Կալանավորվածը Սյունիքի զորակոչի բաժնի պետ Սմբատ Դադոյանն է

Մոտ մեկ ամիս առաջ իր աշխատասենյակից բերման ենթարկված, այնուհետեւ կալանավորված ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի զորակոչի բաժնի պետ Սմբատ Դադոյանն է։ Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կաշառք ստանալու համար ձերբակալվել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան։ Սմբատ Դադոյանին կասկածում են մոտ 23 հազար ԱՄՆ դոլարի դիմաց վերջին մեկ-երկու տարում զորակոչի ենթակա երիտասարդներին զինծառայությունից ազատելու մեջ։ Ըստ նախաքննության մարմնի եւ մեր աղբյուրի փոխանցած տվյալների՝ Դադոյանը կեղծել է զինակոչիկների առողջական վիճակի մասին տվյալները՝ համագործակցելով բժկական հաստատությունների եւ բժիշկների հետ։
Ըստ օգոստոսի 15-ի հայտարարության՝ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ս. Դ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի պետի պաշտոնը, զորակոչիկի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար վերջինիս հորից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 23 հազար ԱՄՆ դոլար կաշառք:
Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևանի բնակիչ Գ. Հ.-ն, 2023 թվականի ամռանը զորակոչման ենթակա որդուն կաշառքի դիմաց մտացածին հիվանդության հիմքով զորակոչին ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ վերը նշված պաշտոնատար անձի հետ: Իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Գ. Հ.-ն Ս. Դ.-ի հետ համաձայնեցված միջոցներ է ձեռնարկել, որոնց արդյունքում Երևանում բնակվող Գ. Հ.-ի որդին ձևական հաշվառվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքում՝ այդպիսով ընդգրկվելով Ս. Դ.-ի ղեկավարած զորակոչի բաժանմունքի սպասարկման տարածքում: Այնուհետև, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՊՆ պաշտոնատար անձ Ս. Դ.-ն, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Գ. Հ.-ի որդու օգտին վերը նշված ապօրինի գործողությունն իրականացնելու համար 2023 թվականի մայիսի 21-ին Գ. Հ.-ից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 8 միլիոն 887 հազար ՀՀ դրամին համարժեք 23.000 ԱՄՆ դոլար կաշառք: ՊՆ պաշտոնյան և վերջինիս կաշառք տված անձը 02.08.2023 թվականին ձերբակալվել ու ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Նույն օրը նրանց մեղադրանք է ներկայացվել համապատասխանաբար՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու համար: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որոնք բավարարվել են»:
Կարծիքներ