Եվս քանի՞ ամիս

Եվս քանի՞ ամիս

Կա՞ մարդ մեզանում, որը կարծում է, թե արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգելը քաղաքական դրդապատճառներով չէ պայմանավորված, այլ կորոնավիրուսի դեմ պայքարով։ Կա՞ մարդ, որ կարծում է, թե եւս մեկ ամսով ԱԴ-ն երկարաձգելը նպաստելու է համավարակի դեմ պայքարին։ Ակնհայտ է, որ ԱԴ-ն ոչ մի լրացուցիչ լծակ չի տրամադրում կորոնավիրուսի դեմ պայքարի առումով։ Դիմակների, ձեռնոցների, բուժհաստատություններում նոր մահճակալներ ավելացնելու եւ մյուս բոլոր միջոցառումները, եթե դրանք անգամ ձեռնարկվում են, որեւէ կերպ չեն առնչվում ԱԴ-ի դրույթների հետ, եւ չկա բան, որը հնարավոր չէր անել ԱԴ-ի ավարտից հետո։ Հակառակը՝ ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են համոզվում, որ գործող կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում այս աղետի դեմ պայքարելու համար։ Ավելին՝ պատասխանատվությունը դրել են քաղաքացիների եւ հասարակության վրա ու ներկայացնում են, որ մենք ենք մեղավոր, եթե հիվանդանում ենք եւ անգամ՝ մահանում, ինքը՝ կառավարությունը, չունի այլ անելիք, քան դիմակներ ու զգուշություն ներշնչելն է եւ հայտարարելը, որ ձեր փրկությունը ձեր իսկ ձեռքերում է՝ հույս չդնեք իշխանությունների վրա։

Իսկ լսելով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթն ԱԺ-ում՝ ԱԴ-ն երկարաձգելու հետ կապված, որտեղ նա փորձում էր ներշնչել, որ այս իրավիճակը երկար է տեւելու, եւ մենք պետք է պատրաստ լինենք վատագույն սցենարին, կարելի էր եզրակացնել, որ արտակարգ դրությունը մեզանում կարող է պարզապես չավարտվել՝ անվերջ երկարաձգվելով։ Մանավանդ 88 հոգանոց խմբակցությունով եւ իշխանությունների ցանկացած անհեթեթության հետ համաձայնող խորհրդարանական ընդդիմությամբ հավերժ կարող են երկարացնել արտակարգ դրությունը՝ յուրաքանչյուր ամիս 1 արտահերթ նիստով դակելով Նիկոլ Փաշինյանի որոշումը։