Սուրբ Պատարագին չես գնում, Տալլինի եկեղեցի՞ ես գնում

Որպեսզի հասկանաք, թե ինչ ուղղությամբ է Նիկոլ Փաշինյանը որոշել 2026-ի ընտրություններին հաղթել, ուշադիր հետևեք, թե ինչ գրառումներ են անում նրա յուրաքանչյուր ստատուսի տակ և ովքեր են գրառում անողները։ Վերջիններից վերցնեմ։ Ֆեյսբուքյան իր էջում Փաշինյանը գրում է․ «Այցելեցի Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի»։ Մեկը չկա ասի՝ Սուրբ Պատարագին չես գնում, Տալլինի եկեղեցի՞ ես գնում։ Գնում ես, որ ի՞նչ անես։ Չեն հարցնում, Աստված իրենց հետ, առաջ անցնենք։ Նիկոլը գիտի, որ նույն բանը շատերն են մտածում, հենց դրա համար փորձում է հասարականական կարծիք ստեղծել իր ֆեյքերի միջոցով։ Անուններ չեմ նշում, որովհետև դրանց բոլորի հետևում ինքն է։ Հրահանգ է իջեցնում, թե ինչ ուղղությամբ աշխատեն և աշխատում են։ Փողի խաթեր։ Նմանատիպ մի երկու գրառում մեջբերեմ․ «Տարբերվում են, չէ՞, Էստոնիայի ու մեր երկրի հոգեվորականները, մերոնց թողեք՝ մարդ կուտեն))))», «Մի օր չլսեցինք, որ Գարեգին Բ- ն սատարի խաղաղության օրակարգը» (Գարեգինը փոքրատառով է գրում), «Փաստորեն ռազմական հեղաշրջւմ երազող, առավոտից երեկո անիծող, քրեական հանցագործների կողքը կանգնող տերտերներից բացի կան սեր, խաղաղութոյւն, բարեկեցություն քարոզող հոգեվորականներ»։ Ֆեյսբուքյան իր էջի միջոցով եկեղեցու, մեր հոգևորականների նկատմամբ ատելություն է քարոզում, պառակտում է ուզում մտցնել եկեղեցու և ժողովրդի մեջ։ Դա իր համար շատ կարևոր է, բայց ավելի կարևոր է քաղաքական ենթատեքստը, որը Փաշինյանն արդեն հայտարարել է։ Գոնե այնքան «քթածակ ունենա» , որ իր նկարով ու Սարիկի ետնանկարով օգտատիրոջ միջոցով նույն բանը չասի։ Մտեք Փաշինյանի էջ ու կարդացեք օգտատիրոջ հրապարակումը՝ Նիկոլի ու Սարիկի նկարով․
«Հարգելի մեծարգո պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ջան հարգանքներս, Աստված Ձեզ Պահապան, Աստված ձեր ընտանիքին ու երեխաներին պահապան։ Ընդունեք օրենք, որ դրոշ այրելը ոչ միայն դատապարտվի այլ քրեականացվի եւ պատժվեն այն մարդիկ, ովքեր կփորձեն ինչ որ երկրում կամ Հայաստանի ներսում Ադրբեջանի կամ էլ Թուրքիայի դրոշ վառեն։ Դա վնասումա մեր երկրին եւ թշնամուն տալիս է հնարավորություն՝ սահմանամերձ գյուղերից կրակել մեր զինվորների վրա»։ Տեղեկացնեմ, որ գրառում անողները մեկ կամ մի քանի տողի մեջ տասնյակ կոպիտ սխալներ են թույլ տալիս։ Նման կերպ հրապարակելն ուղղակի ամոթալի է։ Դա ևս ցույց է տալիս, թե Նիկոլի համար գրագիտության ինչ մակարդակի տեր մարդիկ են աշխատում։ Հայ ժողովրդի պահանջն է՝ քրեականացնել ցեղասպանությունը ուրացողներին, կասկածի տակ դնողներին, Նիկոլ Փաշինյանի պահանջն է՝ քրեականացնել Ադրբեջանի նկատմամբ մի «թթու խոսք ասելը»։ Ինչևէ, Փաշինյանը միանշանակ որոշել է՝ ընտրության գնալ ու խաբել ժողովրդին կեղծ խաղաղության թեզերով, հլու- հնազանդ ենթարկվել Ադրբեջանի հետագա պահանջներին և Հայաստանը կանգնեցնել նույն փաստի առաջ, ինչի առաջ կանգնեցրեց Արցախը։ Ու դրա միակ խանգարող հանգամանքը տեսնում է Եկեղեցու մեջ ու, ինչպես մնացած կառույցները, հենասյուները, Եկեղեցին ևս քանդել է ուզում բառիս ուղղակի և անուղղակի իմաստով։
Կարծիքներ