Իշխանությունն էլ է պատրաստվում պարտիզանական պայքարի

Իշխանությունն էլ է պատրաստվում պարտիզանական պայքարի

Պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը եւ պատգամավոր Սիփան Փաշինյանն առաջարկում են ոստիկանությանն էլ գաղտնալսման իրավունք տալ։ Այդ նպատակով նախագիծ է ներկայացվել «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքում:

Գործող օրենսդրությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք է վերապահում բացառապես ԱԱԾ-ին։  Ուշագրավ է, որ կառավարությունը, ի դեմս արդարադատության նախարարության, դեմ է փոփոխությանը։ Պատգամավորները գործադիրի համար «բացատրական» դասընթացներ էին նախապատրաստել։ Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հիշեցրեց, որ ոստիկանությունը նախկինում ուներ նման իրավունք, բայց շատ խորհրդանշական ժամանակահատվածում նրան զրկեցին այդ գործառույթից: «Հայտնի փոփոխությունը կատարվել է 2007թ. հոկտեմբերին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդամենը 1 ամիս առաջ հայտարարել էր նախագահի թեկնածու առաջադրվելու մասին։ Եվ Սերժ Սարգսյանը, որն արդեն ՀՀԿ-ն համալրել էր իր քրեական ընկերներով, օլիգարխներով, անհրաժեշտ էր համարել, որ ամբողջ տեղեկությունները հավաքեր իր բռում՝ ԱԱԾ-ում, և դրանով ոստիկանությանը զրկեց գաղտնալսելու և փոխզսպումների հայտնի այդ հնարավորությունից»,- ասաց Բաբաջանյանն ու ընդգծեց, որ  նախարարության վերապահումն այս պահին անհասկանալի է. «Կոչ եմ անում կողմ քվեարկել և հորդորում եմ արդարադատության նախարարությանը բարեփոխումներին տեմպ տալ, արագացնել»:

«Կառավարությունը չի ասում «ոչ», այլ ասում է, որ հատվածական կարգավորմամբ ոստիկանությունն այսօր չի կարող ունենալ գաղտնալսման ինքնուրույն կազմակերպման հնարավորություն: Ասում եք, թե ոստիկանությունը չունի գաղտնալսելու հնարավորություն: Ունի, բայց ինքնուրույն կազմակերպման հնարավորությունն է բացակայում, որն ապագայում հնարավոր է ունենա միայն համալիր կարգավորումների արդյունքում: Առանց բարեփոխված ոստիկանություն ունենալու՝ տեղեկատվության արտահոսքի ռիսկերը գնահատե՞լ եք»,-պատասխանեց փոխնախարար Սրբուհի Գալյանը: Փոխնախարարը հավելեց, որ նախատեսում են գաղտնալսման հնարավորություն տալ նաեւ Հատուկ քննչական ծառայությանը՝ խոշտանգման դեպքերի բացահայտման նպատակով:

Օրինագծի հեղինակ Արմեն Խաչատրյանն էլ փոխնախարարին կոչ արեց չհապաղել, քանի որ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ծրագրում ինքը չի տեսել խնդրի լուծումը. «Փաստ է, որ խնդիրը կա, եւ օր առաջ պետք է լուծում տալ: Հեծանիվ հնարելու կարիք չկա»: Նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն էլ ակնարկեց՝ եթե մեր երկրում ԱԱԾ պետին են գաղտնալսում, էլ ի՞նչ արտահոսքի մասին է խոսքը:

Անդրանիկ Քոչարյանն էլ ողջունեց՝ ճիշտ պահին է նախագիծը ներկայացվել։ «Այն լրացնում է ոստիկանության գործիքակազմը, ինչն այսօրվա պարտիզանական գործողությունների ֆոնին շատ կարեւոր նախաձեռնություն է»,-ասաց նա՝ չթաքցնելով, որ իշխանությունը նոր «գործիքը»   կիրառելու է  քաղաքական հակառակորդների դեմ։

«Պատահական չէ, որ դեռեւս 2007թ.-ին Ոստիկանությանը զրկեցին նման հնարավորություն ունենալուց, եւ 2008թ.-ին տեղի ունեցավ Մարտի մեկը…»,- շարունակեց Անդրանիկ Քոչարյանը: «Վերջերս շրջանառության մեջ հայտնվեցին անվտանգության ծառայության գեներալ-մայոր Տիգրան Բաղդասարյանի նախաքննական խոստովանական ցուցմունքներն առ այն, որ Մարտի մեկի գործով անվտանգության ծառայության մարմինները կեղծել են փաստաթղթեր, եւ եթե այդ ժամանակ Ոստիկանությունն ունենար նշյալ գործառույթը, համոզված եմ, որ նման կեղծիքներն անհնար կլինեին: Այսօր այս նախագծով առաջարկվում է դա»:

Ասաց նաեւ, թե պետք է ուսումնասիրվի նախկինում օլիգարխների կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկման տեխնիկական միջոցների ձեռքբերման գործընթացը․ «Իմ կողմից մի քանի անգամ հնչեցվել է, որ այդ թվականներին գոնե Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի կողմից ձեռք էին բերվել նման տեխնիկական միջոցներ, որը դրվել էր կիրառության մեջ՝ համոզված եմ նաև այն ժամանակվա քաղաքական ղեկավարության համաձայնությամբ կամ թողտվությամբ: Այսօր էլ այս ամբիոնից կոչ եմ անում, որ ոչ միայն ուսումնասիրվի այդ թվականներին նման տեխնիկական հնարավորությունների ապօրինի ձևավորած կառույցների գործունեությունը, այլ նաև այն օլիգարխներին, որոնք նման հնարավորություն էին ստեղծել՝ իրենց թիկնազորային կառույցների մեջ ներգրավելով մասնագետների, որոնք նախկինում աշխատել են այդ ծառայություններում»։ Ընդդիմադիրները բավականին զուսպ էին այս քննարկման ժամանակ, ելույթ ունեցավ միայն Միքայել Մելքումյանը, ով որոշակի հարցերի վերաբերյալ պարզաբանումներ էր պահանջում։