Իրական հաղթանակի խորհրդանիշը

Իրական հաղթանակի խորհրդանիշը

Որպեսզի «սերգոջաներն» ու նրանց «պապաները» լավ ապրեն՝ հայրենիք ու պետություն ունենալու կարիք չունեն: Նրանք լավ կապրեն ամենուրեք՝ թեկուզ թշնամու երկրում: Որպեսզի ազգային արժանապատվություն ունեցող մարդիկ լավ ապրեն՝ նրանք կարիք ունեն հայրենիքի և պետության: Եվ եթե այդ պետությունը գտնվում է թշնամական շրջապատում՝ այն պաշտպանելու պարտավորություն ունեն: Դա նշանակում է, որ նրանք պետք է պատրաստ լինեն պատերազմելու և թշնամուն հակահարված տալու՝ երբ վերջինս ոտնձգություն անի պետության սահմանների նկատմամբ: Դա հենց նշանակում է հաղթանակ՝ հաղթանակ թշնամու դեմ: Այդպիսին է եղել մարդկային պատմությունը, այդպիսին է շարունակվելու այն՝ քանի դեռ գոյություն ունեն ազգերն ու ազգային պետությունները: 

Պատմությունը մեզ ցույց տվեց, որ երբ մենք պարտվում ենք՝ կորցնում ենք մեր հայրենիքը մաս առ մաս: Այդպես եղավ Արևմտյան Հայաստանի դեպքում, 100 տարի առաջ էլ այդպես եղավ Արևելյան Հայաստանի դեպքում: Պատմությունից մենք գիտենք, որ լինում են ավելի դաժան պարտություններ, որոնց արդյունքում երկրներ և նույնիսկ քաղաքակրթություններ են կործանվում: Օրինակ՝ շումերների քաղաք-պետությունները, հին Եգիպտոսի պետությունը, ինկերի ու ացտեկների կայսրությունները և մայաների քաղաք-պետությունները և այլն: Սակայն մենք չկործանվեցինք ու շարունակեցինք ապրել մեր հողի վրա: Եվ 26 տարի առաջ նույնիսկ վրեժ լուծեցինք մեր թշնամուց՝ պարտության մատնելով նրա եղբայրակից արևելյան թուրքին: Սակայն երեք ու կես տարի առաջ մենք մեծագույն սխալ գործեցինք ու իշխանության բերեցինք թերի գրագիտությամբ, ինքնասիրահարված մեկին, որն անցյալ տարի փոշիացրեց 26-ամյա մեր հաղթանակը:

Եվ որպեսզի անցյալ տարվա մեր պարտությունը չվերածվի հենց վերը նշված ժողովուրդների պարտության, մենք պետք է առաջին հերթին հաղթենք հուսահատությանը, հաղթենք անելանելիությանը, հաղթենք ճակատագրին, հաղթենք մահվանը: Այդ հաղթանակներով զինված՝ մենք այնուհետև պետք է հաղթենք ուրիշներին: Սակայն ոչ թե ընդհանրապես ուրիշներին, այլ մեր թշնամիներին, որոնք ցանկանում են մեր մահը: Նրանց, ովքեր մեզ զրկել են մեր հայրենիքի մեծ մասից, ովքեր 106 տարի առաջ կոտորել են մեր ազգակիցներին: Այդ հաղթանակը պետք է լինի պարտադիր, քանի որ նրանք չպատժվեցին, չընդունեցին իրենց հացագործ լինելը:

Ու շարունակեցին ցեղասպանել մեր ագակիցներին 1915 թվականից հետո էլ: Նրանց պետք չէ «մեր պատմության նոր դարաշրջանի մեկնարկը, խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկը»: Նրանց պետք է ոչ թե մեր խաղաղասիրությունը, այլ մեր չգոյությունն այս տարածաշրջանում: Ինչո՞ւ: Որովհետև մենք սեպի պես խրված ենք նրանց միջև (նայե՛ք քարտեզին) ու խանգարում ենք նրանց միավորմանը: Խանգարում ենք թյուրքախոս մեկ ժողովուրդ երկու պետության միավորմանը մեկ պետության կազմում: 

Նման պայմաններում ճշմարիտ ճանապարհ է ոչ թե «սխալվելու վճռականությունը», այլ ընդհակառակը՝ չսխալվելու վճռականությունը: Որպեսզի մենք շարունակենք ապրել մեր պապերի երկրում և ոչ միայն գոյատևենք, այլև զարգանանք ու հզորանանք: Հզորանանք այնքան, որ կարողանանք թշնամուց ազատագրել մեր պապերի ողջ երկիրը՝ պարտադրելով նրան խաղաղություն: Այո, միայն այդ դեպքում մենք կունենանք մեր պատմության նոր դարաշրջանը, խաղաղ զարգացման դարաշրջանը: Որովհետև պատմությունը ցույց է տվել, որ թշնամական շրջապատում գտնվող ազգը պետք է միշտ պատրաստ լինի պատերազմի (ինչպես, օրինակ, Իսրայելը):

Եվ պատերազմ ծագելու դեպքում պատրաստ լինի հակահարված տալ և պարտության մատնել թշնամուն: Եվ ոչ թե ծնկել նրա առաջ՝ ինչպես դա տեղի ունեցավ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, և պատերազմի սարսափների ու ողբերգականության հետ միասին կրի նաև հաղթանակած թշնամու նվաստացումները: Եվ այդ դեպքում Երևանի բուսաբանական այգում կունենանք արցախյան բոլոր պատերազմների բոլոր զոհերի կենդանությունը խորհրդանշող Կենաց պուրակը՝ կենտրոնում Կենաց ծառով: Դա զոհերի մասով, իսկ ապրողների համար կունենաք Արցախը ներառող Հայաստանը: Եվ հզոր,  զարգացող ու խաղաղ հայոց պետականությունը կդառնա մեր երազած ԻՐԱԿԱՆ հաղթանակի խորհրդանիշը: