Ինչու՞ էր Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականին նշանակել իր գլխավոր խորհրդական

Ինչու՞ էր Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականին նշանակել իր գլխավոր խորհրդական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքից ազատել է իր 2 խորհրդականներին՝ Արամ Ղարիբյանին եւ Արսեն Գասպարյանին: Մամուլը  հետաքրքիր մոտեցում է դրսևորում։ Ոնց որ հայտնագործություն արած լինի, որ Արամ Ղարիբյանը 2011- 2018 թվականներին եղել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավոր  խորհրդականը։ Այդ փաստն են թմբկահարում՝ բա տեսա՞ք՝ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի նախկին գլխավոր խորհրդականին ազատեց աշխատանքից։ Հիշեցվում է նաև, որ կառավարությունը 2014 թվականի մայիսի 29-ի նիստում թույլատրել է  «Արմյանսկիյ ուրաժայ» ընկերության կողմից, որը պատկանում է Ղարիբյան եղբայրներին,  ներմուծվելիք 3,66 մլրդ դրամի ապրանքների գծով հաշվարկված ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգումը մինչև 2017թ. մայիսի վերջ։ Է՜, հետո՞․․․ Էլ բա՞ն չկա հիշեցնելու, թե՞ գուգլի հնարավորություններին եք կասկածում։ Ընդ որում 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը նրան հասցրել էր նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական։

Երբ Արամ Ղարիբյանը 2018 թվականի հունիսի 8-ին ստանձնեց վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը, Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ՞ր, որ նա եղել է Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը կամ նրա շուրջ ֆինանսական ինչ թեմաներ են շրջանառվում։ Որ գրում էին` 2018 թ. հունիսի 8-ից Արամ Ղարիբյանը  նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի  գլխավոր խորհրդական, ո՞վ էր նշանակողը։ Թե՞ վարչապետը եկել էր մի այլ մոլորակից ու չգիտեր, թե ով ով է։ Նշանակման տարին անցավ, նոր իմացա՞վ, որ Արամ Ղարիբյանը  Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականն է եղել։ Ու դա՞ պատճառը, որ նրան ազատել է աշխատանքից։ Այդ դեպքում ինչու՞ է ընդունել աշխատանքի։

Այնպես որ ոչ թե թմբկահարեք, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականին կամ ինչպես գրում եք «միլիարդատիրոջը» ազատել է աշխատանքից,  այլ հարցրեք՝ թե ինչու՞ էր Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին գլխավոր խորհրդականին նշանակել իր գլխավոր խորհրդական։ Գաղտնիքը Սերժ Սարգսյանի խորհրդականին իր գլխավոր  խորհրդական նշանակելն էր, այլ ոչ թե աշխատանքից ազատելը։  Սկիզբն է, հետո՝ ավարտը։ Դուք ավարտից մի սկսեք։