Նիկոլ, բարով մաշես․․․

Նիկոլ, բարով մաշես․․․

Դեռ ինչ որ բան պակասում է, որ 1937 թվականը լիակատար լինի։ Ու այդ ինչ որ բանը  Կառավարությունը լրացրեց։ Կառավարության որոշմամբ՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվեց փաստաբան Սեդա Սաֆարյանը։

Փաստաբանի շնորհակալական խոսքն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին՝ դուք չեք զղջա ինձ այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու համար։ Եթե չասեր էլ, հանրությունը տեսել է նրա «բոլոր արժանիքները» ու համոզված է, որ նա կլծվի իշխանության կողմից  «ժողովրդի թշնամիներին» ցմահ աքսորի դատապարտելու ու գնդակահարելու անխոնջ գործին։ Եթե չասեր էլ, բավական է հիշել, որ նա խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցակի 3-րդ համարն է եղել, որպեսզի պարզ լինի, թե նա ինչ կարգի ծառայություն է մատուցելու։ 

Կարծում եմ՝  որ Սեդա Սաֆարյանը վաղուց է իր փաստաբանական գործառույթից դուրս եկել  և ՀՔԾ-ին ուղղված կոչեր հնչեցրել «որոշ մարդկանց արժանի գնահատական տալու վերաբերյալ»: Արցախցիների նկատմամբ նրա անթաքույց ատելությունն էլ ևս մի արժանիք է, որը չէր կարող չգնահատել իշխանությունը։ Մնում է շնորհավորել կառավարությանն իր հագով թեկնածու առաջադրելու հարցում ու ասել՝ Նիկոլ, բարով մաշես․․․