս ու զգույշ քայլերով գնում եմ, գնում եմ, գնում եմ՝ ապ-րե-լու․․․ 
 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ